կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-15 13:44
Հասարակություն

Հարություն ամիրա Պեզճյան

Հարություն ամիրա Պեզճյան

Ամեն տարի Զատիկի տոնին պատրիարքական Սուրբ Աստվածածին վանքում մատուցվող պատարագից հետո հիշատակի արարողություն է արվում Հարություն ամիրա Պեզճյանի՝ եկեղեցական համալիրում գտնվող գերեզմանի մոտ, իսկ կիրակի օրը նրա իսկ նախաձեռնությամբ կառուցված Գում Գափուի Սուրբ Հարություն եկեղեցու տոնակատարությունների ժամանակ շարունակվում են հիշատակի արարողությունները։

Պատրիարքական «Լրաբեր» լրատուն այդ առիթով հիշատակում է Հարություն ամիրա Պեզճյանին և նրա մասին տեքստը կրկին ներկայացնում է ձեր դատին։ Ստորև ներկայացնում ենք Պատրիարքության հոգևորականներից քահանա Հովակիմ Սերոբյանի՝ նախկինում գրած և տարիներ առաջ «Հնուց մինչ օրս Կոստանդնուպոլսի մասին հանրագիտարան»-ում (Մշակույթի նախարարության և Պատմության հիմնադրամի համատեղ հրատարակություն, Ստամբուլ, 1994, հատոր 2, էջ 223-224), իսկ հետո «Օսմանցիների կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ հանրագիտարան»-ում («Յափը Քրեդի» մշակույթի և արվեստի հրատարակչություն, Ստամբուլ, 1999, հատոր առաջին, էջ 321-322) «Վաղարշակ Սերոբյան» մակագրությամբ հրատարակած Հարություն ամիրա Պեզճյանի կենսագրությունը։

Այս կապակցությամբ կցանկանանք հիշեցնել, որ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ ցանկացողները կարող են օգտվել Պատիրարքության կողմից հրատարակված «Հարություն ամիրա Պեզճյան» վերնագրով գրքից։

Լրաբեր

Հարություն Պեզճյան

(Հունվարի 3, 1834 թ, Ստամբուլ, Յենիքափը։ Ապրիլի 10, 1771 թ Ստամբուլ, Օրթաքյոյ)

Գազազ Արթին կամ էլ Արթին Ամիրա Պեզճյան։ Սուլթանական գանձարանի պատասխանատու, հայրենասեր, Սուլթան Մահմուդ Երկրորդի խորհրդականը

Նա նախնական կրթությունը ստացել է Գում Գգափուի հայկական կրթարանում՝ Մայր վարժարանում (Պեզճյան դպրոց), որն ավարտելուց հետո սկսել է հոր հետ մետաքսի առևտրով զբաղվել։ Այդ պատճառով էլ ստացել է Գազազ մականունը։ 1802 թ․ մետաքսի առևտրի մենաշնորհը վերցրած Տյուզյան ընտանիքի հետ աշխատելիս ծանոթացել է օսմանյան պալատականների հետ։ Նա դարձել է Մահմուդ Երկրորդի ֆինանսական և անձնական խորհրդականը և մոտ ընկերը։ Նա արքունիքում դարձել է հայկական համայնքի ներկայացուցիչը։

1807 թ․ մայիսի 28-ին Քաբաքչը Մուստաֆայի ապստամբության ժամանակ ենիչերիները որոշում են ազգային փոքրամասնություններից մեկական հարուստի սպանել և թալանել նրա գույքը․ հայերից ընտրում են հացագործ վարպետ ամիրա Նորատունկյանին, կաթոլիկ հայերից՝ Հովհաննես Չելեբի Տյուզյանին, հույներից՝ Թոդորաքիին, հրեաներից էլ՝ առևտրական Մովսեսին։ Դա կանխվում է Պեզճյանի անձնական ջանքերով։

Քարթալում ավերակ վիճակում գտնվող Սուրբ Նշան հայկական եկեղեցին տեսնելուց հետո Հարություն ամիրա Պեզճյանը Տյուզյան ընտանիքի միջնորդությամբ բարեկարգման հրովարտակ է ստանում և անձնական հնարավորություններով վերանորոգում այդ եկեղեցին։ Վերանորոգումը կատարում է Գում Գափուի գտնվող Սուրբ Ատվածածին եկեղեցու (Պատրիարքության վանքը) ճարտարապետներից ծագումով հայ մի պալատական վարպետ։ Եկեղեցու հետ միասին վերանորոգված հարակից դպրոցը դեռևս կրում է Պեզճյանի անունը։ Նա եկեղեցու այգում կառուցել է տվել նաև մի շատրվան։

Տյուզյանների միջնորդությամբ սուլթանական պալատի գնումների պատասխանատուի պաշտոնը ստանձնած Պեզճյանն իր հեռատեսության շնորհիվ նկատում է պալատի և գանձարանի ֆինանսական վիճակի վատթարացումը և հրաժարական է տալիս։ Խարդավանքների պատճառով Տյուզյան ընտանիքի անդամները ձերբակալվում են։ Այդ ընթացքում պալատական ճարտարապետ Գրիգոր ամիրա Պալյանի միջնորդությամբ գանձարանը հանձնվում է Պեզճյանի վերահսկողությանը։ Դարձյալ Պեզճյանն է փրկում Տյուզյան ընտանիքի՝ մահապատժից մազապուրծ անդամների կյանքը։ Նա էր ղեկավարում նաև կաթոլիկ դարձած հայերի՝ Հայ Առաքելական Եկեղեցու գիրկը վերադառնալու գործընթացը։ 1820 թ․ ապրիլի 18-ին մեծ տոնակատարությամբ կաթոլիկությունից հրաժարված հոգևորականներն ընդունվում են հայկական եկեղեցու կողմից։ Երկար բանակցությունների արդյունքում և՛ հոգևորական, և՛ քաղաքացիական բազմաթիվ կաթոլիկ հայերի վերադարձը Աայ Առաքելական Եկեղեցու գիրկը թեև ուրախությամբ է ընդունվում, սակայն որոշ մարդիկ լավ ընդունելության չեն արժանանում։ Հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև կնքված պայմանագիրը ոմանք գնահատում են որպես Հայոց եկեղեցու անցում կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո, և հատկապես կաթոլիկ մի հոգևորականի հրահրմամբ ժողովուրդի շրջանում տրամադրությունները շիկանում են։ Պատրիարքություն են ներխուժում, ձերբակալություններ են լինում։

Հինգ հոգու գնդակահարում են։ Ժողովրդի առաջադեմ մարդկանց զանազան վայրեր են աքսորում։ Պեզճյանին աքսորում են Լեմնոս կղզի։ Աքսորից առաջ նրա ներկայացրած հաշիվները գնահատելուց հետո մի փաստաթուղթ են տալիս, որում նշվում էր, որ Գանձարանում իր պաշտոնը հաջողությամբ և ազնվությամբ կատարելու, հաշիվն ամբողջությամբ տալու, չնայած դրան՝ հասարակական շարժումներում ունեցած ծայրահեղական դրսևորման պատճառով այս պատիժը տրվում է որպես զգուշացում։ Չանցած մեկ տարի՝ Պեզճյանը վերադառնում է Ստամբուլ, որտեղ նախ դառնում է Մահմուդ Երկրորդի անձնական դրամատուն և խորհրդականը, իսկ ավելի ուշ՝ կրկին ղեկավարում գանձարանը։  Տյուզյանների դեմ խարդավանքներ կազմակերպած Հալեթ էֆենդին և ազգությամբ հրեա Իսհելը աքսորի ժամանակ խեղդվում են։ Պեզճյանի միջամտությամբ Տյուզյան ընտանիքի՝ աքսորի ենթարկված անդամներին ներում է շնորհվում, և նրանք վերադառնում են Ստամբուլ։

Ռուս-թուրքական պատերազմի հետևանք եղած (1833) վնասը հատուցելու համար Պեզճյանի կողմից կիրառության մեջ մտցված «մետաղական» դրամական համակարգի համար Մահմուդ Երկրորդը նրան պարգևատրում է «Թասվիր-ի Հյումայուն» ամենաբարձր կոչումով։

Ազգային փոքրամասնությունների անշարժ գույքի վաճառքի նպատակով ձևավորված Վաքըֆների (հիմնադրամ) համակարգի հեղինակը ևս Պեզճյանն է։ Նա Պատրիարքության շրջանակներում հիմնել է Անօթևանների օգնության հիմնադրամ։ Հիմնադրամների համար պատասխանատու Թահիր էֆենդին 1832 թ․ հրաման է արձակում՝ առ այն, որ ոչ մուսուլման ազգային փոքրամասնությունների հիմնադրամների եկամուտները փոխանցվեն նախարարությանը։ Սակայն Պեզճյանի միջամտության շնորհիվ այդ հրամանը վերացվում է։

Հասարակական միջոցառումների ժամանակ Պեզճյանի կողմից արված նվիրատվությունների հետ մեկտեղ, նա բարեպաշտ լինելով՝ եղել է նաև Պատրիարքության շենքի (1823), Գում Գափուի պատրիարքական վանական համալիրի (երեք մեծ ու երեք փոքր եկեղեցի, դպրոց, լողավազան, սենյակներ) (1829 թ․) և Օրթաքյոյ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման և կահավորման ամենամեծ նվիրատուն։ Էյուփի եկեղեցին էլ նրա շնորհիվ է վերանորոգվել։ Պետության կողմից կառուցվել էին չորս պատերն ու կտուրը, իսկ շենքի կառուցումը ավարտին է հասցրել Պեզճյանը․ անհրաժեշտ  կահույքը ևս նա է գնել և հոգևորականի նշանակման համար պատրարքական եկեղեցուն 5000 ղուրուշ տվել։ Եկեղեցին նրա անունով Սուրբ Հարություն է անվանվել։ Պեզճյանը նաև Դարդանելի եկեղեցու շուրջ դարպաս է կառուցել տվել։ Գալիպոլիում կառուցված եկեղեցու համար էլ նվիրատվություն է արել։ Էդիրնեում և Մալքարայում գտնվող եկեղեցիների ունեցած պարտքը փակել է։ Հայկական եկեղեցիներից բացի՝ նա օգնում էր նաև հունական և կաթոլիկ եկեղեցիներին։

Պեզճյանի՝ հոգևոր ոլորտում արած ամենակարևոր գործերից մեկն էլ Երուսաղեմում Հիսուս Քրիստոսի դատարկ գերեզմանի վրա գտնվող հայկական եկեղեցում ամեն օր պատարագ մատուցելու վերաբերյալ սութանական հրովարտակի ապսպրումն  է եղել։

Կրթությանը նույնպես մեծ նշանակություն տվող Պեզճյանը Բեյօղլուում հիմնադրել է օրիորդաց դպրոց (1826)։ Նա է հիմնել նաև Գում Գափուի (1828, ներկայում Պեզճյանի անվան միջնակարգ դպրոց), Սուրբ Առաքելոց Ազգային (1830), Պողոսյան որդիների (1832), Վարվառյանի օրիորդաց (1832), Թոփ Քափըի Պեզճյան (1832), Էյուփի (1832) դպրոցները։ Նրա սկսած, սակայն ավարտը չտեսած ամենակարևոր կառույցը Քըզըլչեշմեում գտնվող Սուրբ Փրկիչ հիվանդանոցն է (1834, Յեդիքուլե հայկական հիվանդանոցը), որն այսօր էլ շարունակում է գործել։ Պեզճյանի ջանքերով և ֆինանսական օժանդակությամբ կառուցվել է Պատրիարքության շենքը (1823), հրատարակվել է բալթացի Գևորգ դպիր Տեր-Հովհաննիսյանի պատրաստած պարսկերենից հայերեն բառարանը և Վենետիկի Մխիթարյան միաբանության հայերեն բառարանը։

Մահից հետո Պեզճյանը, Մահմուդ Երկրորդի հատուկ հրովարտակով, թաղվել է Գում Գափուի Սուրբ Աստվածածին պատրիարքական վանքի Սուրբ Հարություն մատուռում։

Պեզճյանը պոլսահայության շրջանում դարձել է հայրենասիրության խորհրդանիշ։ Նրա գործունեությունը պատմության մեջ է մտել որպես «Պեզճյանի ներդրում», իսկ ապրած «փառահեղ ժամանակաշրջանը»՝ «Պեզճյանի դարաշրջան»։

Աղբյուրներ՝

Պետրոս Կարապետյան, Հիշատակարան հարյուրամյա հոբելյանի առթիվ ազգային անզուգական բարերար երջանկահիշատակ Հարություն ամիրա Պեզճյանի՝ մեծանուն հիմնադիրը Գում Գափուի Պողոսյան-Վարվառյան երկսեռ վարժարանի, Ստամբուլ, 1933, էջ 17-40;

Ավետիս ՊերՊերյան, Պատմություն հայոց, Ստամբուլ, 1871;

Հակոբ Վարժապետյան, Հարյուրամյա հոբելյան վերաշինության Գում Գափուի պատրիարքանիստ Մայր եկեղեցու, Ստամբուլ 1928, էջ 35-45;  

Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր երեք, Երևան, 1990, էջ 256-257;

Արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյան, Ազգապատում, հատոր երրորդ, Երուսաղեմ, 1927;

Հայկական սովետական հանրագիտարան, հատոր իններորդ, Երևան, 1983, էջ 224;

Վահան Կ Զարդարյան, Հիշատակարան, Ստամբուլ, 1912, հատոր երկրորդ, էջ 369-371;

Ստեփան Փափազյանց, Կենսագրություն Հարություն Պեզճյանի, ազգային անզուգական բարերարի, «Ժամանակ» օրաթերթ, Ստամբուլ, 1863, էջ 1-26;

Գևորգ Փամուքչյան, չհրատարակված նոթեր։

https://www.facebook.com/TRArmenianPatriarchate/posts/1819911448168730

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net