Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ուղերձ է հղել Երեւանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին:
Ուղերձում ասված է.
Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Թանկագին երիտասարդներ,
Ի սրտե ողջունում եմ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովի բոլոր մասնակիցներին ու հյուրերին:
Նման միջոցառման անցկացումը համարում եմ կարեւոր ու պահանջված, եւ այդ իսկ պատճառով, ուզում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը` նախաձեռնության իրականացման համար:
Հայ ժողովրդի գոյության եւ բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր ու անկախ ազգային պետականության առկայությունն է: Իսկ մեր անկախ պետականության հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը եւ նրա շարունակական ամրապնդումը: Այս համատեքստում հրամայական է դառնում համազգային կարեւորագույն խնդիրների շուրջ միասնական ու համակարգված քաղաքականության իրականացումը: Նման գերխնդիրներից է Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչումը, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծումը եւ սփյուռքում հայ ինքնության պահպանումը:
Ողջունելի է, որ այդ եւ դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցեր ընդգրկված են համաժողովի օրակարգում: Կրկնակի ողջունելի է, որ միջոցառումը երիտասարդական է: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս աշխատանքն ավելի երկարաժամկետ տեսլականով կազմակերպելու համար:
Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի աշխարհի տարբեր ծայրերում հայ երիտասարդների միջեւ կապերի ամրապնդման գործին:
Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք: