կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-13 09:13
Առանց Կատեգորիա

«Կա­րև­որ է ուսուց­ման ճիշտ կազ­մա­կեր­պու­մը և գի­տե­լիք­նե­րի ստուգ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րու­մը». «Փաստ»

«Կա­րև­որ է ուսուց­ման ճիշտ կազ­մա­կեր­պու­մը և գի­տե­լիք­նե­րի ստուգ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րու­մը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հանրակրթության պետական նոր չափորոշչի համաձայն, սահմանվել է 7 ուսումնական բնագավառ՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն», որոնցից յուրաքանչյուրին հատկացվելու է որոշակի ժամաքանակ։ Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ մայրենի լեզվին հատկացվող ժամաքանակը տարրական դասարանից հետո միջին և ավագ դպրոցում նվազելու է։ Մյուս կողմից՝ բավականին շատ ժամաքանակ է հատկացվելու «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» բնագավառին։

Մայրենի լեզվին հատկացվող ժամաքանակի նվազումը դիտարկվում է բուհերում լեզվի դասավանդումը կամընտրական դարձնելու կամ էլ չեղարկելու ֆոնին, իսկ բնագիտական առարկաներին և տեղեկատվական տեխնոլոգիաներին շատ ժամաքանակ հատկացնելը կարևորվում է այդ առարկաների նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու իմաստով։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին հատկացվող ժամաքանակի նվազումը բնական պրոցես է։ «Միջին և ավագ դպրոցներում ավելանում են այնպիսի ուղղություններ կամ առարկաներ, որոնք էլի կարևոր են, բայց արդեն այդ տարիքի դպրոցականների համար։ Երբ երեխան ոտք է դնում դպրոց, գիտելիքները, տեղեկատվությունը ստանում է մայրենի լեզվով։ Մայրենի լեզվի ուսուցումը պետք է դրվի պատշաճ մակարդակի վրա։ Ճիշտ կազմակերպված ուսուցումը երեխայի մոտ ձևավորելու է համապատասխան լեզվամտածողություն՝ հիմնված ազգային ավանդույթների, ապրելակերպի, մտածողության վրա։ Ազգային մենթալիտետը պետք է ձևավորենք նախ տարրական դասարանի երեխաների մոտ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։ Նշում է՝ եթե լեզվի ուսուցումը ճիշտ կազմակերպվի, ապա ժամաքանակի նվազման հետ կապված մտահոգությունները ևս կնվազեն։

 «Միևնույն ժամանակ պետք է հստակ գործեն գիտելիքի ստուգման մեխանիզմները, ինչը չեմ տեսնում։ Ինչպես պետք է ստուգենք՝ երեխան յուրացրե՞լ է լեզուն, գրականությունը, իր մոտ ձևավորվե՞լ է համապատասխան լեզվամտածողություն, և նա հեշտությամբ է կարողանում ընկալել մատուցվող գիտելիքները։ Անհրաժեշտություն կա ներդնել մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի չափել երեխայի ստացած գիտելիքները։ Եթե երեխան դպրոցում ստանա հիմնարար գիտելիքներ, հնարավոր կլինի քննարկել բուհերում լեզվի և գրականության ուսումնասիրման նպատակահարմարությունը։ Իսկ ի՞նչ ունենք հիմա։ Դպրոցներում պատշաճ մակարդակի վրա դրված չէ լեզվի և գրականության ուսուցումը, և այդ պատճառով բուհերի դասախոսները, հատկապես մեր մտավորականներն ընդվզում են այն գաղափարի դեմ, որ բուհերում, օրինակ՝ չդասավանդվի հայոց լեզուն։ Նրանց կարելի է հասկանալ, որովհետև նրանք տեսնում են այն «կադրերի» ունեցած գիտելիքների մակարդակը, որոնք դպրոցից գալիս են համալսարան։Սա նրանց մտահոգում է»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ցանկացած փոփոխության պետք է գնալ քայլ առ քայլ, չի կարելի համալսարաններում միանգամից ու իսպառ անտեսել մայրենին։ 

Նոր չափորոշչի համաձայն, կարելի է ասել, առաջնահերթություն է տրվելու բնագիտական առարկաներին ու տեղեկատվական տեխնոլոգիաներին։ Նշվում է, որ մտահոգիչ է այն, որ Հայաստանում բավականին քչացել է հետաքրքրությունն այս առարկաների նկատմամբ: Ինքնին առաջարկը և որոշումը վատը չէ, բայց արդյո՞ք մեր կրթական համակարգը, մասնավորապես դպրոցները պատրաստ են այս առարկաների խորացված ուսուցման, երբ որոշ դեպքերում դպրոցներում բացակայում են լաբորատորիաները, իսկ մարզային շատ դպրոցներում էլ, օրինակ՝ տարիներ ի վեր չկան ֆիզիկայի ուսուցիչներ։ Մխիթարյանը նշում է՝ Հայաստանը ռեսուրսների առումով համարվում է աղքատ երկիր։

«Մեր հիմնական ռեսուրսը մարդկայինն է, որն անհրաժեշտ է զարգացնել։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման դարում կարևոր է դառնում ՍՏԵՄ առարկաների՝ բնագիտություն, մաթեմատիկա և այլն, խորացված ուսուցումը դպրոցական տարիքից։ Խորհրդային Միության տարիներին առաջնային դիրքեր ենք գրավել այդ առարկաների՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, գծով։ Այսօր էլ, ի դեպ, Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքեր գիտության այդ բնագավառներում։ Երբ ուսումնասիրում ենք տպագրված գիտական աշխատանքները, կարող ենք ասել, որ Հայաստանն առաջատարի դիրքեր է գրավում, գտնվում է լավագույն քսանյակի մեջ, ինչը շատ լավ արդյունք է։ Սա չկորցնելու համար պետք է դպրոցներում խորացնել այս առարկաների ուսուցումը։

Սա մի կողմից կնպաստի նրան, որ չկորցնենք մեր ունեցած գիտական դպրոցները, ունենանք փոխարինող սերունդ, մյուս կողմից՝ օգտագործենք գիտնականների և ուսուցիչների պոտենցիալն այդ գիտելիքներն ու հմտությունները նոր սերնդին փոխանցելու առումով։ Այստեղ կրկին կարևոր է, թե ինչպես ենք կազմակերպելու այս ողջ գործընթացը։ Գիտնականները, մասնագետներն իրենց փորձը պետք է փոխանցեն ուսուցիչներին, որոնք էլ իրենց հերթին՝ երեխաներին»,-ընդգծում է փորձագետը։ Կարևորում է այն, որ երեխաներին պետք է այս առարկաների հանդեպ հետաքրքրություն և սեր փոխանցեն ուսուցիչները։

«Այս դեպքում մոտ ապագայում գուցե արդեն բուհերում ֆիզիկայի կամ քիմիայի բնագավառներում թափուր տեղեր չունենանք։ Այս ուղղությունները պահանջում են ավելի շատ ներդրումներ, ծախսեր, քանի որ դրանք հնարավոր չէ ուսումնասիրել այնպես, ինչպես պատմությունը և գրականությունը։ Այս առարկաները պահանջում են նաև փորձարարական հիմք, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան լաբորատորիաներ, որտեղ աշակերտները կկարողանան գործնական հմտություններ ձեռք բերել։ Օրինակ՝ առաջարկվում է ավագ դպրոցների խոշորացում կազմակերպել. գործեն մեծ ավագ դպրոցներ, որոնք հագեցված կլինեն համապատասխան սարքավորումներով, լաբորատորիաներով, որտեղ երեխաները հոսքերով կկարողանան ավելի խորացված ուսումնասիրել այդ առարկաները»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում