կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 17:03
Տնտեսական

Մոռացվելու իրավունք կամ ջայլամային քայլ. անցքեր կբացվեն համացանցի պատմության մեջ

Մոռացվելու իրավունք կամ ջայլամային քայլ. անցքեր կբացվեն համացանցի պատմության մեջ

«Մոռացվելու իրավունք»` ինտերնետային ցանցը խմբագրելու իրավունք, որի լայնամասշտաբ կիրառելիությունը բացասական հետևանքներ կունենա. այսպես է բնութագրում այս նոր իրավունքը մեդիայի և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում: Նա նշում է, որ սա գրեթե նույնն է, ինչ հնարավորություն տրվի մարդուն բոլոր գրադարաններում առկա տեղեկությունները փոփոխելու:

 

-Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այս նոր իրավունքի ստեղծմանը: Կարծես, այն ոտնահարում է մարդու մեկ այլ իրավունքը` տեղեկատվության ազատության իրավունքը:

-Շատ ոչ միանշանակ քայլ էր, բայց, իմ կարծիքով, ավելի շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ: Տեսեք` ցանցում արդեն իսկ շատ մեծ քանակի տեղեկություն կա մարդու մասին, ինչը մարդու իրավունքները, այսպես, թե այնպես, ոտնահարում է: Օրինակ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում տեղադրված են բոլորիս հասցեներն ու ծննդյան տվյալները: Եվ այս դեպքում, եթե Google-ն իր մոտից հանում է տեղեկատվության լինքը, դա դեռ չի նշանակում, որ տեղեկությունը կորչում է: Տեղեկությունը մնում է ցանցում, և Google-ը միակ որոնողական մեքենան չէ: Կան նաև այլ փնտրող մեքենաներ, որոնք չեն ենթարկվում ԵՄ պահանջներին, քանի որ գտնվում են այլ երկրների ազդեցության տակ` չինական, ռուսական: Փաստացի հարցը չի լուծվում: Սա մի քիչ ջայլամային մոտեցում է: Մյուս կողմից` սա բերում է նրան, որ մարդը կարողանում է խմբագրել ցանցը: Ընդ որում` այս խնդիրն իրականում նոր չէ, և ուրիշ պատրվակով դա արվում էր:

 

-Այսինքն`մինչ այս է՞լ որոնման պատասխանների ցանկից որոշ հղումներ հեռացնելու պահանջներ եղել են:

-Այո, խոսքը հեղինակային իրավունքի մասին է: Դա լավ բան է, բայց դրա վրա ահռելի գումարներ են ծախսում տարբեր ձայնագրող և հրատարակող կազմակերպություններ: Գումարների հիմնական մասը գնում է ոչ թե հեղինակներին, այլ միջնորդներին, ովքեր Google-ից  և մյուս որոնողական մեքենաներից պահանջում են հեռացնել այն լինքերը, որոնք տանում են այս կամ այն կայքը, որտեղից կարող ես ներբեռնել երգեր, գրքեր, ֆիլմեր և այլն:

 

-Լավ, ի վերջո, կարող  է այս զտումների պահանջի ավելացումը հանգեցնել նրան, որ Google-ն ուղղակի կորցնի իմաստը:

-Դե, մի քիչ դժվար է ասել: Google-ում էլ հանգիստ չեն նստած, այնտեղ ագրեսիվ քայլեր արվում են, թեև իրականում իրենց PR-ը բարի է: Իրենք հասկանում են, որ ունեն այս դիրքը շնորհիվ նրա, որ ցանցը մարդկանց համար տեսանելի է հենց Google-ի միջոցով: Եվ եթե հեռացնելու այդ պահանջները շատ լինեն, ապա դա դառնալու է խնդիր, ու Google-ը պայքարելու է դրա դեմ:

 

Եվ մյուս կողմից` Google-ը, բնական է, որ չի ցանկանում մեծ շուկաներ կորցնել և  գնում է զիջումների, ինչպեսև մյուս խոշոր կազմակերպությունները: Օրինակ` Չինաստանում լրիվ այլ օրենքներով են աշխատում, հեշտությամբ իշխանություններին հանձնում են դիսիդենտների տվյալները և այլն: Այսինքն` իրականում Google մնում է Google բոլորի համար, սակայն ամեն տեղ մի ձևով է աշխատում: Օրինակ` արդեն շատ երկար ժամանակ է` Google-ը Գերմանիայում ուրիշ ձևով է պատասխանում ֆաշիստական սիմվոլիկայի, նացիզմի մասին հարցմանը, քան մյուս երկրներում: Գերմանիայի օրենսդրությունն արգելում է նման տեղեկությունների տարածումը: Այսինքն` Google -ը զիջումների գնում է վաղուց: Սակայն գլոբալ փոփոխություններ կարող են լինել, քանի որ այս դեպքում արդեն անհատները կարող են անցնել ցանցը խմբագրելուն:

 

-Իսկ Հայաստանն ունի՞ պահանջներ, որոնց հետ Google-ը հաշվի է նստում:

-Նախ` մենք իրականում շուկա չենք իրենց համար, շատ փոքր ենք, երկրորդ` այստեղ Google-ի գրասենյակ չունենք: Այսինքն` մենք ազդեցության մեխանիզմներ չունենք, էլ չասած, որ մենք չունենք հստակեցված մոտեցումներ ինտերնետի կառավարման վերաբերյալ: Մենք կարող ենք ինչ-որ բան պահանջել Google-ից, բայց ի՞նչ պահանջենք:

 

-«Մոռացվելու իրավունքը» ամրագրվեց Լյուքսեմբուրգի եվրոպական դատարանի կողմից, որից հետո Google-ը կամովին սկսեց կատարել դատարանի որոշումը: Դիմումի ձև է մշակվել, որի միջոցով պահանջում ես հեռացնել այս կամ կան տեղեկության լինքը: Իրավական տեսանկյունից այդ հարցով Google-ին կարող են դիմել միայն ԵՄ քաղաքացիները: Սակայն արդյո՞ք հնարավոր է, որ դա վերաբերի բոլորին:

- Google-ում այս հարցը չեն ցանկանում բարձրացնել, որպեսզի լուրջ հետևանքներ չլինեն: Սակայն շատ հավանական է, որ այլ երկրներ էլ կդիմեն` նույն Ռուսաստանը, և ուշ, թե շուտ ստիպված կլինեն դա տարածել բոլորի վրա: Կախված է նրանից, թե արդյո՞ք սա կդառնա մարդկանց համար գործիք` անընդհատ բզբզալու, ցանցը խմբագրելու համար: Բայց այսօրվա դրությամբ մի փաստ կա` եվրոպական բյուրոկրատիան փորձում է օրենսդրորեն լուծել ինչ-որ հարցեր, որոնք ոչ թե օրենսդրորեն, այլ ինքնակարգավորման ճանապարհով պիտի լուծվեն:

 

-Դուք նաև լրագրող եք աշխատել: Եվ եթե  հարցին նայում եք լրագրողի աչքերով, արդյո՞ք «մոռացվելու իրավունքը» չի խախտում տեղեկություններ ստանալու իրավունքը:

-Ես արդեն մի քանի տարի է` լրագրող չեմ աշխատում, բայց ինձ առ այսօր զանգահարում են, որովհետև ցանցում կան իմ տվյալները` որպես «Ռոսբալտ» ցանցի թղթակից: Իհարկե, դա կարող էր ինձ մի քիչ անհանգստացնել, բայց, մյուս կողմից, դա նաև պատմություն է, երևի դա էլ է կարևոր, որ թղթակից եմ եղել, ու հետքեր են մնացել:


Մարդիկ պետք է զգույշ լինեն իրենց մասին տեղեկություններ տարածելիս, որովհետև, իրականում այդ տեղեկությունները հենց այնպես չեն հայտնվում ցանցում, բացի, իհարկե, այնպիսի դեպքերից, ինչպիսին ԿԸՀ-ի կայքի դեպքում է, երբ քեզ չեն հարցնում քո տվյալները տեղադրելիս: Մարդկանց  մեծ մասն ինքն է տեղեկությունը տեղադրում, հետո փոշմանում: Հեռախոսի համարի դեպքում կարող ես ուղղակի այն փոխել, բայց շատ ավելի վատ դեպքեր են լինում: Շատ պրիմիտիվ օրինակ բերեմ` շոուբիզնեսի աստղերի պոռնո լուսանկարները, որոնք մեկ էլ մեկը գտնում է ու տարածում, բայց մարդիկ կցանկանային, որ դրանք մոռացվեին:

 

-Ասում էիք, որ այս իրավունքի լայնածավալ կիրառման դեպքում ավելի շատ վատ հետևանքներ կլինեն,  քանի որ մարդը հնարավորություն է ունենում խմբագրելու ցանցը: Ինչո՞ւ:

-Պատկերացրեք` եթե Ձեզ հիմա հնարավորություն տան բոլոր գրադարաններում Ձեր մասին տեղեկությունները փոխելու: Դա Ձեզ համար լավ է, բայց մարդկության պատմության մեջ անցքեր են առաջանում: Նույնն էլ այս դեպքում է:

 

-Բայց մոռանում ենք այն հանգամանքը, որ հայտնի անձանց դեպքում այդ տեղեկությունների հղումների հեռացման պայմաններն ավելի խիստ են ու սահմանափակ:

-Բնականաբար: Բայց ասում եմ` սա բերում է ցանցի ամբողջականության խախտման: Հետևանքը դեռևս քիչ է, բայց եթե սա դառնա մեխանիզմ, որ բոլորը օրուգիշեր զբաղվեն իրենց մասին տեղեկությունները խմբագրմամբ, ապա կստացվի այնպես, որ աշխարհի մասին կստանանք խմբագրված տեղեկություններ:

 

-Դուք կուզեի՞ք, որ այդ իրավունքը լիներ նաև ՀՀ-ում:

-Ես դեմ եմ դրան:  

 

-Պատկերացնենք մի վիճակ, երբ մարդը մեղադրվել է մանկապղծության մեջ, լրատվամիջոցներում հրապարակվել են տվյալները, իսկ որոշ ժամանակ անց դատարանն արդարացրել է նրան:

- Google-ն այս դեպքում ամենավերջին խնդիրն է: Այս դեպքում մարդը պետք է դատի տա լրատվամիջոցներին ու պահանջի տեղեկությունները հեռացնել կամ հերքում հրապարակել:  Հարցի ճիշտ լուծումը դա է: Դա իր հերթին աղմուկ կհանի, և Google-ում ավելի շատ կերևան հերքումները, քան առաջնային ինֆորմացիան: Ցանցը պրոբլեմատիկ է, տեղեկությունը եթե մի տեղից էլ հեռացրեցիր, ապա կարող  է մյուս տեղում մնալ:  

 

Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ