Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015 թվականի ընթացքում ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` նախորդ տարվա 3 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է շուրջ 75 մլն դրամ` նախորդ տարվա 27 մլն դրամի փոխարեն:
Ըստ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանի, հայտնաբերված գումարների շուրջ 10 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետբյուջե (շուրջ 4 մլրդ դրամն արձանագրվել է ընթացիկ տարվա IV-րդ եռամսյակում):
«2015-ի բարձր ցուցանիշներն արդյունք են հատկապես ստուգումների ընթացքում կիրառվող նորարարական մոտեցումների: Ֆինանսների նախարարի հանձնարարությամբ վարչությունն ակտիվ համագործակցել է այլ նախարարությունների, պետական գերատեսչական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հարկային և մաքսային մարմինների հետ»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը:
Այսպես, հսկողական գործառույթների ընթացքում կատարվել է պետական գերատեսչությունների 328 և օտարերկրյա 24 հարցում, ինչպես նաև համանման գործունեություն իրականացնող կամ նույն ապրանք ներկրող-իրացնող ավելի քան 100 կազմակերպությունների:
Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն իր գործառույթներն իրականացնելու շրջանակում դիտարկել է Ֆինանսների նախարարության այլ ստուգող ստորաբաժանումների իրականացրած ավելի քան 1400 ստուգման ընթացք, որի արդյունքում վարչության մասնագետների մատնանշած ուղղություններով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Հսկողություն է իրականացվել անշարժ գույքի օտարման մասով առաջացող հարկերի հաշվարկների նկատմամբ:
Վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով 5 դեպքով ներկայացված ճշտգրտված հաշվետվություններով բյուջե է վերականգնվել 146 մլն դրամ հարկ: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն ընթացիկ տարում իրականացրած 240 ուսումնասիրություններով` պահանջված 47,2 մլրդ դրամից հաստատել է վերադարձման ենթակա շուրջ 40 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար:
Տարվա ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով բյուջեից վերադարձվել է 43,7 մլրդ դրամ` նախորդ տարվա 38,5 մլրդ դրամի դիմաց, կամ 5,2 մլրդ դրամով ավել: 2015թ. հունիսից գործող օրենքի համաձայն, հիպոթեքային վարկի տոկոսների մարման նպատակով շուրջ 300 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձվել` կառուցապատողներից անշարժ գույք ձեռք բերած ֆիզիկական անձանց:
Սամվել Ավետիքյանի խոսքով` վարչությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև վերջին 3 տարիներին ստուգումների ցանկում չընդգրկված կազմակերպությունների տնտեսական գործունեությանը. «Ֆինանսների նախարարությունը վճռական է խախտումներ և թերհայտարարագրումներ թույլ տված տնտեսվարողներին բացահայտելու հարցում»:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին