Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ստորաբաժանումների կողմից անցկացված բացատրական մեծածավալ և հետևողական աշխատանքների շնորհիվ Գյումրի քաղաքի տարբեր հասցեներից գողություններ կատարելու համար կալանավորված անձ Վ.Պ.-ն 2021 թվականի մարտի 4-ին հանդես է եկել մեղայականով առ այն, որ սույն թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում 21 դեպքով Երևան և Գյումրի քաղաքներում կատարել է ուրիշի գույքի գաղտնի և բացահայտ հափշտակություններ, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Մասնավորապես կալանավորված անձը, մատնանշելով կոնկրետ հասցեներ, խոստովանել է, որ ապօրինի մուտք գործելով պահպանվող շինություն և օգտվելով պահակի քնած լինելու հանգամանքից՝ գողացել է համակարգչի մոնիտոր և մեկ շիշ վիսկի, երեկոյան ժամերին 9 դրվագով կանանցից բացահայտ հափշտակել է նրանց պայուսակները, սեփականատիրոջ ներկայությամբ բացահայտ հափշտակել է հեծանիվ, թվով 6 հատ «Tell cell» վճարային տերմինալներից գողացել է անվանական արժեքներով մետաղադրամներ, ապակիները կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել ծաղկի 2 սրահ և սննդի արագ սպասարկման 2 կետ, որտեղից գողացել է բջջային հեռախոսներ, ականջակալ և կանխիկ գումար, բացի այդ` փորձել է հափշտակել ավտոմեքենա, որն իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով ավարտին հասցնել` գողացել է տվյալ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը։
Մեղայականով ներկայանալու մասին կալանավորված անձի դիմումն ուղարկվել է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմիններին՝ քրեադատավարական ընթացակարգով հետագա ընթացքը լուծելու համար: