Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Երբեմն քաղաքով քայլելիս հանդիպում ենք սեւ եւ վարդագույն զգեստներով, մուգ ներկված աչքերով տարoրինակ պատանիների` էմոների: Նրանք հիմնականում 12-18 տարեկան են` դեպրեսիոն, անտարբեր ու մելամաղձոտ հայացքով, ռոքի տակ թափահարում են գլուխները: Նրանց շրջանում տարածված կարծիք կա, որ 18 տարեկան դառնալուն պես ինքնասպանություն պետք է գործեն:
Առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007 թվականին: Մեր զրույցը Լիզայի հետ է: Նա 18 տարեկան է, ավարտել է դպրոցը եւ աշխատում է:
- Ինչպե՞ս ստացվեց, որ դարձար էմո:
- Այս շարժման մասին լսել եմ 15 տարեկանում: Իսկ ինքս էմո եմ դարձել 17 տարեկանում: Սիրահարվել էի մի երիտասարդի, ով էմո շարժման ներկայացուցիչ էր: Նրան դուր գալու համար սկսեցի հագնվել այնպես, ինչպես նա: Արդյունքում՝ ինքս էլ դարձա էմո:
- Իսկ դու ինչպե՞ս ես հագնվում:
- Սկզբնական շրջանում Էմոական աքսեսուարներ էի կրում, աչքերս արտահայտիչ սեւ էի ներկում, հետո մազերս կտրեցի նրանց նման: Իսկ արդեն չափահաս տարիքում պիրսինգ արեցի եւ մի փոքրիկ մազափունջ վարդագույն ներկեցի: Հասարակությունը շատ տարօրինակ էր նայում դրան:
- Այսինքն` դուք ուղղակի հասարակության ուշադրության կարի՞քն ունեք:
- Ո՛չ, մեզ պարզապես դուր է գալիս, երբ տարօրինակ հայացքով են մեզ նայում:
- Ինչպե՞ս կբնութագրես էմոներին:
- Մենք թինեյջերներ ենք, որոնք չեն ամաչում իրենց էմոցիաներից:
- Իսկ ծնողներդ ինչպե՞ս են վերաբերվում դրան:
- Հագնվածքիս համար ոչինչ չէին ասում, իսկ երբ իմացան, որ էմո եմ, արգելեցին ինձ շփվել նրանց հետ: Իսկ ես, հակառակվելով նրանց, ստիպված եղա հեռանալ տնից եւ հիմա ապրում եմ ընկերոջս հետ:
- Ի՞նչ նախասիրություններ ունես:
- Սիրում եմ լսել ռոք, պարել բրեյքդանս: Շատ եմ սիրում արյուն, սիրում եմ նաեւ երակներս կտրել:
- Երբեւէ բժիշկների օգնությանը դիմե՞լ ես:
- Ես չէ, բայց երակներս կտրելուց հետո դեպքեր են եղել, որ ստիպված եմ եղել դիմել բժիշկների միջամտությանը: Այժմ ձերքերիս վրա 20 կամ 25 սպի ունեմ: Դեպքեր են եղել նաեւ, երբ բժիշկները ստիպված են եղել երակներս կարել:
- Ինչո՞ւ ես երակներդ կտրում:
- Պարզապես սիրում եմ: Բացի այդ` մենք երակ ենք կտրում նրա համար, որ միշտ երիտասարդ մնանք:
- Կյանքիդ համար չե՞ս վախենում:
- Ո՛չ, ես միայն ապրում եմ ներկայով:
- Էմո ընկերներ շատ ունե՞ս:
- Այո՛, էմո ընկերներ շատ ունեմ, եւ նրանք ոչ միայն ընկերներ են, այլ նաեւ` ընտանիքս:
- Իսկ ի՞նչ ես ցանկանում անել ապագայում:
- Ես եւ ընկերս ցանկանում ենք մեկնել ՌԴ, քանի որ այնտեղ ավելի լավ են վերաբերվում էմոներին, քան այստեղ:
- Իսկ ծնողնե՞րդ:
- Ես նրանց շատ եմ սիրում, բայց ցավում եմ, որ ամեն ինչ այսպես է ստացվել: Նրանք ինձ չեն ցանկանում ընդունել: Չգիտեմ` ինչու: Ես ո՛չ ծխախոտ եմ օգտագործում, ո՛չ խմիչք եւ ո՛չ էլ թմրադեղ, բայց, միեւնույն է, նրանք ինձ չեն ընդունում, եւ վերջ: Ուրեմն թող մոռանան, որ աղջիկ ունեն: Ոչինչ փոխել չի լինի:
- Հիմնականում որտե՞ղ եք հավաքվում:
- Մեծ մասամբ Կասկադում եւ Մանկական երկաթուղում:
- Իսկ ինչո՞ւ հենց մանկական երկաթուղում:
- Դա խորհրդանշում է, որ մենք հոգով մանուկ ենք:
- Իսկ ինչո՞ւ եք կամուրջներից նետվում:
- Դա էլ իր բացատրությունն ունի: Մենք համոզված ենք, որ եթե իսկական էմո ենք, ուրեմն ցած նետվելուց թեւեր են առաջանում:
Էմմա ԱՍԱՏՐՅԱՆ