Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 418.14 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.52 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
Ամեն անգամ, երբ գրիչ եմ վերցրել կամ նստել եմ համակարգչի առջև հրապարակախոսական հոդված գրելու, ինքնաբերաբար գործել են ներքին կարմիր գծերը: Այս անգամ, սակայն, ինձ հազիվ թե հաջողվի այդ սկզբունքը լիովին պահպանել, որովհետև դիմացինը բարոյականության ու քաղաքակրթության բոլոր կարմիր գծերը վաղուց է անցել: Խոսքս վարչապետի ինքնահռչակ տեղապահի մասին է:
Նիկո՛լ, դու մի վիճակում ես, երբ փորձում ես ամեն գնով դուրս պրծնել քո իսկ լարած թակարդից, բայց ավելի ու ավելի ես խճճվում նրա մեջ: Դու այլևս թշվառության ու ողորմելիության մարմնացում ես, բայց քեզանից ավելի թշվառ ու ողորմելի են քեզ շրջապատողները, լինենք նրանք քո կուսակից պատգամավորները, թե գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք դեռևս ամբողջ խորությամբ չեն գիտակցում իրենց ներկա կարգավիճակից բխող պատասխանատվությունը:
Խուսափելով քեզ ուղղված բոլոր կարևոր ու սուր հարցադրումներից՝ դու, Նիկո՛լ, նորից ու նորից շարունակում ես մոլորեցնել առանց այն էլ անորոշությունների գիրկն ընկած մարդկանց՝ նրանց վախեցնելով պատերազմի հնարավոր վերսկսման ուրվականով, եթե մենք կամովին չզիջենք մեր հայրենիքի այն տարածքները, որոնց նկատմամբ հավակնություններ է դրսևորում թշնամին: Սյունիքի Որոտան ու Ճակատեն գյուղերի բնակիչներին թշնամու հետ համակեցության հորդոր կարդալուց առաջ ընտանիքիդ հետ գնա և 2 գիշեր քնիր այդ գյուղերում, բայց առանց պահպանության ծառայության աշխատակիցների: Եռակողմ հայտարարության մեջ, որի տակ նաև քո ստորագրությունն է, Նիկո՛լ, ոչ մի խոսք չկա թշնամուն նոր տարածքներ հանձնելու մասին: Ընդհակառակը, ասվում է, որ կողմերը պիտի կանգնեն այնտեղ, որտեղ գտնվում են հայտարարությունը ստորագրելու պահին: Հետևաբար ո՞ր փաստաթղթի կամ պայմանագրի հիման վրա ես դու շարունակում տարածքներ զիջել: Գուցե բանավո՞ր համաձայնության, որը կատարելու համար «տղամարդու» խոսք ես տվել: Միգուցե ժողովրդին նախապատրաստե՞ս քո «ցավոտ» զիջումների ողջ փաթեթին, ինչպես դա փորձեցիր անել պատերազմի ընթացքում: Թե՞ դա միանգամից չես անում, որպեսզի միանգամից էլ չկորցնես դեռևս քեզ աջակցողների այն պարզամիտ զանգվածը, որը դեռևս շարունակում է ի դեմս քեզ տեսնել իր փրկչին: Իսկ դու ումի՞ց կամ ինչի՞ց ես փրկել այդ զանգվածին, Նիկո՛լ: Այսպես կոչված «երկիրը թալանողների՞ց»: Իսկ դու և քո շրջապատը չե՞ք թալանել անցած 2,5 տարվա ընթացքում: Եթե ուրիշ ոչինչ չասեմ, հենց միայն ապօրինի պարգևավճարները բավարար են, որպեսզի քո ու քո շրջապատի «սրբապատկեր»-դիմակը պատռված լինի: Բայց չէ՞ որ իրականությունն ավելի դառն է: Ինչպես քո, այնպես էլ անմիջական շրջապատիդ ապօրինությունների մասին հատկապես վերջին մեկ ու կես տարվա ընթացքում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որոնց քեզ ենթակա իրավապահ կառույցներն ընթացք չեն տվել և չեն տալու, քանի դեռ զբաղեցնում ես վարչապետի աթոռը: Բայց չէ՞ որ քո «իշխանությունը», որից միայն «ի՜...»-ն է մնացել, շուտով կավարտվի: Դեռևս ոչ ոքի չի հաջողվել այն սեփականացնել և քեզ նույնպես չի հաջողվի: Դու չես հերքել քեզ ուղղված ֆինանսական չարաշահումների մեղադրանքներից և ոչ մեկը: Կամ եթե փորձես հերքել, ի՞նչ է՝ կհավատա՞ն ... : Եթե մեկ ուրիշ ղեկավարի ուղղվեր կաշառքի դիմաց հայրենիքի մի մասը վաճառքի հանելու մեղադրանք, այն էլ հազարավոր զոհերի արյան գնով, անկախ այդ ղեկավարի նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքից, ես դրան չէի հավատա: Քո դեպքում հակված եմ հավատալու, որովհետև անցածդ ճանապարհը տալիս է դրա հիմքերը (այդ մասին նույնպես հրապարակումներ են եղել, որոնք դարձյալ դու հերքելու փորձ չես արել): Դու այնքան պրիմիտիվ ես (այո՛, պրիմիտիվ, ոչ թե պարզունակ), որ նույնիսկ Վրաստանի վարչապետին մաքսանենգ գործարքի առաջարկ ես արել (սա նույնպես չես հերքել), առանց հասկանալու դրա հնարավոր հետևանքները ոչ միայն քեզ, այլև մեր պետության համար: Դու փորձել ես ամեն ինչից փող սարքել՝ չգիտակցելով, որ դա բումերանգի նման կարող է հարվածել քեզ:
Նիկո՛լ, երբ հայտարարեցիր արցախյան բանակցային գործընթացը քո՝ զրոյական կետից սկսելու մասին, ըստ ամենայնի՝ չհասկացար, որ ձեռնոց ես նետում այդ հիմնախնդրին այս կամ այն կերպ առնչվող բոլոր պետություններին: Իհարկե, նրանց ներկայացուցիչները քթների տակ ծիծաղել են առաջին հայացքից խորամանկ թվացող, իսկ իրականում չափազանց պարզունակ քո հնարքի վրա, որովհետև դրանով դու՝ դիվանագիտության այբուբենը չիմացողդ, ուզում էիր դիվանագիտության դասեր տալ այդ գործում մազերը սպիտակեցրած մարդկանց: Նման բան իրենց կարող են թույլ տալ միայն ռազմական գերտերությունները, այն էլ՝ հազվադեպ: Մի՞թե Հայաստանի Հանրապետությունն այն երկիրն է, որի ղեկավարը կարող է այդպիսի հանդգնություն դրսևորել և մնալ անպատիժ: Իսկ պատժվողը եղանք մենք բոլորս՝ որպես պետություն ու ժողովուրդ, երբ, ըստ էության, միայնակ մնացինք վերջին պատերազմում:
Եվ այդ ամենից հետո, Նիկո՛լ, դու քեզ համարում ես Հայաստանի Հանրապետության վարչապե՞տը: Դու չե՛ս կարող իմ վարչապետը լինել: Դու կարող ես լինել միայն հոգով ճորտերի վարչապետը, որոնք առաջնորդվում են «ով էշ, մենք փալան» հայտնի սկզբունքով, անկախ այն բանից, թե որքան է նրանց թիվը: Քեզ մերժել են ՀՀ գրեթե բոլոր գիտակրթական հաստատությունները, հոգևոր կենտրոնները, հասարակական-քաղաքական բազմաթիվ կազմակերպություններ, գործարար աշխարհի ակնառու ներկայացուցիչների գերակշիռ մասը, Սփյուռքի գրեթե բոլոր հաստատությունները, որոնք հայրենիքի համար դժվարին պահերին նրա կողքին են եղել իրենց ողջ ներուժով: Այլ կերպ՝ քեզ մերժել է հայ ժողովրդի մտավոր, հոգևոր և ֆինանսական ողջ ընտրանին իր աշխարհասփյուռ ընդգրկումով, բայց դու միայն քեզ բնորոշ պնդաճակատությամբ շարունակում ես կառչած մնալ աթոռին և մանրախնդրությամբ փորձում ես պիտակավորել քո հրաժարականը պահանջողներին՝ նրանց անվանելով «պսևդոէլիտա»:
Նիկո՛լ, եթե հայ ժողովրդի մեջ կա «պսևդո» ինչ-որ բան, դա առաջին հերթին քո անվան կողքին կարող է դրվել:
Հրաժարականդ պահանջող դասախոսներին անվանեցիր կաշառքով գնահատական նշանակողներ: Ասա այն դասախոսի անունը, որը քեզանից կաշառք է պահանջել գնահատական նշանակելու համար, եթե կա այդպիսին: Քեզ ինչո՞ւ են հեռացրել ԵՊՀ-ից, գնահատականի համար կաշառք չտալո՞ւ, թե՞ մեկ այլ պատճառով ...
Ասել եմ և ավելորդ չեմ հարարում կրկնել. դու, Նիկո՛լ, հասկանում ես միայն բիրտ ուժի լեզուն, քաղաքակիրթ խոսքը քեզ համար չէ, որովհետև քաղաքակիրթ խոսքը հասկանալու համար պիտի համապատասխան արժեհամակարգի կրող լինել, որը քեզ խորթ է:
Իշխանավորները, որպես կանոն, հակված են լսելու միայն ականջահաճո բաներ, անկախ նրանից, թե դրանք որքանով կապ ունեն իրականության հետ: Քաջ Նազարի կերպարը դրա գեղարվեստական մարմնացումն է: Իշխանավորների արբանյակներն էլ, հետևելով այդ «ոսկե կանոնին», խուսափում են նրանց դառն ճմարտություններ մատուցելուց, եթե, իհարկե, դա գիտակցում են: Նիկո՛լ, այդպիսի դառն ճշմարտություններից մեկը հետևյալն է. կարող է կանգ առնել հանուն իշխանության մղվող պայքարը, եթե շարունակելը վտանգում է հայրենիքն ու պետականությունը, իսկ հանուն հայրենիքի ու պետականության մղվող պայքարը չի կարող կանգ առնել, որովհետև նրանք արդեն իսկ վտանգված են:
Վարդան Պետրոսյան
28. 12. 2020 թ.