կարևոր
259 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-17 09:12
Հասարակություն

ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ռոման Տերտերյանը պաշտոնը ստանձնելուց առաջ շուրջ վեց տարի աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։ Հատկանշական է, որ Տերտերյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի ամուսինն է, և նրա խորհրդարանում աշխատելու տարիները համընկել են կնոջ պատգամավորական գործունեության ժամանակահատվածի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Ռոման Տերտերյանի կենսագրությունը, նրա աշխատանքային ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար, թե ինչ ունեցվածք, դրամական միջոցներ, եկամուտներ և ֆինանսական պարտավորություններ ունի նորանշանակ պաշտոնյան։

Տերտերյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է դեռևս ուսանողական տարիներին։ 2013 թվականին աշխատել է «National Instruments» ընկերությունում՝ որպես ինժեներ-պրակտիկանտ, 2014-2015 թվականներին՝ մասնավոր կազմակերպությունում՝ որպես հաշվապահ։

2015-2020 թվականներին գործունեություն է ծավալել որպես անհատ ձեռնարկատեր՝ առևտրի և ծառայությունների ոլորտներում իրականացնելով ծրագրեր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2020-2026 թվականներին Տերտերյանն աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։

Հատկանշական է, որ Ռոման Տերտերյանը ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի ամուսինն է։ Այսինքն՝ Տերտերյանը խորհրդարանում աշխատել է այն ժամանակահատվածում, երբ նրա կինը պատգամավորական գործունեություն էր ծավալում։

2026 թվականի օգոստոսի 4-ին Ռոման Տերտերյանը նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Տերտերյանի 2025 թվականի հայտարարագիրը և արձանագրեց, որ նրա անունով հայտարարագրված է մեկ անշարժ գույք՝ ավտոտնակ, որը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Այն ձեռք է բերվել 2024 թվականի ապրիլի 18-ին՝ նվիրատվության եղանակով։

Ավտոմեքենաներ․

Տերտերյանը հայտարարագրել է երկու մարդատար ավտոմեքենա։

Առաջինը 2014 թվականի արտադրության MINI մակնիշի ավտոմեքենան է, որը ձեռք է բերել 2021 թվականի մայիսի 29-ին։

2025 թվականի ապրիլի 2-ին նա ձեռք է բերել նաև 2016 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Հայտարարագրում նշված է, որ մեքենան ձեռք է բերվել 2 մլն 400 հազար դրամով։

Դրամական միջոցներ․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի սկզբին Ռոման Տերտերյանն ունեցել է 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջին նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ։

Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում նրա կանխիկ գումարն ավելացել է 1 մլն 500 հազար դրամով։

Բացի կանխիկ գումարից՝ բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբին կազմել են 78 հազար 828 դրամ, իսկ տարեվերջին՝ 372 հազար 116 դրամ։

Եկամուտներ․

2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Ռոման Տերտերյանի ընդհանուր եկամուտները կազմել են 4 մլն 2 հազար 920 դրամ։

Դրանցից 3 մլն 602 հազար 920 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։

Բացի այդ, նա «ԼԻԼԻԱ ՎԱՐ» ՍՊԸ-ից ստացել է 400 հազար դրամ՝ որպես վարձակալության դիմաց վճար։

Միաժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Տերտերյանի ստացած վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 38 մլն 760 հազար դրամ։ Հայտարարագրում որպես վարկի նպատակային նշանակություն նշված է բնակարան։

Այսպիսով, Ռոման Տերտերյանի 2025 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի ավտոտնակ, երկու ավտոմեքենա, 5 մլն դրամ կանխիկ գումար, 372 հազար 116 դրամ բանկային հաշվի մնացորդ։ Միաժամանակ նրա վարկային պարտավորությունները կազմել են 38 մլն 760 հազար դրամ։

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի կինը՝ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը․

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ ուսումնասիրել էր նաև Ռոման Տերտերյանի կնոջ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզել, որ վերջինս հայտարարագրում անշարժ գույք, ավտոմեքենա, արժեթղթեր կամ 4 մլն դրամը գերազանցող արժեք ունեցող թանկարժեք գույք չի ներկայացրել։

Փոխարենը՝ 2025 թվականի սկզբին Պողոսյանն ունեցել է 3 մլն 800 հազար դրամ կանխիկ գումար, իսկ տարեվերջին նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն 200 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 439 հազար 709 դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 20 մլն 10 հազար 368 դրամ, որից 13 մլն 237 հազար 640 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 1 մլն 765 հազար 578 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը, 7 հազար 150 դրամը՝ այլ եկամուտը, իսկ 5 մլն դրամը՝ ստացված փոխառությունը։

Հատկանշական է, որ Պողոսյանը հայտարարագրել է նաև 45 մլն 890 հազար 280 դրամի վարկային պարտավորություն։ Դրանցից մեկը կազմում է 19 մլն 450 հազար 680 դրամ, մյուսը՝ 26 մլն 439 հազար 600 դրամ։ Երկու վարկերի հիպոթեքի առարկան էլ բնակարանն է։ Միայն 2025 թվականին վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 6 մլն 228 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Մարիամ Պողոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն տարածքային կառույցի նախագահն է։

Այսպիսով, Ռոման Տերտերյանի և նրա կնոջ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի 2025 թվականի հայտարարագրերը միասին դիտարկելիս ստացվում է, որ նրանք ունեն ընդհանուր 10 մլն 200 հազար դրամ կանխիկ գումար և 811 հազար 825 դրամ բանկային հաշիվների մնացորդ։ Միասին նրանց հայտարարագրած վարկային պարտավորությունները կազմում են 84 մլն 650 հազար 280 դրամ, որից 38 մլն 760 հազարը Ռոման Տերտերյանինն է, իսկ 45 մլն 890 հազար 280 դրամը՝ Մարիամ Պողոսյանինը։

Ընդհանուր առմամբ, ամուսինների՝ 2025 թվականի հայտարարագրերով ներկայացված եկամուտները կազմել են 24 մլն 13 հազար 288 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։