կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-13 14:43
Քաղաքական

Եվս մի քանի օր, եւ երկխոսությունը կհամարենք ավարտված

Եվս մի քանի օր, եւ երկխոսությունը կհամարենք ավարտված

ՀԱԿ-ի սեպտեմբերի 9-ի հանրահավաքում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները կոնկրետացան այն առումով, որ առկախված բանակցային գործընթացը կշարունակի մնալ առկախված եւս մի քանի օր, որից հետո բանակցային գործընթացը միանշանակ կհամարվի ավարտված: Այսօր ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ բանավեճի ժամանակ նման տեսակետ հնչեցրեց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

«Նախագահի (Լեւոն Տեր-Պետրոսյանի-yerkir.am) կողմից հնչեց, որ եւս մի քանի օր ժամանակ է տրվում իշխանություններին, որպեսզի կայացնեն համապատասխան որոշում` կապված Տիգրան Առաքելյանի հետ: Իհարկե, շատ է շահարկվում այդ թեման, ասվում է, որ դա չէր կարող առիթ դառնալ բանակցային գործընթացի առկախման համար, բայց սա սկզբունքի հարց է»,- նշեց տիկին Սարգսյանը` հավելելով, որ Տիգրան Առաքելյանը եզակի դեպք է, որի հիման վրա ՀԱԿ-ը կարող է պարզել, թե իշխանությունը որքանով է պատրաստ փոխզիջումների եւ որքանով է վստահում Հայ ազգային կոնգրեսին:

«Եթե բանակցությունների ընթացքում փոխվստահություն չի ձեւավորվում, ապա լրջագույն քննարկման պետական հարցերում ինչպե՞ս կարող է ձեւավորվել»,- հավելեց ՍԴՀԿ ատենապետուհին, ապա նշեց, որ իշխանություններին բավական ժամանակ է տրվել` հետեւություններ անելու համար, եւ հիմա այդ ժամանակն արդեն սահմանափակ է:

«Եթե դուք լիազորված եք հայտարարելու, որ ՀԱԿ-ը հետագայում չի շարունակելու բանակցությունները, ապա ես լիազորված չեմ նույնն ասել իշխանությունների անունից»,- իր հերթին նշեց Վարդան Այվազյանը` հավելելով, որ իշխանությունը պատրաստ է շարունակել երկխոսությունը, իսկ ինչ վերաբերում է Տ. Առաքելյանին, ապա նրա նկատմամբ իրականացվող գործառույթները գտնվում են զուտ իրավական հարթության վրա, եւ «բերել այս ամբողջ երկրի առջեւ ծառացած խնդիրները կապել մեկ անձի հետ, դա արդեն ՀԱԿ-ի որոշելիքն է»: