կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-22 13:08
Աշխարհ

«Վարչապետը հանցագործ է». Իսրայելում ցույց են անում ընդդեմ Նեթանյահուի

«Վարչապետը հանցագործ է». Իսրայելում ցույց են անում ընդդեմ Նեթանյահուի

Իսրայելում մարտի 23-ին, Կնեսետի ընտրություններին ընդառաջ, ավելի քան 10 000 մարդ բողոքի է դուրս եկել ընդդեմ վարչապետ Բինյամին Նեթանյահուի:

Ցուցարարները հավաքվել են Կնեսետի շենքի առջև և շարժվել դեպի վարչապետի նստավայր՝ Արևմտյան Երուսաղեմ: Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում կրել են իսրայելական ու սև դրոշներ։

«Վարչապետը հանցագործ է» գրությամբ դիմակներ և շապիկներ հագած ցուցարարները վանկարկել են Նեթանյահուի քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ: Ոստիկանությունը անվտանգության խստացված միջոցառումներ է ձեռնարկել: Բողոքի ակցիայի տարածքում երթևեկությունն արգելափակվել է:

Իսրայելական ընդդիմությունը վերջին 39 շաբաթվա ընթացքում ցույցեր է անցկացրել՝ պահանջելով Նեթանյահուի հրաժարականը: Բողոքի ցույցերը սկսվել են Իսրայելի վարչապետի դեմ կոռուպցիոն գործի և կորոնավիրուսի համաճարակի ընթացքում սխալ կառավարման հետևանքով:

Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք չորրորդն են լինելու վերջին երկու տարվա ընթացքում, կանցկացվեն երեքշաբթի՝ մարտի 23-ին: Դրանց կմասնակցի ավելի քան 6,3 միլիոն ընտրող: