Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք հարյուրից ավելի երեխաներ հյուրընկալվել են «Բրեմենյան երաժիշտներին»։ Հակոբ Պարոնյան թատրոնում, երեխաների իրավունքների ուսումնասիրությամբ զբաղվող Ռուբինա Պետրոսյանի նախաձեռնությամբ, առանց ծնողի խնամքի երեխաները, նաեւ Արցախից պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված փոքրիկները եկել էին երաժշտական ներկայացում դիտելու։
«Սկզբում որոշեցինք միջոցառմանը ընդգրկել մանկատների երեխաներին, որովհետեւ, ցավոք, Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ոչ նվազ թիվը վկայում է, որ նրանց իրավունքների իրացման, պաշտպանության հարցում մենք դեռ շատուշատ քայլեր պետք է ձեռնարկենք՝ հատկապես այն պարագայում, երբ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների եւ դրան հաջորդած՝ 2017թ․ Ընտանեկան օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո ընդգծվեց պետության հատուկ վերաբերմունքը առանց ծնողական խնամքի երեխաների նկատմամբ՝ նշելով, որ նրանք պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են, բայց, այդուհանդերձ, ունենք մի իրականություն, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները առավելապես խնամք եւ դաստիարակություն ստանում են մանկատներում, գտնվում են ինստիտուցիոնալ խնամքի եւ դաստիարակության ներքո, մինչդեռ Ընտանեկան օրենսգրքում նշվում է, որ ընտանեկան դաստիարակությունը նախապատվելի ձեւ է, սակայն խնամատարությունը, որդեգրումը այդքան շատ կիրառություն չեն ստանում։ Այս առումով եւս մենք հսկայական աշխատանք ունենք անելու՝ հասկանալու համար, թե որտեղ են խնդիրները, ինչու, այդուհանդերձ, ինստիտուտները գործնական կիրառություն չեն ստանում»,- Yerkir.am-ին պատմեց Ռուբինա Պետրոսյանը։։
Միջոցառման կազմակերպիչ, ԵՊՀ դասախոս Ռուբինա Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում չի նվազում առանց ծնողի խնամքի երեխաների թիվը, չի ավելանում նաեւ երեխաներին որդեգրողների թիվը։ Ուստի միշտ անհրաժեշտ է այս երեխաներին պահել ուշադրության կենտրոնում։
«Մենք հսկայական աշխատանք ունենք անելու՝ հասկանալու համար, թե որտեղ են խնդիրները, ինչու, այդուհանդերձ, ինստիտուտները գործնական կիրառություն չեն ստանում։ Նախաձեռնության գաղափարը եկավ այնտեղից, որ ես 5 տարի զբաղվում եմ երեխաների իրավունքների ուսումնասիրությամբ։ Գաղափարը երեխաներին մշակութային կյանքին մասնակից դարձնելն է։ Պարոնյան թատրոնին արվեց առաջարկ, որը նրանք ընդունեցին։ Այն, ինչը երեխաներին է վերաբերում, բոլորիս համար կարեւոր է եւ բոլորիս հոգածության ներքո է լինելու ամեն օր, ոչ թե միայն հունիսի 1-ին։ Սկզբում միայն մանկատան երեխաների համար էր, բայց հետո որոշեցինք ընդգրկել արցախցի երեխաներին»,- Yerkir.am-ին ասաց միջոցառման կազմակերպիչը։
Հայաստանի թատերական գործիչների միության ղեկավարն ասաց, որ թատրոնի մարդիկ միշտ են պատրաստ երեխաների օրը տոն դարձնելու։
«Այստեղ երեխաների այն հատվածն է, որին պետք է ժամանակ առ ժամանակ բերել թատրոն, թատրոնի հեքիաթային աշխարհ, անել ամեն ինչ, որպեսզի ժամանակի սթրեսը նրանք թեթեւ տանեն՝ մոռանալու համար այն, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը, իսկ երեխաները դա շատ լավ են հասկանում։ Մենք մեծ ուրախությամբ, մեծ ոգեւորությամբ պատիվ ունենք խաղալու Հակոբ Պարոնյանի թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» ներկայացումը։ Պատրաստ ենք ոչ միայն հունիսի 1-ին, այլեւ ամբողջ տարին երեխաներին ուրախացնել, նման առիթների մասնակից դարձնել»։
Մանրամասն՝ տեսանյութում