Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամփոփվել են 2013 թվականի` Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի նախնական ցուցանիշները, ըստ որոնց` հանրապետության բնակչության նախնական թվաքանակը տարեսկզբի դրությամբ կազմել է 3 միլիոն 17 հազար 400 մարդ. Այսինքն' մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, 2012 թվականի համեմատ, նվազել է 9500 հոգով. լրագրողներին այսօր ներկայացրեց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
2012 թվականի տարեսկզբի ու 2013 թվականի տարեսկզբի միջակայքում կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է 41 հազար 770 նորածին երեխա, որը, 2012 թվականի համեմատ, նվազել է 1.7 տոկոսով' 2012 թվականին այդ ցուցանիշը եղել է 42 հազար 480: Հարաբերական ցուցանիշը, այսինքն' 1000 բնակչի հաշվով ցուցանիշը կազմել է 13.8 պրոմիլե' յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է շուրջ 14 երեխա:
Մահացության բացարձակ ցուցանիշը կազմել է 27 հազար 165, եւ մահացության ցուցանիշը նույնպես, 2012 թվականի համեմատ, նվազել է 1.6 տոկոսով` 2012 թվականին 27 հազար 599 մահվան դեպքեր են արձանագրվել:
Նվազել է նաեւ հարաբերական ցուցանիշը' 1000 բնակչի հաշվով հանրապետությունում 2013 թվականին մահերը կազմել են 9 պրոմիլե' յուրաքանչյուր 1000 բնակչից մահվան դեպքերը 9-ն են եղել' նախորդ տարվա 9.1 պրոմիլեի համեմատ:
«Ծնունդների եւ մահերի տարբերությամբ ձեւավորվել է հանրապետության բնական հավելաճը. ծնունդների եւ մահերի տարբերությունը, որը կազմել է 14 հազար 605, այսինքն' այդքան մարդով բնական ճանապարհով ավելացել է բնակչություն`, նախորդ տարվա 14 հազար 881-ի համեմատ: Բնական հավելաճի գործակիցը եւս նվազել է 1.9 տոկոսով: Իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը' 1000 բնակչի հաշվով, կազմել է 4.8 պրոմիլե: Կամ կարող ենք արձանագրել, որ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով հանրապետության բնակչությունը բնական ճանապարհով ավելացել է շուրջ 5 մարդով»,- նշեց Կարինե Կույումջյանը:
Այս առումով բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում մարզերի ցուցանիշներին դիտարկելիս: Նախ' մարզերի համար այդ ցուցանիշները ներկայացվում են հարաբերականորեն' ըստ բնակչության թվերի:
Ըստ այդմ' Երեւանում, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում ծնելիության ընդհանուր գործակիցները հանրապետական միջինից բարձր են եղել եւ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արագածոտնի մարզում' 14.7 պրոմիլե, որին հաջորդում է Երեւանը' 14.4 պրոմիլեոով, Կոտայքում' 14.2 պրոմիլե, Շիրակի մարզում' 14.1, Արարատում' 14 պրոմիլե:
Կան նաեւ մարզեր, որտեղ այս ցուցանիշներն ավելի նվազ են, քան հանրապետական միջինը, օրինակ` Արմավիրի մարզում` 13.5, Գեղարքունիքում' 13.6, Լոռիում' 13.6 պրոմիլե: Բայց կան մարզեր, որտեղ շատ ավելի ցածր են: Օրինակ' Սյունիքի մարզը' 10.5 պրոմիլե, որին հաջորդում է Տավուշը' 11.7 պրոմիլե եւ Վայոց ձորը' 12.4 պրոմիլե:
«Եթե դիտարկելու լինենք մահացության ընդհանուր գործակցի մարզային բաշխումները, ապա հիմնականում մարզային կտրվածքով ցուցանիշները շատ ավելի ցածր են գրեթե բոլոր մարզերում, բայց դրա փոխարեն շատ ավելի բարձր են հանրապետական 9 գործակցի համեմատ' Լոռու մարզում' 12.1 մահացությա ընդհանուր գործակիցը' Շիրակի մարզում' 10.1, Տավուշի մարզում' 10.3: Հանրապետական միջինից շատ ցածր են Արմավիրի Գեղարքունիքի, Արարատի մարզերում' 8.3, 8.1, 8 գործակիցներով, որոնք գրեթե 0.7-1 պրոմիլեով ցածր են հանրապետական միջինից»,- ներկայացրեց Կարինե Կույումջյանը:
Այս բոլորի արդյունքում, նշեց բանախոսը, բնական հավելաճի գործակիցն է շատ ցածր' յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով Տավուշի մարզում 1.4 պրոմիլե է բնական հավելաճի գործակիցը' յուրաքանչյուր 1000 հոգուց 1-ն է բնական ճանապարհով ավելացել, նույնը' Սյունիքում' 1.5, Լոռու մարզում' 1.5: Վայոց ձորում' 3.3, բայց մնացած մարզերում ու Երեւան քաղաքում այդ ցուցանիշները հանրապետական միջինից, նույնիսկ, բարձր են: