կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-29 17:48
Քաղաքական

Ստրուկը, որը դառնում է արքա

Ստրուկը, որը դառնում է արքա

Երեք բան է միշտ երկիրը ցնցում,
և չորս բանի էլ մենք չենք դիմանա,_
Այսպես է գրել իմաստուն գրքում
Սողոմոնն ինքը, և թող իմանա
Մեզնից ամեն մեկն այդ մասին ընդմիշտ
և ամեն մեկս թող հավետ հիշի,
Որ չորս նզովքից ամենից վատթարն
ստրուկն է՝ նստած գահին ուրիշի:

Անբարո կինն է թե ամուսնանում,
զավակ է ծնում՝ մեղքն է մոռացվում:
Անմիտն ուտում է և քուն է մտնում,
իսկ երբ քնած է, ձայնը չի լսվում:
Թե աղախինն է դառնում տիրուհի,
նրանից հեռու դու մնա կյանքում:
Փրկություն չկա, սակայն, ստրուկից,
որը մեր գլխին արքա է կարգվում:

Հիմար է՝ գործում կառուցողական
և կործանիչ է ամեն կառույցի:
Չի լսում ձայնը բանականության.
իր գոռգոռոցն է վերջը զրույցի:
Իշխում է միայն իշխելու համար,
ուժով է ճնշում ոգին իմաստուն
Եվ իմաստուն է հռչակում նրան,
ով որ քծնում է՝ ՛՛Միակ ճիշտն ես դու՛՛:

Ստրուկ է եղել, ուրեմն՝ սովոր,
որ դժբախտության պահին սոսկալի
Իր գործած ամեն արարքի համար
իր տերն է միայն պատասխան տալիս:
ՈՒ երբ որ արդեն երկիրն ամենայն
դժոխք է դարձնում վարքով տմարդի,
Մեղավորի է որոնում միայն,
որ նրա վրա մեղքերը բարդի:

Միշտ այնպես հեշտ է խոստումներ տալիս,
բայց խոսքն է շուտով նա տալիս քամուն:
Ահ կա իր սրտում՝ թե՛ բարեկամից,
թե՛ մերձավորից, ինչպես թշնամուց:
Համառ է ու բիրտ, երբ որ հարկ չկա,
թույլ է, երբ հարկ է լինել աննկուն:
Ստրուկը, որը դառնում է արքա,
հոգով ստրուկ է դարձյալ իր կյանքում:

Ռեդյարդ Քիփլինգ

Անգլերենից թարգմանեց  Խորեն Գասպարյանը