կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-16 14:08
Հասարակություն

Բժիշկ-ազատամարտիկը անվճար բուժում է զոհվածների հարազատներին (մուլտիմեդիա)

Բժիշկ-ազատամարտիկը անվճար բուժում է զոհվածների հարազատներին (մուլտիմեդիա)

Ամեն տարի մայիս ամսին «Երեւան» բժշկական կենտրոնը ակցիա է նախաձեռնում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: Դրանց շրջանակներում զոհվածների հարազատները կարողանում են բժշկական կենտրոնում ստանալ անվճար բուժօգնություն` հիվանդանոցի մատուցած բուժծառայությունների ամբողջական սպեկտրով: Բազմապրոֆիլ բուժսպասարկում է իրականացվում հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում` սկսած սրտաբանական, անոթային բուժսպասարկումից մինչեւ վիրահատություններ:

 

Սեղմե'ք` լուսանկարները տեսնելու համար:

 

 

«Ամեն տարի ապրիլ ամսին զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները զանգահարում եւ հերթագրվում են: Մենք օր ենք նշանակում, եւ այդ օրը գալիս են բուժսպասարկման` իրենց հետ բերելով անձնագրի պատճենն ու զոհվածի փաստաթուղթը»,- ներկայացրեց «Երեւան» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, բժիշկ Հակոբ Բալայանը:

 

Նա պատմեց, որ արդեն հինգերորդ տարին է` սկսած 2009 թվականից, ինչ այս ակցիան իրականացվում է: Եվ ամեն տարի ակցիայից օգտվում է զոհվածների` միջինը 550 հարազատ: Ակցիան տեւում է մեկ ամիս` մեկնարկում է մայիսի 2-ից, բայց առանձին` անհրաժեշտության դեպքում բուժսպասարկումն իրականացվում է նաեւ հունիսին:

 

Ակցիան բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանի մտահղացումն է: Երբ մենք այցելեցինք բուժկենտրոն` անձամբ տեսնելու, թե ինչ ակցիա է դա եւ ինչպես է ընթանում, բժիշկ Տոնոյանը հենց նոր էր վիրահատարանից մտել իր աշխատասենյակ: Հենց նա էլ բացատրեց, որ ակցիան հատկապես մայիս ամսին է անցկացվում, քանի որ մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Նաեւ պատմեց, որ ակցիան իրականացվում է իր գլխավորած բուժհիմնարկի բժիշկների միջոցներով, երբեմն` որոշ բարերարների ու հովանավորների աջակցությամբ: Տարոն Տոնոյանը նշեց, որ առաջին տարին դեղորայքի ու բուժպարագաների ձեռքբերման հարցում իրենց օգնել էր Շենգավիթի թաղապետարանը, իսկ դրանից հետո` ՀՅԴ-ն:

 

 

Մենք բժիշկ Տոնոյանի աշխատասենյակից դուրս եկանք միասին, երբ նրան հրավիրում էին երկրորդ վիրահատությանը: Իսկ երբ արդեն դուրս էինք գալիս բժշկական կենտրոնից եւ ցանկացանք նրան հրաժեշտ տալ, արդեն երրորդ վիրահատությունից էր վերադառնում:

 

 

Բուժօգնություն ստացած անձանց թիվն` ըստ տարիների. ՍԵՂՄԵ’Ք, տեսնելու համար.