կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 17:49
Քաղաքական

Փաշինյանը վախենում է, որ իրեն կոչնչացնեն հենց թուրքերը․ գրականագետ

Փաշինյանը թուրքի հետ ունի ներքին պաւյմանավորվածություն, նա վախենում է, որ իրեն կոչնչացնեն հենց թուրքերը․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, գրականագետ, ՀՊՄՀ հայ գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը։

«Ինչպե՞ս կարելի մի քանի կոպեկ տալ  ինչ-որ կասկածելի կնոջ, նա, բերան պատռելով, ժողովրդի մեջ տարածի, թե Շուշին, Արցախը ադրբեջանական հողեր են։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում այս ամենը։ Ղեկավարին այդպես ստրկամտորեն կարելի՞ է ծառայել։

Անընդհատ մեղքը գցում են նախկինների վրա։ Նախկինները հայոց լեզվի, հայ գրականության, մեր սուրբ Էջմիածնի, հայ ժողովրդի պատմության դեմ ոչ մի արշավ չեն սկսել։ Հենց այստեղից էլ երեւում է, որ այս իշխանությունը թուրքի պատվեր է կատարում։ Մեծ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ Փաշինյանը վաճառված է։ Ծիծաղելի է ուղղակի՝ նրա կինը վիզը ծռած խաղաղություն էր մուրում։ Նիկողայոս Ադոնցն ասում է․ «Թուրքին հավատալ, նրա հետ խաղաղություն կնքել՝ նշանակում է՝ եկ եւ կեր ինձ»։ Ադոնցն ապացուցեց, որ Տիգրան Մեծի ժողովուրդը թուրքի առաջ չպետք է երբեք խեղճանար, իսկ մենք ինչո՞ւ ենք այսքան խեղճացել, ինչո՞ւ ենք այսքան արհամարհում ազգայինը։ Չեք պատկերացնում, թե որքան ծանր է լսել, թե ինչպես է Ալիեւը ասում՝ «մունդառ արմենի» այսինքն՝ կեղտոտ հայեր։ Այն մարդիկ, որոնք Փաշինյանին համակրում են, երդվում են, կեղծ բառեր են ասում, քծնում, մի՞թե Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» չեն կարդացել»,- ասում է գրականագետը։

Աելիտա Դոլուխանյանն ապրում է Խորենացի փողոցում։ Մարտի 1-ի դեպքերն է վերհիշում, ասում է՝ Փաշինյանը գոռում էր՝ ջարդել, փշրել, ղարաբաղցիները օտարներ են, լինելով գլխավոր դերակատարը՝ մեղքն ուրիշների վրա է գցում։ «Իմ տան մոտակայքում է եղել, շենքը ցնցվում էր։ Գլխավոր դերակատարն ինքն էր, Ռոբերտ Քոչարյանի վրա բարդեց։ Տեսնելով, որ Արցախում հաղթած հերոսներին ոչնչացնում են, թշնամին ոգեւորվեց։ Սա ագիտացիա է, որն իրականացրեց Փաշինյանը՝ թշնամու օգտին։ Ժողովուրդն ասում է՝ եթե գողը տնից է, եզը երթիկով կհանեն․ երկրի ղեկավարը թուրքերի կամքն է կատարում»,- ասում է նա։

 Անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Դոլուխանյանը նշում է, որ եթե ընտրությունների ժամանակ լցոնումներ չանեն, շատ համակիրներ կունենա Ռոբերտ Քոչարյանը։ «Նա խիզախ, հայրենասեր մարդ է։ Խորհրդային տարիներին էլ, անկախության շրջանում էլ տեսել եմ Հայաստանի վիճակը։ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսությունը վերելք ապրեց։ Ուսուցչի աշխատավարձը կտրուկ բարձրացավ։ Նա իմ բարեկամը չէ, ես իմ երկրի մասին եմ մտածում, չի կարող լինել Հայաստան՝ առանց հողի, մի թիզ անգամ չի կարելի տալ։ Փաշինյանը տալիս է ամբողջ հայրենիքը»,- ասում է գրականագետը և շեշտում՝ Հայաստանն էլ հիմա չկա, եթե երկրի ղեկավարը խոսում է մեր երկու ոխերիմ թշնամիների հետ։

 «Փաշինյանի բերանով խոսում են Իլհամ Ալիեւը եւ Էրդողանը, ոչ մի տարբերություն չկա նրանց խոսքերի մեջ։ Մարզերում այնպիսի ոգեւորությամբ է խոսում, կարծես՝ Հուլիոս Կեսարը՝ «Եկա, տեսա, հաղթեցի»։ Հենց սկզբից ես չեմ ոգեւորվել Փաշինյանով։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հայրենասեր մարդիկ են։ Ո՞վ չունի թերություն, բայց նրանք հայրենիքը երբեք չէին վաճառի։

Երբ իմացա, որ ԱԺ-ում 27 հոգուց ավել իր կուսակցությունից մարդ է ավելացնում, որոնք դեկանից, գիտնականից, դպրոցի տնօրենից, ուսուցչից 4-5 անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, որոնց դեռ 2 հոգի էլ սպասարկում է, ապշեցի։ Հարց եմ տալիս՝ խելացի առաջնորդը նման քայլի կգնա՞ր։ Այդ օրը արդեն այս օրը տեսա»,- ասում է մտավորականը եւ նշում՝ մի երկու բառ անգլերեն իմանալ՝ դեռ չի նշանակում խելացի լինել։

Ըստ նրա՝ այս իշխանությունները հայ ժողովրդի պատմությունը չգիտեն եւ ամենամեծ խնդիրը հենց սա է։ «Եթե ԱԺ պատգամավորը Շուշի քաղաքը ասում է՝ Շուշա, եւ ասում է, որ այն ադրբեջանական է։ Քաղաքը Ադրբեջանին տվել է Լենինը, հետո՝ Ստալինը։ Բայց Շուշին եղել է Անդրկովկասի երրորդ մշակութային կենտրոնը՝ հայկական կենտրոնը»,- ասում է գրականագետը՝ ցույց տալով ֆրանսիացի հայագետների աշխատությունը, որում մասնագետները ապացուցում են, որ ե՛ւ Արցախը, ե՛ւ Շուշին, ե՛ւ Մեծ Հայքը հայկական են։ Նրանք նաեւ ցավով նշում են, թե ինչպես երիտթուրքերը բնաջնջեցին հայերին՝ վերցնելով նրանց հայրենիքը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան