կարևոր
337 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-16 23:58
Տարածաշրջան

Թուրքիայում խոշոր ֆինանսական սկանդալ է բացահայտվել․ Էրդողանի նախկին համախոհը ձերբակալվել է

Թուրքիայում խոշոր ֆինանսական սկանդալ է բացահայտվել․ Էրդողանի նախկին համախոհը ձերբակալվել է

Թուրքիայում ներդրումային հիմնադրամների հետ կապված լայնածավալ ֆինանսական սկանդալի շրջանակում ձերբակալվել է երկրի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախկին նախարար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) նախկին փոխնախագահ Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան։

Ինչպես հաղորդում է «Deutsche Welle»-ն, Ստամբուլի դատարանը նոյեմբերի 6-ին որոշում է կայացրել նախկին նախարարին կալանավորել մինչև դատավարությունը։ Նա կասկածվում է կապիտալի շուկայի օրենսդրությունը խախտելու և հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեջ։

Քննության տվյալներով՝ Քայան և նրա ամուսինը կարող էին խոշոր եկամուտներ ստանալ ներդրումային հիմնադրամների բաժնետոմսերի հետ կապված կասկածելի գործարքներից։ Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ՝ զույգը հիմնադրամներից մեկում ներդրել է շուրջ 163 միլիոն թուրքական լիրա, իսկ հետագայում ստացել մոտ 2,17 միլիարդ լիրա՝ ավելի քան 40 միլիոն դոլար։

Ֆինանսական սկանդալը Թուրքիայում սկսվել է սեպտեմբերի կեսերին, երբ ներդրումային հիմնադրամների շուկայում առաջացած իրացվելիության ճգնաժամը հանգեցրել է բաժնետոմսերի զանգվածային վաճառքի։ Կարգավորող մարմինները որոշել են լուծարել 131 ներդրումային հիմնադրամ։ Գործընթացն առնչվել է շուրջ կես միլիոն ներդրողի շահերին։

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հայտարարության համաձայն՝ քննությամբ բացահայտվել է կազմակերպված հանցավոր ցանց, որի գործունեությունը տարածվել է նաև երկրի ֆինանսական համակարգի ղեկավար օղակների վրա։ Նոյեմբերի սկզբի դրությամբ քննության շրջանակում ուսումնասիրվել է 433 անձի հնարավոր մասնակցությունը, որոնցից 112-ը կալանավորվել են։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուկայական մանիպուլյացիաների և ապօրինի եկամուտների ստացման համար պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից։