Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանը ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային, քանի որ Աստված ասում է` սուտ մի' խոսիր, սուտ վկայություն մի' տուր, իսկ նա ճիշտ հակառակն է անում. այսօր լրագրողներին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Ըստ նրա` Աթեշյանը զբաղվում է խարդախությամբ, և նա եկել է` համալրելու ազգային դավաճանների շարքը:
«Ես համոզված եմ՝ «Նեմեսիս»-ը դեռ պետք է շարունակվի, Աթեշյանով պետք է զբաղվեն «Նեմեսիս»-ի նոր անդամները: Նա, կարծում եմ, կա'մ ինքնասպան կլինի, կա'մ ուղղակի կվերանա: Ինձ մի հարց է շատ հետաքրքրում` 1915-ին ո՞ւր է եղել նրա ընտանիքը, ինչո՞վ են զբաղվել: Ստացվում է, որ ամենևին էլ պատահական չէ, որ նման մարդու քույրն իսլամ է ընդունել»,- ասաց գրականագետը:
Նա նշեց նաև, որ մեր դիրքորոշումը պետք է շատ խիստ լինի, քանի որ դրսում ապրող հայերը, դռնեդուռ ընկած, անում են ամեն ինչ, որ մի երկիր էլ ճանաչի Ցեղասպանությունը, բայց, փաստորեն, մեր ներսում իսկ կան մարդիկ, որոնք ուղղակի դավաճանում են մեզ:
Գասպարյանի հավաստմամբ` ճիշտ է, եկեղեցին նման դեպքերում չունի կարգալույծ անելու օրինակներ, բայց առանձին դեպքերում պետք է բացառություններ անել: «Նա արդեն մեր թշնամիների, ազգուրացների շարքում է, և ես չեմ ընդունում արդարացումը, թե հայ համայնքի համար է նման քայլի գնացել ու Էրդողանին նամակ գրել: Չմոռանանք, որ Թուրքիայում Դինքի պես մարդ ունեինք, Կարո Փայլանի նման` պատգամավոր: Արդարության ձայնը չպետք է լռի: Մենք մշտապես պատերազմի մեջ գտնվող պետություն ենք և նման դավաճանությունները չպետք է ներենք»,- ասաց գրականագետը:
Ինչ վերաբերում է Աթաշյանի` Հայաստան կատարելիք այցին, Գասպարյանը նշեց, որ նա պետք է հասկանա` սև շրջանակի մեջ է: «Էլի հասկանում ենք, որ նա ինչ-որ չափով պետք է թուրքական իշխանության մարդը լինի, բայց սա լրիվ նրանց մարդն է»,- ասաց նա: