Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է ՊՆ համակարգում կադրային քաղաքականությանը։ Տիգրան Աբրահամյանը նշում է, որ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում Սուրեն Սահակյանի նշանակումը, բացի ինչ որ մեկի՝ վարչապետի կամ պաշտպանության նախարարի նեղ անձնական նպատակահարմարությունից, որևէ բան չի հուշում։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև:
Վարչապետի որոշմամբ՝ մի քանի օր առաջ, պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել Սուրեն Սահակյանը։ Վերջինս մասնագիտությամբ ֆիզիկոս է, ով սովետական ժամանակաշրջանում աշխատել է իր մասնագիտությամբ, սակայն 1991-92 թվականներին հասցրել է նշանակվել Ներքին գործերի առաջին փոխնախարարի և Հարկային պետական տեսչության պետի պաշտոնում, իսկ դրանից հետո մոտ 8 տարի՝ մինչև 2002 թվականը, զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
Վերջին 2 տասնամյակում, ըստ Սահակյանի կենսագրության, նա տարբեր մասնավոր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, վերջինը՝ 2011-18 թվականների եղել է ՎՏԲ Հայաստան կառավարման պետը։
Ըստ մամուլում՝ Սահակյանի մասին շրջանառվող կենսագրական տվյալների, նա 2018 թվականից հետո որևէ գործունեությամբ չի զբաղվում։
Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում Սուրեն Սահակյանի նշանակումը, բացի ինչ-որ մեկի՝ վարչապետի կամ պաշտպանության նախարարի նեղ անձնական նպատակահարմարությունից, որևէ բան չի հուշում․ ինչո՞ւ է նա նշանակվել այդ պաշտոնում և ի՞նչ խնդիր է լուծելու։
Մյուս կողմից, սրանից մեկ շաբաթ առաջ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակված նախկին ոստիկանապետն անկեղծորեն նշել էր, թե տեղյակ չէ, թե որ ոլորտներով կամ ուղղություններով է զբաղվելու, ենթադրելի է, որ Սահակյանի դեպքում էլ նույն անորոշությունը կարող է լինել՝ հետո մի բան կմտածենք սկզբունքով, ինչն արդեն իսկ մտահոգիչ է։
Գլխավոր խնդիրն այս ու մինչև այդ՝ նախկին ոստիկանապետին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցում միայն այն չէ, որ այս մարդիկ համակարգից չեն, այլ առհասարակ պարզ չէ, թե Հայաստանի, Արցախի, մեր զինված ուժերի համար այս ծանր շրջափուլում այս նշանակումները ինչ խնդիր են լուծելու։
Օրինակ՝ ժամանակին պաշտպանության նախարար նշանակվել է Վիգեն Սարգսյանը, ով մինչ այդ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, սակայն համակարգ գալով իր կառավարչական, ինտելեկտուալ հնարավորություններն օգտագործելով, կարճ ժամանակում որոշ կարևոր բարեփոխումներ իրականացրեց։
Կամ Դավիթ Տոնոյանի օրոք, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մինչև տեղակալի պաշտոնում նշանակվելը համակարգի հնաբնակ չէր, սակայն գոնե հայտնի էր, որ ՊՆ իրավական բլոկն էր համակարգում՝ օրենսդրական նախաձեռնություններից ռազմական ոստիկանություն, ռազմական դատախազություն և այլն։
Գաբրիելյանի գործընկեր Մակար Ղամբարյանը, ով Տոնոյանի պաշտոնանկությունից հետո ազատվեց իր պաշտոնից, համակարգում էր ՊՆ ֆինանսական բլոկը, գնումների գործընթաց, աուդիտ և այլն, իսկ մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը վերջինս Ֆինանսների նախարարությունում, կառավարության աշխատակազմում այդ ոլորտի լավագույն, փորձառու մասնագետներից էր։
Այսինքն՝ նրանց պարագայում գոնե ընկալելի էր աշխատանքն ու այդ պաշտոնում նրանց նշանակվելու մոտիվացիան՝ անկախ նրանից, թե նրանք դա ինչպես են իրականացրել։
Համեմատության համար նշեմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները՝ Տիրան Խաչատրյանը, Ստեփան Գալստյանը, Անդրանիկ Մակարյանը, Կարեն Աբրահամյանը, Առաքել Մարտիկյանը փորձառու զինվորականներ են, ծառայության մեծ ճանապարհ են անցել ու այդ պատճառով նրանց՝ այդ տեղում նշանակումները ժամանակին լայն քննարկման առարկա չեն դարձել։
Միգուցե դրանք քննարկվել են շատ նեղ մասնագիտական միջավայրում կամ ԳՇ ներքին խոհանոցում, սակայն հանրության լայն զանգվածների համար այդ նշանակումները մտահոգության առարկա չեն դարձել։
Նույնիսկ համակարգի ներսից՝ տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար է շատ ժամանակ դժվար լինում նման կարևոր պաշտոններ նշանակվելուց հետո տիրապետել զինված ուժերի ընդհանուր զարկերակին, ունենալ համակարգային փոփոխությունների ձևավորված մոտեցումներ, այսպիսի բարդ պայմաններում արագ փոփոխությունների, օպերատիվ լուծումների գնալու ձիրք, սակայն իշխանությունը շարունակում է իր անտրամաբանական կադրային տեղաշարժերը և դրանով իսկ էականորեն նվազեցնում սպասումներն այդ համակարգից։
Ի դեպ, ես կարծում եմ, որ նույնիսկ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության տարանջատումից հետո էլ պաշտպանության նախարարի տեղակալներից գոնե մեկը պետք է լինի պրոֆեսիոնալ զինվորական, որովհետև կան հարցեր, խնդիրներ, որոնք կարելի է դնել կամ քննարկել միայն փորձառու զինվորականների հետ ու նոր միայն արդյունավետ լուծումներ գտնել, որովհետև բանակը բազմաշերտ համակարգ է և այնտեղ քիչ հարցեր կան, որոնք պարզ լուծումներով կարգավորվում են։ Ավելին՝ ցանկացած ձախողում այս համակարգում շատ ավելի զգայուն է և վտանգավոր, քան մնացած ոլորտներում։
Պաշտպանական համակարգում իր նշանակումներով՝ նախարարից մինչև տեղակալներ, իշխանություն ցույց է տալիս, որ այդ կառույցն իր համար լուրջ նշանակություն չունի և տարբեր դեմքերով այնտեղ զուտ ներկայություն ապահովելու խնդիր է լուծում՝ դրանով իսկ վտանգելով առանց այդ էլ փխրուն փուլում գտնվող մեր անվտանգային համակարգը։