Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները` ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մասին
Արմեն Աղասիչ... մարդ, որի շնորհիվ հասկացանք, թե ինչ է հայրենիքը, մարդ, ով ստիպեց ինձ սիրել թատերական աշխարհը, ռեկտոր, ում համար ամեն մի ուսանող թանկ էր ամեն բանից: Իմ շատ սիրելի Արմեն Աղասիչ, իմ ուսուցիչ, Ձեր խորհուրդները, որ տվել եք ինձ, միշտ կմնա իմ սրտում: Կլինեմ հայրենիքիս զինվորը, կլինեմ թատրոնին միշտ հավատարիմ և միշտ կհիշեմ, որ անձի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի ազատությունը: Սիրում ենք ՁԵԶ... միշտ մեզ հետ եք, սիրելի´ վարպետ:
Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոց, Արմեն Միքայելյան
***
Արմեն Մազմանյանը մշտապես իր ազատությունը վերջացրեց այնտեղ, որտեղ սկսվեց մեր ազատությունը: Մեր մեջ սերմանեց լինել արտիստ, հայ, որը ոչ թե առավելություն է, այլ պարտավորություն: Մեզ դաստիրարակեց այնպես, ինչպիսին ինքն էր՝ պինդ, չկոտրվող, հանդուրժողական: Արմեն Մազմանյանը հեռացավ մեզնից՝ իր հետևից թողնելով մի հսկայական սերունդ, որը, վստահ եմ, դեռ կշարունակի ապրել և ստեղծագործել նույն ոգով: Ես շնորհակալ եմ իմ բախտից, որ կազմում եմ այդ սերունդի մի մասը:
Արմեն Մազմանյանի արվեստանոց, Վաչե Երիցյան
***
«Լռիր և խոսիր այն ժամանակ, երբ խոսքդ լռությունից իմաստուն կլինի»,-այս խոսքերը վարպետիս՝ Արմեն Մազմանյանի' հաճախ կրկնող խոսքերն էին: Հիմա ինչ էլ խոսեմ, խոսքիս հաջորդելու է լռությունը, լռություն, որն իր մեջ խեղդում է անսահման կարոտ ու վիշտ: Կորուստը մեծ է, քանի որ մենք կորցրեցինք ոչ միայն կուրսղեկ, այլ վարպետ, ավագ ընկեր, բարեկամ և ոսկե խրատներ տվող մարդու: Մեզ մնում է անել մի բան. նրա վառ հիշատակն ապահովելու համար մենք՝ «գոյականներս», ապրենք ու ամեն քայլ գցելուց առաջ լսենք նրա խրոխտ ձայնն ու հասկանանք, որ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետև մեզ դաստիարակել է Արմեն Մազմանյանը: Հանգչեք խաղաղությամբ, սիրելի´ Վարպետ:
Արմեն Մազմանյանի արվեստանոց, Արսեն Ազիզյան