կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 22:54
Մշակույթ

Կատարվածը կասկածների տեղիք է տալիս, և պետք է անհապաղ պարզաբանվեն սույն հարցերը. բաց նամակ ՀԱԳ-ին

Կատարվածը կասկածների տեղիք է տալիս, և պետք է անհապաղ պարզաբանվեն սույն հարցերը. բաց նամակ ՀԱԳ-ին

Yerkir.am-ը ներկայացնում է ՀՀ քաղաքացի, թվային տեխնոլոգիաների բնագավառում առաջատար մասնագետ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանի բաց նամակը Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) տնօրինությանը։ Ժիրայր Պեոճեքյանը ՀԱԳ-ի սերվերային համակարգի ու կայքի խափանման առիթով մի շարք մասնագիտական հարցեր է ուղղել գրադարանի տնօրինությանը՝ ակնկալելով հրատապ և նույնքան մասնագիտական պատասխաններ։

Yerkir.am-ը ներկայացնում է վերոհիշյալ բաց նամակը և, ինչպես բաց նամակի հեղինակին, այնպես էլ ողջ հասարակությանն անհանգստացնող խնդրի առնչությամբ ակնկալում ՀԱԳ-ի սպառիչ պարզաբանումները։   

                                                                       ***

Կարդում եմ Հայաստանի ազգային գրադարանում հոսանքի տատանման պատճառով հրդեհի կամ դեպքի մանրամասնությունները։ Աղմուկ է բարձրանում, որ սերվերները վնասվել են, բայց հուսալի են, կամ թե՝ արխիվացված նյութերը կորել են, իսկ ՀԱԳ-ը պնդում է, որ նյութերը պահված են նաեւ առանձին կրիչի վրա եւ նման խոսակցություններ։

Անիմաստ աղմուկի, սխալ տեղեկատվության տարածման ու չարաշահման տեղ չտալու համար, անհրաժեշտ է ՀԱԳ-ից ստանալ հետևյալ մասնագիտական հարցերի պատասխանները․

1. Սերվերներն ինչպե՞ս են ծխացել․ սերվերները հարկավոր էր, որ համապատասխան սարքերով պաշտպանված լինեին ե՛ւ հոսանքի տատանումներից, ե՛ւ անջատումներից։ Այդ տեսակի սարքեր գոյություն ունեցե՞լ են ՀԱԳ-ի սերվերների տարածքում, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ ապա ինչո՞ւ, եթե այո՝ ինչի՞ չեն աշխատել ու պաշտպանել համակարգը։

2. Որեւէ սերվերային համակարգի, ՀԱԳ-ի նման հիմնարկի պարագայում՝ է՛լ ավելի, հիմնական են սերվերների ԱՄԲՈՂՋԱԿԱՆ բովանդակության պահպանման երկրորդական եւ երրորդական համակարգեր (backup), որոնցից երրորդը հարկավոր է որ լինի շենքից դուրս։ Նման համակարգ գոյություն ունեցե՞լ է։ Եթե այո, ապա քանի՞ մակարդակով եղել է այն, շենքից դուրս համակարգ պահպանվե՞լ է, ի՞նչն է պահպանվել առանձին կրիչների վրա, միայն արխիվացված նյութերի կրկնօրինակնե՞րը, թե նաև կայքի ծրագրային բովանդակությունը։ Եթե այս բոլորը պահպանվել են, ապա դա նշանակում է, որ կայքը պիտի որ վերագործարկվեր ամենաուշը՝ երկու կամ երեք օրվա ընթացքում։ Պահպանման համակարգի ճշգրիտ աշխատանքի պարագայում կայքը կարելի է վերագործարկել մի քանի ժամում, եթե ոչ ավելի շուտ։ Իսկ եթե այս բոլորը չեն եղել, ապա ինչո՞ւ։

Ամեն պարագայում՝ ստեղծված իրավիճակը կասկածների տեղիք է տալիս և հիմք՝ պնդելու, որ մասնագիտական լուրջ բաց է եղել ՀԱԳ-ում, եւ անհրաժեշտ է անկախ մասնագետներից կազմված քննիչ մարմին կազմավորել՝ հետաքննելու ինչպես պատահածը, այնպես էլ համակարգի պաշտպանության եւ նախազգուշական քայլերի առկայությունն ու ամբողջականությունը, ճշգրտել աշխատակիցների պատասխանատվությունները, մասնագիտական այն պահանջները, որոնց պարտավոր է ենթարկվել ՀԱԳ-ը (և ո՛չ միայն ՀԱԳ-ը․․․)։

Այս տիպի խնդիրները չի՛ կարելի մատնել անտարբերության, անուշադրության կամ արժանացնել անլուրջ վերաբերմունքի։ ՀԱԳ-ի եւ նման հիմնարկների թվային հարստությունը չի՛ պատկանում ո՛չ այդ հիմնարկներին, ո՛չ նոր կամ հին իշխանություններին, ո՛չ էլ որեւէ քաղաքական ուժի։ Իսկ Հայաստանում առկա են բավական մեծ թվով մասնագետներ, որոնք ի վիճակի են այս խնդրին տալու թվային արհեստագիտության ամենաորակյալ լուծումները։

Հույս ունեմ, որ ՀԱԳ-ը մասնագիտական այս հարցերին կտա հրապարակային եւ բավարար պատասխան։

Հարգանոք՝ Ժիրայր Պեոճեքյան

15.05.2020 թ.

ք. Երևան