Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կյանքի 82-րդ տարում վախճանվեց ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի թոռը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքից և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից:
Հասմիկ Աբեղյանի հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 9-ին` ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 10-ին Կորյունի 6 ա շենքից, ժամը 13:00-ին:
«1959թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, Հասմիկ Աբեղյանն աշխատանքի է անցնում Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնում՝ իր մասնակցությունը բերելով Ռաֆայել Պատկանյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Մանուկ Աբեղյանի երկերի լիակատար ժողովածուների գիտական հրատարակությանը:
1973թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանում «Ավետիք Իսահակյանը և ժողովրդական էպոսը» թեմայով:
1980-ական թվականներից Հասմիկ Աբեղյանը ամբողջապես նվիրվում է Հովհաննես Թումանյանի 10 հատորով երկերի լիակատար ժողովածուի կազմման աշխատանքին, որի ավարտից հետո մասնակցում է Թումանյանի կյանքի և ստեղծագործության քառահատոր տարեգրության կազմմանը:
Բնությունը նրան օժտել էր նաև դերասանական ձիրքով: 1960 թվականից լինելով թատերական գործիչների միության անդամ, մոտ երեք տասնամյակ Հայկական հեռուստատեսության մանկապատանեկան հաղորդումների բաժնում և «Հայֆիլ» ստուդիայում մասնակցել է տարբեր դերերի ձայնագրմանը և հայկական ֆիլմերի ու մուլտֆիլմերի հայերեն կրկնօրինակմանը, որոնցից հայտնի է հատկապես «Պինգվին Վինը»:
2015թ. լույս տեսավ նրա ստեղծագործական անցած ուղու հանրագումար «Օրերս ինձ հետ են» հուշագրությունը, իսկ 2017թ. «Համբուրգյան մտորումներ»՝ Գերմանիայից ստացված տպավորությունների գրքույկը:
Հասմիկ Աբեղյանը կյանքից հեռացավ որպես պատգամ թողնելով գիտության աբեղյանական ավանդները և չափանիշները»,- նշված է հաղորդագրության մեջ: