կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 12:27
Հասարակություն

Փոփոխություններ դպրոցի տնօրենի նշանակման կարգում

Փոփոխություններ դպրոցի տնօրենի նշանակման կարգում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N319-Ն որոշմամբ հաստատված կարգում:

Մասնավորապես` լրացում է կատարվել հիշյալ կարգի 6-րդ կետում: Սահմանվել է, որ խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ, տրամադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Այդ տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:

Սահմանվել է, որ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում՝ ՀՀ կառավարության N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով: Տնօրենների հավակնորդների մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում կատարված մյուս փոփոխությունը (28-րդ կետ) հետևյալն է. երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:

Նախարարությունը, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որևէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում և 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն` աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ: