կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 09:20
Առանց Կատեգորիա

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել... Ու չի մոռացվելու․ «Փաստ»

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել... Ու չի մոռացվելու․ «Փաստ»

Հայաստանը աննախադեպ դժվարին ժամանակաշրջան է ապրում։ Արցախյան 44-օրյա պատերազմը կազմելու է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը, և թերևս տևական ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի վերլուծենք, կշռադատենք տեղի ունեցածը և քայլեր ձեռնարկենք հնարավորինս շուտ այս շոկից դուրս գալու համար։ Իսկ վերստին ոտքի կարող ենք կանգնել միայն այն դեպքում, եթե չկրկնենք անցյալի սխալներն ու պատմությունից դասեր քաղենք, քանի որ բազմաթիվ են օրինակներն այն մասին, թե ինչպես է պատմությունն անողոք գտնվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն վերլուծում անցյալը և հաշվի չեն առնում պատմության դասերը։

Իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուն նշում էր, թե միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում։ Այդպես էլ այսօր իշխանությունները և հասարակության մի որոշ հատվածը ցանկություն չունեն դասեր քաղել և իրենց այնպես են պահում, կարծես ամեն ինչ նորմալ է։ Ու դրանով է պայմանավորված, որ իշխանությունները և նրանց հարող հասարակական, քաղաքական շրջանակները մտածում են, թե մեզ ընդամենը արտահերթ ընտրություններն են պակասում, ու ամեն ինչ տեղը կընկնի։ Այսինքն, ոչ թե բուն ընտրությունները, այլ դրանց մասին խոսակցությունները: Ու հիմա գլխավոր թեմա են դարձնում՝ արտահերթ ընտրությունները մայիսին կազմակերպե՞ն, հունիսի՞ն, թե՞ աշնանը։ Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք անցած տարվա աշնանը աղետալի պատերազմ չենք ունեցել, որի արդյունքում 90-ականների հայ ժողովրդի Արցախյան հերոսամարտի հաղթանակների արդյունքներն ի չիք դարձան։

Կամ, կարծես, մենք հազարավոր զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, մեր հայրենակիցները չեն զրկվել իրենց տներից ու ապրուստի միջոցներից, մեր հայրենիքի մի զգալի մասը չենք կորցրել, այնպիսի ստորացուցիչ կապիտուլ յացիայի չենք ենթարկվել, որով միջազգային հանրության առաջ մեր սուբյեկտայնությունն ուղղակի հարցականի տակ է դրվում։ Ու այս համատեքստում իշխանությունները հատուկ կանխամտածված թեմաներ են նետում տեղեկատվական դաշտ հանրության ուշադրությունը ամենակարևոր խնդիրներից շեղելու նպատակով։ Իսկ իշխանական մի շարք պատգամավորներ էլ իրենց անհեթեթ հայտարարություններով փորձում են ավելորդ ուշադրություն գրավել և թեմաները լիովին մեկ այլ դաշտ տեղափոխել, երբ պրիմիտիվ մեկնաբանությունները կարող են հանրային քննարկման թեմաներ դառնալ։ Այդպիսով իշխանությունները ձգտում են մի կողմից՝ մեղավորներ փնտրել, ձախողումները «գրել» ուրիշների վրա ու ոչ մի դեպքում պատասխանատվություն չստանձնել, իսկ մյուս կողմից՝ արհեստական թեմաներով փորձում են իրենց պատճառով սկսված պատերազմն ու իրենց մեղքով կրած խայտառակ պարտությունը, կորուսները, զոհերը մղել երկրորդ, երրորդ պլան, մի խոսքով՝ մոռացնել։

Կարծես թե այն, ինչ տեղի ունեցավ, անխուսափելի էր, վաղ թե ուշ տեղի էր ունենալու։ Եվ դրա արդյունքում իրականությունն ու մտացածինը խառնվում են իրար, որպեսզի հասարակությունն ի վիճակի չլինի ճիշտ գնահատել իրավիճակն ու առկա սպառնալիքները։ Բայց նրանք հաշվի չեն առնում, որ հնարավոր չէ երկարաժամկետ հեռանկարում մոլորեցնել հանրությանը, իսկ ժողովրդի հիշողությունը չի կարող այդքան կարճ լինել, եթե կարճանա էլ, ապա հիշեցնողներ կան ու կլինեն, այն էլ ամենօրյա, ամենժամյա ռեժիմով։ Եվ եթե իշխանությունները արդեն իսկ կարծում են, թե տեղի ունեցածը լոկ պատմության մաս է արդեն, ապա չարաչար սխալվում են։ Այնպես որ, «ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել»։

Ու չեն մոռացվելու: Երբեք: Պարտությունը և դրա հետևանքները բախտորոշ նշանակություն ունեն մեր ներկայի ու ապագայի կառուցման գործում։ Իսկ այդ ապագան այսօրվա իշխանությունների հետ կառուցել պարզապես հնարավոր չէ:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում