կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 20:07
Հասարակություն

Covid-19-ի դեմ պատվաստանյութերի տարածումը համարում է ոչ համաչափ և անարդար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Covid-19-ի դեմ պատվաստանյութերի տարածումը համարում է ոչ համաչափ և անարդար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածումն աշխարհում իրականացվում է անարդար և ոչ համաչափ կերպով, ինչը կարող է լրջորեն բարդացնել համավարակի դեմ պայքարը: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Պետք է հասնենք նրան, որ բոլոր մարդիկ համատեղ հնարավորություն ունենան պատվաստվել հնարավորինս շուտ»,- նշել է Գուտերեշը՝ ընդգծելով, որ «կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստումների 75 տոկոսն արվել է 10 երկրում, իսկ ավելի քան 130 երկիր պատվաստանյութի որևէ չափաքանակ չի ստացել»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նկատել է, որ եթե զարգացող երկրներում վիրուսը հնարավորություն ստանա տարածվել, ապա այն անդադար մուտացիաների կենթարկվի: «Նոր տեսակները կարող են ավելի վարակիչ, մահաբեր լինել, իսկ դա պոտենցիալ սպառնալիք կդառնա պատվաստանյութերի արդյունավետության և ախտորոշման տեսանկյունից»,- հայտարարել է Գուտերեշը:

Նա առաջարկել է G20 երկրներին հատուկ խումբ ստեղծել կորոնավիրուսի դեմ գլոբալ պատվաստման նպատակով: «Աշխարհին հրատապ կերպով անհրաժեշտ է պատվաստման համաշխարհային ծրագիր՝ միավորելու բոլոր ռեսուրսները, գիտելիքները և ֆինանսական միջոցները: Կարծում եմ՝ G20-ն այնպիսի վիճակում է, որը նրան թույլ  կտա ստեղծել հատուկ աշխատանքային խումբ նման ծրագրի նախապատրաստման, հետագա կոորդինացման ու ֆինանսավորման համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: