կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-13 18:07
Հասարակություն

Երգիչ Ռոբ Ավալյանը երկար լռությունից հետո կրկին նոր երգերով հանդես կգա

Երգիչ Ռոբ Ավալյանն, ով տարիներ առաջ երաժշտական ակտիվ գործունեություն ծավալեց,  նոր երգերով կներկայանա նաև մոտ ժամանակներում: Հանդիսատեսը հատկապես հիշում է նրա  «Կանչը կռունկի» երգն ու տեսահոլովակը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս երգից հետո նա «Տարվա հայտնություն» մրցանակը ստացավ: Նրա առաջին տեսահոլովակը՝ «Առանց քեզ», արժանացավ «Տարվա լավագույն պրեմիերա» մրցանակին:

   Հաճախ հանդես է գալիս  հայտնի երգերի cover  կատարումներով, նաև մասնակցել է տարբեր մրցույթների: Առաջին մեծ մրցույթը նրա համար 2012 թվականին Հայաստանի X-Factor-ն էր, որտեղ հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ: Այս հետաքրքիր  փորձից հետո  նա  մեկնեց բնակվելու Կիև քաղաք,  արդեն 2017-ին  մասնակցեց  «Դեպի Եվրատեսիլ»  մրցույթի նախընտրական փուլին, և,  ի ուրախություն իրեն,  հրավիրվեց Երևան՝ մրցույթի  եզրափակչին մասնակցելու համար:

    Ռոբ Ավալյանը դեռ մանուկ հասակից է եղել արվեստի բնագավառում՝  5 տարեկանից զբաղվել է լատինաամերիկյան պարերով: Չնայած լավ պարող լինելուն և  իրավաբանի կրթությանը՝ Ռոբերտը միշտ սիրել է երգել, ինչը նրան ուղեկցել է նաև  համերգների ժամանակ բեմում պարելիս: Երգի հանդեպ սերը նրան 2008-ին տարել է Հայաստանի երգի պետական թատրոն: Զինվորական ծառայությունից հետո նա սկսել է իր երաժշտական կարիերան:  Իր լավ ընկերներից մեկը՝ երգչուհի Նարե Գրիգորյանը,  նրան ծանոթացրել է  մի հրաշք վոկալիստի՝ Մարան Կարապետյանի հետ, ում հետ մինչ օրս՝ արդեն 9 տարի,  պարապում է:

  Ռոբ Ավալյանն արդեն 4 տարի է, ինչ մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում: Այս տարիների ընթացքում շարունակել է երգել այնտեղի հեղինակավոր ակումբներում, որտեղ համերգային երեկոներ են ունենում նաև Ռուսաստանի հայտնի երգիչները: Հայ հանդիսատեսի համար դադարից հետո կան անելիքներ՝ առաջիկայում սպասվում են նրա նոր երգերն ու տեսահոլովակները: