Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին: Նշվում է, որ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվի՝ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» բյուջետային եկամուտների առանձնացված հաշվառման գանձապետական հաշվեհամարին և համախմբվելով պետական բյուջեի մնացած մուտքերի հետ օգտագործվել են նվիրաբերության պայմանագրերով համաձայնեցված ուղղություններով՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։
«Խնդրո առարկա ֆինանսական միջոցների համախմբումը պետական բյուջեի եկամուտներում նշանակում է նաև, որ դրանց հաշվին ծախսերի կատարումը կազմակերպվել է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, ներառյալ՝ հրապարակայնության սկզբունքի հիման վրա։ Բյուջեի հրապարակայնությունը, իր հերթին, նշանակում է հաստատված բյուջեի և դրա կատարման մասին հաշվետվությունների հրապարակումը մամուլում («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան), բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը։ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածն, ի թիվս այլնի, սահմանում է, որ պետական բյուջեի կատարման և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնությունը ապահովելու համար Կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրյա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական բյուջեի եռամսյակային կատարման մասին։
Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա Հիմնադրամը «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» թիվ 900005002135 գանձապետական հաշվեհամարին, որպես նվիրաբերություն, փոխանցել է 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումար (այսուհետ՝ նվիրաբերության գումար) պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով:
Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, որպես նվիրաբերություն, փոխանցված 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական գանձապետական հաշվին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան և դրանցով սահմանված կարգով:
Նվիրաբերության գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020թ. դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ:
Ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում»,- ասված էթ հաղորդագրության մեջ:
Ֆինանսների նախարարությունն անդրադարձել է նաև Հիմնադրամի կողմից վերը նշված նվիրաբերության պայմանագրերի կնքման իրավաչափության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած գնահատականներին.
««Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրները, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել Հիմնադրամի գույքի որոշ մասը:
Հիմնադրամի կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 5-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ նախագահը:
Կանոնադրության 23-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցներն իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան։
Կանոնադրության 27-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրը, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:
Կանոնադրության 38-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահված Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը:
Կանոնադրության 10-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի գործունեության նպատակներն ու խնդիրներն են․
ա) օժանդակել Հայաստանի և այլ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը,
բ) նպաստել գիտական, կրթական, մշակութային, սոցիալական և առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը (…)։
Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվել է, Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական միջոցները փոխանցվել են.
2.պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով,
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նվիրաբերության պայմանագրերով սահմանված նվիրաբերության գումարի օգտագործման պայմանն ամբողջությամբ համապատասխանում է Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված վերջինիս գործունեության նպատակներին և խնդիրներին, և խնդրո առարկա գործարքներն արժանացել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանը՝ գտնում ենք, որ դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են»,- պարզաբանել է ֆինանսների նախարարությունը։