կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 16:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը զավթել է իշխանությունը, և դրա համար նախատեսված է 15 տարվա ազատազրկում․ Արփինե Հովհաննիսյան

Ո՞վ է խաբել վենետիկցիներին, թե համամասնական ընտրակարգի պարզեցումը ունի լայն համաձայնություն քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության շրջանում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ամուլի ասուլիսում՝ խոսելով ընտրական օրենսգրքում վարկանշային համակարգը պարզ համամասնական ընտրակարգով փոխարինելու մասին։

«Պատկերացնո՞ւմ եք՝ Փաշինյանի թիմակիցները Սյունիքում առաջադրվեին վարկանիշային ընտրակարգով»,-հռետորական հարց ուղղեց նա։

Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ԸՕ-ն ԱԺ-ում 82 կողմ ձայներով անցել է։

«Այսինքն, ԼՀԿ-ից եւ ԲՀԿ-ից կողմ չեն քվեարկել։ Արտախորհրդարանական ընդդիմությունն ասել է, որ դեմ են այդ փոփոխություններին։ Երբ Վենետիկի հանձնաժողովն ասում է, թե կա լայն աջակցություն, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է խաբել վենետիկցիներին։ Կամ էլ այստեղի ընդդիմությունը խաբում է հանրությանը․ կա՛մ ԼՀԿ-ն, կա՛մ ԲՀԿ-ն, կամ երկուսը միասին։ Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Վենետիկի հանձնաժողովում, բայց իրավասու չեմ բացահայտել, բայց հարց եմ տալիս՝ ո՞վ է այն հովանավորը, որն ապահովել է այդ «լայն աջակցությունն» այն դեպքում, երբ չկար խորհրդարանական ընդդիմության աջակցությունը․․․»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նա եզրակացրեց, որ պատճառն այն է, որ ընդդիմությունը միասնական չէ, շատերի մոտ չկա գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է իշխանությունը, իսկ սա շատերն իշխանության գալու շանս են համարում։

«Ցանկացած գործողություն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անձամբ ինձ համար կլիներ ընդունելի, բայց Հայաստանի տեսանկյունից, կտրուկ քայլերը կարող են մեր պետության ավարտը նախանշել»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ հասկանում է Մեղրիի բողոքի հայտնի ակցիայի մասնակիցներին, քանի որ Նիկոլ Փաշինյանը բոլորին անկյուն է մղել, իսկ սյունեցին կենաց-մահու պայքար է մղում թուրքի դեմ: Նա ծաղր է նկատում պաշտպանության նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի բառամթերքում, երբ նրանք հանգիստ ասում են, որ Սյունիքն անվտանգ է:

«Շուռնուխցու մենախոսությունն ավելի քան բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը, որպես քաղաքական դիակ կնքվի, քանի որ նրա մենախոսությունը մեր բոլորի անզորությունից և անելանելիությունից  է բխում»,-ասաց Հովհաննիսյանը։

Խոսելով Փաշինյանի՝ հրաժարականից հետո  վարչապետի պաշտոնակատար մնալու մասին, արդարադատության նախկին նախարարը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվողներն այն նույն իրավաբաններն են, ովքեր ասել էին, թե ինչպես ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնի Հրայր Թովմասյանին և 3 դատավորներին, կամ դատական իշխանության գրավման քայլեր անի:

Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երբ 2018 թվականին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, բոլորն էլ գիտեին, որ նա չպետք է մնա ժամանակավոր պաշտոնակատար, բայց չէին խոսում այդ մասին:

«Բոլորը գիտեին 2018 թվականի իրավիճակը, թե ինչպիսի խայտառակ վիճակ էր, մարդն արդեն երկու անգամ սահմանադրական կարգ էր տապալել և որևէ մեկը երրորդ անգամ չէր ասելու, որ իրավունք չունի լինել վարչապետի պաշտոնակատար»,- հայտարարեց նա։

Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա, ըստ Արփինե Հովհաննիսյանի, Փաշինյանը զավթել է իշխանությունը և դրա համար նախատեսված է 15 տարվա ազատազրկում, քրեական գործի հարուցում, կամ եթե կա վեճ, ապա խորհրդարանի պատգամավորների 1/3-ը կամ ՀՀ նախագահը կարող են դիմել ՍԴ և ստանան դրա պատասխանը:

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը սա լավ գիտի, և շարունակում է զավթած պահել իշխանությունը և հանցագործություն անել:

Մանրամասն՝ տեսանյութում․