կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-22 11:10
Հասարակություն

Մենք նրան մեզ հետ ապրող կհամարենք (Մասիս Միքայելյանի հիշատակին)

Մենք նրան մեզ հետ ապրող կհամարենք (Մասիս Միքայելյանի հիշատակին)

Խոսք` նվիրված Մասիս Միքայելյանին

2021 թվականի մարտի 21-ը երրորդ օրն է, ինչ մենք շարունակում ենք ապրել առանց մեր սիրելի ընկերոջ ու եղբոր՝ Մասիս Միքայելյանի: Մերը մի իսկական ընկերություն էր, որը կարող է լինել մարդկանց միջև, ովքեր իրար հետ կապվում են ոչ թե շահերով, այլ հայրենիքի գաղափարով: Եւ եղբայրության վերածված մի ընկերություն, որը կարող է ձեւավորվել երեսուն տարի թիկունք-թիկունքի նույն հոգսի, վշտի, ուրախության ու երազանքի ճանապարհն անցնելիս:

Մասիսը մեր մեծ` Դաշնակցական ընկերությանը ճանապարհի սկզբից միացողներից էր: Հենց այն օրերին Դաշնակցությունը նկատեց և նրան վստահեց ամենապատասխանատու պարտականություններից մեկը՝ կուսակցության «Միքայել Վարանդյան» հրատարակչության և տպարանի պատասխանատուի պարտականությունը: Աշխատանքն իսկապես պատասխանատու էր, և այսօրվա չափանիշերով ոչ ճոխ տեխնիկատնտեսական հնարավորությունների պայմաններում Մասիսը կարողացավ մեծ գործ ծավալել՝ հրատարակելով բազմաթիվ թերթեր ու գրքեր՝ Դաշնակցության բերած ազգային ազատ մտածողության և արագ գործելու սկզբունքով:

Մենք ուրախանում էինք, որովհետև այն, ինչ Դաշնակցությունն անում էր Մասիսի գլխավորությամբ, նեղ կուսակցական գործ չէր, այլ համազգային առաքելություն, որը ոգևորություն էր առաջացրել հանրության ու մտավորականության շրջանակներում:

Այն ժամանակ, երբ մասնավորապես և քարոզչական գործն էր մաս կազմում Հայաստանի պետականության կերտմանն ու Արցախի ազատագրական պայքարին, կուսակցական եւ ոչ կուսակցական մտավորականների բազմաթիվ գրքեր կյանք առան «Միքայել Վարանդյան» հիմնարկում:

Այստեղ ծնվող մամուլին ամեն օր ժողովուրդն սպասում էր ինչպես տաք հացի, եւ կրպակների մոտ առաջացող հերթերն էլ նույն օրերի հացի հերթերն էին հիշեցնում: Իհարկե ապազգային, Արցախյան ազգային վերածննդի իրողությունից գլուխը կորցրած, հիվանդ իշխանությունը չէր կարող հանդուրժել այս և սրա հետ շաղկապվող այլ երևույթներ: Փակեցին, ավերեցին, գողացան ու սեփականեցին ամեն ինչ, այդ թվում՝ «Միքայել Վարանդյանի» գույքն ու պահեստներում կուտակված հսկայական գրականությունը:

Մասիսին երկար ժամանակ համապատասխան մարմինները կանչում էին հարցաքննությունների…

Գործը, որին համար մեր ընկերն իրեն նվիրել էր ամբողջովին, հետո պիտի դառնար հիշողություն և միշտ անշշուկ ծխար, ինչպես խունկը հարազատի շիրիմից: Կյանքը շարունակվեց, և Մասիս Միքայելյանը հնարավորություն ունեցավ լուռ ու համեստաբար իր պարտականությունները շարունակել թե՛ պետական և թե՛ կուսակցական աշխատանքներում:

Եթե ժամանակներն այլ տրամաբանություն ունենային, Պետական համալսարանը ոսկե մեդալով ավարտած, աշխատանքային փորձառության և եռանդի տեր մեր ընկերը ունակ էր լինելու անելու եւ տալու ավելին, բայց պետությունը, ընդհանուր առմամբ, ոչ թե մեծ վերելքների էր պատրաստվում, այլ մեծ կորուստների: Այս իրականության մեջ Մասիս Միքայելյանը ծառայեց իր երկրին առանց հավակնությունների, բայց պատասխանատվության զգացումով: Նույնպիսին եղավ և կուսակցական կյանքում՝ միշտ գործի պատրաստ, միշտ սրտացավ ու մտահոգ:

Անհեթեթ կերպով անժամանակ վրա հասած վերջաբանն ընդհատեց ամեն օր իր երկրի հուսատու լուսաբացի սպասումով արթնացող, սասունցու՝ իր արմատներով, իր զավակներով ու թոռներով, իր հայրենիքով ու դավանանքով հպարտացող հայ մարդու երազանքները:

Մենք նրան մեզ հետ ապրող կհամարենք, և այս մտքերը թող չընկալվեն որպես մահախոսական:

Արտաշես Շահբազյան