կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 18:27
Աշխարհ

Աֆրիկայում կորոնավիրուսի համավարակի մասշտաբները խիստ թերագնահատված են

Աֆրիկայում կորոնավիրուսի համավարակի մասշտաբները խիստ թերագնահատված են

Աֆրիկայում կորոնավիրուսի համավարակի մասշտաբները խիստ թերագնահատված են: Նման եզրակացության են հանգել Միացյալ Նահանգների եւ Զամբիայի բժիշկները, ովքեր այս հիվանդության հետքեր են հայտնաբերել վերջերս մահացած զամբիացիների 20 տոկոսի օրգանիզմում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով British Medical Journal-ը:

Փորձագետները դեռ համավարակի սկզբում էին մտավախություններ հայտնում նոր տեսակի կորոնավիրուսի` Աֆրիկայի եւ Ասիայի զարգացող երկրներ ներթափանցումից: Բանն այն է, որ ոչ շատ զարգացած առողջապահական համակարգի պատճառով այս երկրները կարող էին հեշտությամբ հիվանդության շատ հզոր բռնկման օջախ դառնալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 2020 թվականի կանխատեսումների համաձայն` Աֆրիկայում գրեթե 250 միլիոն մարդ կարող է վարակվել կորոնավիրուսով: Սակայն հետագա դիտարկումները ցույց են տվել, որ համավարակը գրեթե չի անդրադարձել մայրցամաքի վրա:

Ներ հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ն Աֆրիկայում շատ ավելի տարածված է, քան այդ մասին ասվում է պաշտոնական վիճակագրության մեջ: Այն իրականացրած բժիշկները, Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) դոցենտ Քրիստոֆեր Գիլի ղեկավարությամբ, հետազոտել են հանգամանքները, որոնցում 2020 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին մահացել է Զամբիայի մայրաքաղաք Լուսակայի 370 բնակիչ:

Պարզվել է, որ ուսումնասիրված դիակների մոտ 20 տոկոսի մոտ նոր տեսակի կորոնավիրուսի մասնիկներ են եղել: Դրանց կեսը բնորոշ էր COVID-19 սուր ձեւին: Ինչպես եւ մյուս երկրներում, վիրուսից ամենաշատը ուժել են տարեցները` 49 տարեկան եւ բարձր: Ընդ որում, ըստ գիտնականների, 370-ից միայն 6-ն է կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել կյանքի ընթացքում:

Հետազոտողների կարծիքով` ստացված տվյալների եւ պաշտոնական վիճակագրության միջեւ նման լուրջ անհամապատասխանությունը կարելի է բացատրել նրանով, որ Լուսակայում COVID-19-ով հիվանդների երեք քառորդը մահացել է ոչ թե հիվանդանոցներում, այլ տներում եւ համայնքներում, որտեղ չկան համապատասխան պայմաններ եւ միջոցներ SARS-CoV-2-ի ախտորոշման թեստեր հանձնելու համար:

Բացի այդ, կորոնավիրուսի զոհերից շատերը հիվանդ էին տուբերկուլյոզով եւ ՄԻԱՎ-ով: Ուստի նրանց հարազատներն ու բժիշկները կարող էին ենթադրել, որ այդ մարդիկ COVID-19-ից չեն մահացել: Մյուս կողմից, կորոնավիրուսի ախտորոշման համար թեստավորել են Լուսակայի բնակիչների միայն փոքր մասին, ինչը նշանակում է, որ բժիշկները քիչ ուշադրություն են դարձրել վարակի ախտանիշներին եւ հազվադեպ են ախտորոշում արել:

Գիլը եւ նրա գործընկերները կասկածում են, որ նման մի բան կարող էր տեղի ունենալ նաեւ  եկամտի եւ ենթակառուցվածքների ավելի ցածր մակարդակով աֆրիկյան մյուս երկրներում: Գիտնականները հույս են հայտնել, որ իրենց հետազոտությունը կգրավի իշխանությունների եւ ԱՀԿ մասնագետների ուշադրությունը, ինչի շնորհիվ Աֆրիկայում համաճարակաբանական իրավիճակի ավելի լայնածավալ հետազոտություններ կսկսվեն: