կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-21 14:35
Հասարակություն

Մենք նրան մեզ հետ ապրող կհամարենք (Մասիս Միքայելյանի հիշատակին)

Մենք նրան մեզ հետ ապրող կհամարենք (Մասիս Միքայելյանի հիշատակին)

Խոսք` նվիրված Մասիս Միքայելյանին

2021 թվականի մարտի  21-ը երրորդ օրն է, ինչ մենք շարունակում ենք ապրել առանց մեր սիրելի ընկերոջ ու եղբոր՝ Մասիս Միքայելյանի: Մերը մի իսկական ընկերություն էր,  որը կարող է լինել մարդկանց միջև, ովքեր իրար հետ կապվում են ոչ թե շահերով, այլ  հայրենիքի գաղափարով: Եւ եղբայրության վերածված մի ընկերություն,  որը կարող է ձեւավորվել   երեսուն տարի  թիկունք-թիկունքի նույն  հոգսի, վշտի, ուրախության ու երազանքի ճանապարհն անցնելիս: 

Մասիսը մեր մեծ` Դաշնակցական ընկերությանը  ճանապարհի սկզբից միացողներից  էր: Հենց այն օրերին Դաշնակցությունը  նկատեց և  նրան  վստահեց  ամենապատասխանատու պարտականություններից մեկը՝ կուսակցության «Միքայել Վարանդյան»  հրատարակչության և տպարանի  պատասխանատուի պարտականությունը: Աշխատանքն իսկապես պատասխանատու էր, և այսօրվա  չափանիշերով  ոչ  ճոխ տեխնիկատնտեսական  հնարավորությունների  պայմաններում Մասիսը  կարողացավ մեծ գործ ծավալել՝  հրատարակելով բազմաթիվ թերթեր ու գրքեր՝  Դաշնակցության բերած ազգային ազատ մտածողության և արագ գործելու  սկզբունքով: 

Մենք ուրախանում էինք,  որովհետև այն, ինչ Դաշնակցությունն անում էր Մասիսի գլխավորությամբ,  նեղ կուսակցական գործ չէր, այլ համազգային առաքելություն,  որը  ոգևորություն էր առաջացրել հանրության  ու մտավորականության  շրջանակներում:

Այն ժամանակ,  երբ մասնավորապես և քարոզչական գործն էր մաս կազմում Հայաստանի պետականության կերտմանն ու Արցախի ազատագրական պայքարին, կուսակցական եւ ոչ կուսակցական մտավորականների բազմաթիվ գրքեր կյանք առան  «Միքայել Վարանդյան»  հիմնարկում: 

Այստեղ ծնվող մամուլին ամեն օր ժողովուրդն սպասում էր  ինչպես տաք հացի, եւ կրպակների մոտ առաջացող հերթերն էլ  նույն օրերի հացի հերթերն  էին  հիշեցնում: Իհարկե ապազգային, Արցախյան ազգային վերածննդի իրողությունից  գլուխը կորցրած,  հիվանդ իշխանությունը չէր կարող հանդուրժել այս և սրա հետ շաղկապվող այլ երևույթներ: Փակեցին, ավերեցին, գողացան ու սեփականեցին ամեն ինչ, այդ թվում՝  «Միքայել Վարանդյանի» գույքն ու պահեստներում կուտակված  հսկայական  գրականությունը: 

Մասիսին երկար ժամանակ  համապատասխան մարմինները  կանչում էին հարցաքննությունների...

Գործը, որին համար  մեր ընկերն  իրեն նվիրել էր  ամբողջովին, հետո պիտի դառնար հիշողություն և միշտ անշշուկ  ծխար, ինչպես խունկը հարազատի շիրիմից: Կյանքը շարունակվեց, և Մասիս Միքայելյանը հնարավորություն ունեցավ  լուռ ու համեստաբար  իր պարտականությունները շարունակել  թե՛ պետական  և թե՛ կուսակցական  աշխատանքներում: 

Եթե ժամանակներն այլ տրամաբանություն ունենային, Պետական համալսարանը ոսկե մեդալով ավարտած, աշխատանքային փորձառության և եռանդի տեր մեր ընկերը ունակ էր լինելու անելու  եւ տալու  ավելին, բայց պետությունը, ընդհանուր առմամբ,  ոչ թե մեծ վերելքների էր պատրաստվում, այլ մեծ կորուստների: Այս իրականության մեջ Մասիս Միքայելյանը ծառայեց իր երկրին առանց հավակնությունների, բայց պատասխանատվության զգացումով: Նույնպիսին եղավ և կուսակցական կյանքում՝ միշտ գործի պատրաստ, միշտ սրտացավ ու մտահոգ: 

Անհեթեթ կերպով  անժամանակ վրա հասած վերջաբանն  ընդհատեց  ամեն օր իր երկրի հուսատու լուսաբացի սպասումով  արթնացող,  սասունցու՝  իր արմատներով,  իր զավակներով ու թոռներով, իր հայրենիքով  ու դավանանքով  հպարտացող հայ մարդու  երազանքները: 

Մենք  նրան  մեզ հետ ապրող կհամարենք, և այս մտքերը թող  չընկալվեն  որպես  մահախոսական:   

Արտաշես Շահբազյան