Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հայաստանի երկու քաղաքացիների՝ Ալյոշա Խոսրովյանի եւ Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը, որը մեկնարկել է Բաքվի դատարանում, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսեւորումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նա մասնավորապես նշել է. «Գերեվարված մեր քաղաքացիները ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ էլ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ նրանց փորձում են ենթարկել պատասխանատվության:
Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ շարունակում է մնալ նույնը նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում՝ գերիների եւ պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման եւ հակամարտության գոտում կայունության եւ խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:
Եւս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր գերեվարված քաղաքացիները նախ եւ առաջ պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Ժնեւի 3-րդ կոնվենցիայի դրույթներով, ավելին՝ գերեվարված մեր հայրենակըցների նկատմամբ որեւէ ոտնձգություն արդեն իսկ հարվածի տակ է դնում եւ խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացումը: Փաստացիորեն, չնայած մեր բազմաթիվ պնդումների, չնայած միջազգային կառույցների արձագանքի՝ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները եւ այժմ էլ հերթական կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք»։