կարևոր
5488 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-24 18:29
Աշխարհ

ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ չի ցանկանում ընդլայնել պաղեստինաիսրայելական հակամարտության մասշտաբները․ Աբդոլլահիան

ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ չի ցանկանում ընդլայնել պաղեստինաիսրայելական հակամարտության մասշտաբները․ Աբդոլլահիան

ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ մտադիր չէ ընդլայնել պաղեստինաիսրայելական հակամարտության մասշտաբները։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք հաղորդագրություններ ենք ստացել ամերիկյան կողմից, որ նրանք չեն ցանկանում ընդլայնել պատերազմի շրջանակը։ Ի պատասխան՝ մենք հայտնեցինք ամերիկացիներին, որ նրանք ընդլայնում են պատերազմի մասշտաբները՝ Իսրայելին աջակցելով և սպառազինություն տրամադրելով», – Ամիր Աբդոլլահիանի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ Գազայի ապագան «որոշում են Պաղեստինի ժողովուրդը և դիմադրությունը»։

Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է Գազայում Իսրայելի «պատերազմական հանցագործությունները» դադարեցնելու նախաձեռնություն իսլամական երկրների ղեկավարներին և BRICS-ի անդամ երկրներին։

Նոյեմբերի 24-ին առավոտյան ժամը 7։00-ից Գազայի հատվածում ուժի մեջ է մտել քառօրյա հրադադարը։ Բժշկական պարագաներով, վառելիքով և սննդով 6 բեռնատար Եգիպտոսից մտել է Գազայի հատված։ Ավելի ուշ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման մոտ պահվող 13 պատանդներ կփոխանակվեն Իսրայելում բանտարկված 39 պաղեստինցիների հետ։ Ընդհանուր առմամբ, հրադադարի 4 օրերի ընթացքում նախատեսվում է 50 իսրայելցի պատանդի փոխանակել 150 պաղեստինցի բանտարկյալի հետ։

Իսրայելը Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային գործողությունը սկսել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Իսրայելական հարվածների ընթացքում Գազայում զոհերի թիվը գերազանցել է 14 000-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։