կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 18:34
Հասարակություն

Եղբայրական գերեզման են սարքել բուժհաստատությունների նկուղները․ բժիշկ Գրիգորյանը՝ զոհվածների դիերը թաքցնելու մասին

7 ամիս անց դիերի փորձաքննությունը կա՛մ ավարտված չէ, դրա համար են պահում, կա՛մ ավարտված է, եւ դիտավորյալ թաքցնում են։ Անմարդկային է զոհվածների ծնողների նկատմամբ, անմարդկային է մեր հերոսների նկատմամբ, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով զոհված տղաների դիերը պատերազմից 7-8 ամիս անց թաքցնելու փաստին։

«Այս մարդիկ սրբություն չունեն։ Մենք խոսում ենք հերոսներից, հայրենիքից, նրանք եղբայրական գերեզման են սարքել բուժհաստատությունների նկուղները»,- ասաց նա։

Նշենք, որ երեկ տարածվեցին Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանի լուսանկարներ՝ հատակին զոհված զինվորների մարմիններ՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթված։

«Նրանք չեն խորշում խաբել մարդկանց։ Փաշինյանն ընդունում է զոհվածների ծնողներին, լոլոներ է կարդում, լոլոներ է պատմում, իսկ իրականությունն այն է, որ տղերքի դիերը իրենք թաքցրել են։ Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում հերոսների դիերը անարգելու համար, ներողությունով հո չի՞, ներողությունը պետական կառավարման գործիք չէ։ Նրանք դեռեւս թաքցնում են մեր զոհերի իրական թիվը, զոհվածների ինքնությունը, եւ այս մասին բարձրաձայնում էին լրագրողները, բժիշկները, զանազան քաղաքական գործիչներ»,- ասաց բժիշկը՝ շեշտելով՝ կառավարության եւ առողջապահության նախարարության մոտեցումն անընդունելի է, պետք է զանգվածային հրաժարականներ ու պատժվող մարդիկ լինեն։

Ըստ Գրիգորյանի՝ 7-8 ամիս անց, եթե չեն պահպանվել սառնարանային պայմանները, հայտնաբերված դիերն արդեն նեխման ակտիվ փուլում են։ «Շատ հնարավոր է, որ նույնիսկ բուժաշխատողները վախենան տոպրակները բացել, որովհետեւ դիերը հիվանդություններ կարող են իրենց մեջ պարունակել։ Վտանգավոր է այդ տոպրակները բացելը, եթե դիերը չեն պահպանվել սառնարանային պայմաններում»,- ասաց բժիշկը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան