| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում մայիսի 16-ին թևածում էր հայրենասիրության և ազգային հպարտության ոգին:
Արցախյան հերոսամարտի ժամանակ գյուղի ինքնապաշտպանության մարտերում զոհված վահանցի հերոսների գերեզմանոց-հուշահամալիրի և Հայրենական մեծ պատերազմում ընկած անհայտ զինվորի հուշարձանի բարձունքում գյուղի դպրոցի աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության իրենց ուսուցչի՝ Ռիտա Աբրահամյանի գլխավորությամբ և կազմակերպմամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայոց պատմության մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ հիանալի միջոցառում պարգևեցին համագյուղացիներին և այդ առթիվ գյուղ ժամանած հյուրերին, հարակից զորամասի ժամկետային զինծառայողներին:
Մասշտաբային ներկայացումներով, երգով ու պարով, ասմունքով ներկայացվեց Հայոց ամբողջ պատմությունը՝ սկսած Հայկ Նահապետից՝ մինչև Արցախյան հերոսամարտ, Շուշիի ազատագրում, պետականության վերականգնում, ինչպես նաև ներկայացվեց հայ ժողովրդի ունեցած ներդրումը Երկրորդ աշխարահամարտում:
Միջոցառումը, որը կառուցված էր հայ ժողովրդի ազգային ինքնության 4 հիմնական սյուների շուրջ՝ հայոց լեզու, հայոց եկեղեցի, բանակ և մշակույթ, զարգացնում էր ապրելու և արարելու կամքի, շարունակականության և ազգային միասնականության գաղափարները: Իր խոսքում Ռ. Աբրահամյանը նշեց, որ բեմադրությունների համար անհրաժեշտ հագուստի, տեխնիկական միջոցների ապահովման խնդիրները փորձել են հնարավորինս լուծել սեփական համեստ ռեսուրսներով:
Չնայած դրան՝ աշխատել են մեծ ոգևորությամբ, քանի որ իրենց նպատակը եղել է ոչ այնքան շեշտադրումը պատմության ողբերգական դրվագների, որքան ոգեշնչման, հայ ժողովրդի հերոսականության և հատկապես սեփական խնդիրները սեփական ուժերով լուծելու կարողության հանդեպ հավատի գաղափարը նոր սերնդի մեջ ամրատավորումը: Դրանց կենդանի վկայությունը գյուղի նահատակ տղաների անմար հիշատակն է, ինչպես նաև հայկական բանակի այսօրվա զինվորը, որը անձնազոհության և խիզախության նոր էջեր է գրում հայոց պատմության համար:
Գյուղապետ Գուրգեն Բալյանը, շնորհակալություն հայտնեց ուսուցչուհուն, դպրոցի տնօրինությանը և աշակերտներին բազմաթիվ հոգսերով ծանրաբեռնված գյուղի առօրյան բովանդակալից դարձնելու և միջոցառման հիմնական ուղերձների միջոցով փոխանցվող ներշնչանքի համար:
Այս ամենը շուտով հիմնադրման 90-ամյակը նշելուն պատրաստվող գյուղին հիշեցնում է հայրենիքի դարպասը, վահանը լինելու հանգամանքը և նորացնում ընկած հերոսների գործը ավարտին հասցնելու վճռականությունը:







