Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ նախարարության հասարակայնության հետ կապերի ֏ տեղեկատվության վարչությունը։
Գործող կարգում առկա են տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում են` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում: Փոփոխություն է կատարվել նաև տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում: Վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս:
Նոր կարգում մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագրի ներկայացման նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատվել էր դպրոցի զարգացման ծրագրի ձևաչափը, որտեղ սահմանվել են ծրագրին ներկայացվող հիմնական պահանջները:
ՀՀ կառավարության նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ փոփոխություն էր կատարվել հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում:
Նախկին տնօրենը չի կարող պաշտոնակատար նշանակվել
Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կա՛մ մարզպետը, կա՛մ Երևանի քաղաքապետը, ըստ ենթակայության, թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին:
Լիազոր մարմնի ղեկավարը տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող կարող է նշանակել նաև բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Հստակ ամրագրվում է, որ նախկին տնօրենը, ում լիազորությունների դադարեցման արդյունքում է առաջացել տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող։
Մրցույթ հայտարարելը. նոր ժամկետներ
Դպրոցի կառավարման խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում: Խորհուրդը տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված՝ առավելագույնը եռամսյա ժամկետում (չներառելով դպրոցական արձակուրդների, արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածը), կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ:
Կառավարման խորհրդի նախագահը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը և մրցույթի հայտարարությունն առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին:
Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է www.azdarar.am կայքում, ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` www.escs.am, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացվելուց հետո՝ առավելագույնը 2 աշխատանքային օրում:
Մրցույթի մասնակիցների հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ: Սահմանվում է, որ հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվում է մեկ անգամ՝ տասնհինգ աշխատանքային օրով: Եթե երկարաձգված ժամանակահատվածում ևս դիմող չի լինում, ապա հայտարարվում է նոր մրցույթ:
Հայտերն ընդունում են կառավարման խորհրդի երկու անդամները, որոնք լիազորված են մրցույթ հայտարարած հաստատության խորհրդի կողմից:
Ով կարող է դառնալ դպրոցի տնօրեն
Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադիր է: Հավակնորդը հաստատության խորհրդի նախագահին ներկայացնում է դիմում, ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ), ինքնակենսագրություն, հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ), դպրոցի զարգացման ծրագիրը, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է դպրոցի պաշտոնական կայքում և տրամադրվում խորհրդի անդամներին:
Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Այդ դեպքում փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը:
Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել բոլոր հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության սովորողների հետ և տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ:
Ինչպես են արձանագրվում ծնողական և մանկավարժական համայնքի ձայները. նոր կարգավորում
Հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպվում է քննարկում` հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ: Եթե տնօրենի հավակնորդը չներկայանա քննարկմանը, ապա չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:
Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է փակ քվեարկություն, որի արդյունքները պարտադիր են մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար: Նրանք պարտավոր են քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին:
Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից ըստ քվեարկության արդյունքների թեկնածու չընտրելու պարագայում խորհրդում առաջադրված անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ: Նշենք, որ տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը), եթե նա տնօրենի պաշտոնի հավակնորդ է, չի մասնակցում մյուս հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկմանը և քվեարկությանը:
Տնօրենի ընտրություն` բաց քվեարկությամբ
Մրցույթն անցկացնում է կառավարման խորհուրդը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում եզրակացություն` դրական կամ բացասական: Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին:
Մրցույթի ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը ձայնագրվում է, իսկ ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում:
Հիմնական նորություններից մեկն այն է, որ տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:
Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ, և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում դարձյալ հայտարարվում է նոր մրցույթ: Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո՝ մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները, որոնք կարող են բողոքարկվել 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:
Նշենք, որ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` խորհրդի նախագահին նախապես ներկայացնելով դիմում: