կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-15 16:17
Հասարակություն

Ադրբեջանը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Վալենտինա Մատվիենկոն ասել է Արարատ Միրզոյանին

Ադրբեջանը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Վալենտինա Մատվիենկոն ասել է Արարատ Միրզոյանին

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին․ տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:   

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: ԴԽ խոսնակը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջեւ առկա երկխոսության վերաբերյալ եւ վստահություն է հայտնել, որ տարբեր ձեւաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:

Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց:

Անդրադարձ կատարելով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում:

Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարեւորագույն ներդրման համար: