կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-03-10 19:14
Հասարակություն

Ադրբեջանական սեպեր՝ Տավուշի ճանապարհների՞ն

Տավուշի մարզի սահմանային իրավիճակի շուրջ տեղեկատվական դաշտում ստեղծված լարվածությունն սկիզբ առավ այն բանից հետո, երբ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  աշխատանքային կամ նախնական տարբերակում տարածվեց հետևյալը դրույթը. «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը» (2-րդ կետ): Եվ չնայած հայտարարության վերջնական տարբերակում այն փոփոխվեց, հանվեց Ղազախի շրջանին վերաբերող մասը (Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը), այդուհանդերձ, մտավախությունները չանհետացան:

Տավուշում տարածքների հանձնման մասին տեղեկությունները կրկին խորացրին լարվածությունը վերջին օրերին, և այդ լարվածության խճապատկերն ստեղծվեց մի քանի տեղեկությունների սփռմամբ:

Տեղեկություն առաջին

CaucasusWarReport տեղեկատվական պորտալի հրապարակմամբ՝ Բարխուդարլի գյուղը հայկական ուժերի կողմից հանձնվում է Ադրբեջանին: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ Ադրբեջանին պետք է հանձնվի նաև Սովետական Ադրբեջանի Ղազախի շրջանի 7 գյուղ:

No description available.

Տվյալ պարագայում գործ ունենք պայմանականորեն երկու գյուղախմբի հետ: Առաջինը Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերն են, որոնք խորհրդային տարիներին եղել են ադրբեջանաբնակ: Դրանց ավերակները գտնվում են Ազատամուտ և Կայան գյուղերի մեջտեղում՝ Իջևան-Բերդ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում: Նշյալ գյուղերի տարածքների հենքի վրա՝ ամերիկյան GPS նավիգացիոն համակարգով ցուցադրվող անկլավն ամբողջովին վերահսկում է Իջևան-Բերդ ճանապարհի տվյալ հատվածը: Ավելի պարզ՝  Ազատամուտը Կայանին կապող մոտավորապես մեկ կմ երկարությամբ տվյալ ճանապարհահատվածն ամբողջովին հանձնվելու է Ադրբեջանին, եթե ՀՀ իշխանություններն այստեղ ևս առաջնորդվեն GPS համակարգով սահմանների որոշման այն աննախադեպ սկզբունքներով, ինչը եղավ Սյունիքի մարզի պարագայում:

No description available.

Հաջորդ պայմանական գյուղախումբը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերով պարփակված հատվածում, որոնք տեղակայված են Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածին երկայնքով: Բերդ-Նոյեմբերյան խաչմերուկից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհահատվածում խնդրո առարկա առաջին գյուղը Խեյրիմլին է, որը գտնվում է Կիրանց գյուղի հարևանությամբ՝ Ոսկեպար գետի վրա գտնվող կամրջին հարակից հատվածում: GPS համակարգը այս հատվածը, ներառյալ՝ միջպետական մայրուղին և Կիրանցից որոշ տներ, համարում է Ադրբեջանի տարածք:

No description available.

Խնդրո առարկա հաջորդ գյուղը Վերին Ոսկեպարն է (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա) գտնվում է Ոսկեպարի արևմուտքում, և GPS նավիգացիոն համակարգով այն ադրբեջանական անկլավ է ՀՀ-ի կազմում: «Անկլավի»՝ Ադրբեջանին հանձնելու պարագայում՝ ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»:

No description available.

 

Տեսարան՝ Ոսկեպար գյուղի մի հատվածից: Միջպետական մայրուղու՝ մեր կանգնած հատվածն, ըստ GPS-ի, Ադրբեջանի տարածք է

 

 

Մյուսը՝ Ներքին Ոսկեպարը (ադրբ.՝ Աշաղը   Ասկիպարա), գտնվում է Ոսկեպարից արևելք՝ Սբ Աստվածածին եկեղեցու (6-7-րդ դարեր) թիկունքում: Նախկին ադրբեջանաբնակ գյուղն այժմ հայկական տիրապետության տակ է, գտնվում է ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքերի հատվածում:

No description available.

Սբ Աստվածածին եկեղեցին (6-7-րդ դարեր): Եկեղեցու թիկունքում՝ Ներքին Ոսկեպարը

 

Հաջորդ գյուղը Բաղանիս Այրումն է, որը գտնվում է Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածի աջ կողմում՝ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի հարևանությամբ: Խորհրդային տարիներին Նշված հայաբնակ գյուղերի և Բաղանիս Այրում ադրբեջանաբնակ գյուղի տներն ու տնամերձ այգիները սերտաճած են եղել: Այժմ, եթե GPS համակարգի հենքի վրա վերստին վերականգնվի խորհրդային պատկերը, կստացվի այնպես, որ Ադրբեջանի սահմանային խրամատները կփորվեն հենց Բաղանիսի և Ոսկեվանի տների հարևանությամբ: 

No description available.

Բաղանիս և Ոսկեվան գյուղերը: Աջ կողմում, մառախուղի մեջ՝ Բաղանիս Այրում գյուղի ավերակներն են

 

Ինչպես վերևում նշեցինք՝ մամուլում խոսվում է 7 գյուղի մասին, սակայն առայժմ մեզ համար պարզ չէ, թե որն է 7-րդ գյուղը: Տեղացիները մեզ հետ զրույցում չկարողացան հիշել կամ մատնանշել այն:

Փաստենք նաև մի կարևոր խնդիր: Կիրանցի հարևանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղի պարագայում արդեն նշել ենք, որ ադրբեջանական վերահսկողության տակ է հանձնվում նաև միջպետական մայրուղին: Փաստենք, որ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու ևս 4 նման հատվածներ Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերով պարփակված հատվածում:

Տեղեկություն երկրորդ

Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ. այս տեղեկությունը հերքվեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Տեղեկություն երրորդ

Տավուշի մարզ տեղափոխված մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում. պաշտպանության նախարարությունը հերքել էր նաև այս տեղեկությունը:

Բելոր տեղեկությունները հերքեց նաև Տավուշի մարզպետը՝ հայտարարելով. «Մենք ոչ ոքի թույլ չենք տա Տավուշի սահմանները սակարկել, և ցանկացած նման փորձ կարժանանա մեր կոշտ և հստակ պատասխանին»։ Հետաքրքրական մեկ հանգամանք. ՀՀ իշխանություններն այս նույն խոսքերն են գրեթե միաբերան կրկնել նաև Սյունիքի մարզի պարագայում: Այնինչ՝ բոլորին է հայտնի, թե իշխանությունների դավադիր քայլերի պատճառով, այն է՝ GPS համակարգի միջոցով սահմանների որոշմամբ, ինչպիսի ողբերգական պատկեր առաջացավ Սյունիքում, և այժմ մարզում բացակայում են անվտանգության տարրական երաշխիքները:     

Ի պատասխան մարզպետի անհասկանալի և տարընթերցելի հայտարարությանը՝ մարտի 9-ին իջևանցիները փակեցին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը  և պահանջեցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հանդիպում, որպեսզի հասկանան՝ ի՞նչ է տեղի ունենում Տավուշի սահմաններին: Հանդիպումը կայացավ, մարզպետը վստահեցրեց տավուշցիներին, որ իր և տավուշցիների պատկերացրած սահմանները նույնական են, այսօրվա սահմաններից ոչ մի միլիմետր զիջում չի լինելու, ավելին, ըստ մարզպետի,իրենք պահանջ ունեն Ադրբեջանից՝ շուրջ 10.000 հեկտար հողատարածքի տեսքով:

Տավուշի մարզի՝ խնդրո առարկա սահմանապահ գյուղեր և վայրեր մեր այցելությամբ պարզեցինք հետևյալը.

  • Գյուղական շրջանակներում առայժմ հանդարտ վիճակ է, և տեսանելի գործողություններ (չափումներ, Ադրբեջանի կողմից իրականացվող տեղաշարժեր, դիրքերի փոփոխություններ և այլն) չէին իրականացվում (կամ դրանք մենք չենք նկատել):
  • 3-րդ բանակային կորպուսում, դիրքերում ևս սովորականից տարբերվող շարժեր կամ գործողություններ տեղի բնակիչները վերջին օրերին չեն նկատել, և ՀՀ զինված ուժերը լիարժեքորեն կատարում են իրենց առջև դրված խնդիրները:   
  • Ռուսական զորախումբ, այնուամենայնիվ, ժամանել է Տավուշի մարզ, այն իրականացնում է որոշակի դիտարկումներ և գործողություններ: Թե ինչպիսի առաջադրանք են կատարում ռուսները՝ շրջանառվում են մի քանի վարկածներ, և առայժմ վաղ է դրանցից որևէ մեկը ժխտել կամ հաստատել: Նշյալ վարկածներից որևէ մեկի հաստատումից հետո միայն կարելի է խոսել ադրբեջանական կողմի՝ այս կամ այն գործողության նախապատրաստվելու մասին: Առայժմ, սակայն, մի բան հստակ է՝ Տավուշում իրավիճակը առաջվանը չէ, և տեղի են ունենում ինչ-որ զարգացումներ:

Որպես վերջաբան՝ փաստենք, որ GPS-ը ամերիկյան նավիգացիոն համակարգ է,  որը տարբեր արբանյակների տվյալներով ֆիքսում է սարքի գտնվելու կետը։ GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող և, առավել ևս, որոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝ միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնություն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմի կամ միջազգային արբիտրաժ։ Հավելենք նաև, որ որևէ մեկի համար պարզ չէ, թե GPS համակարգ խորհրդային ո՞ր քարտեզներն են մուտքագրված, ավելին՝ արդյո՞ք նշված նավիգացիոն համակարգի հետևում կանգնած անձինք չեն կաշառված ադրբեջանական նավթադոլարներով և Ադրբեջանի օգտին չեն գծանշել սահմանները:

Վահե Սարգսյան

Խնդրի որոշ մեկնաբանություններ՝ տեսանյութում: