|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Լոռու մարզի հյուսիսում՝ հայ-վրացական սահմանի մոտ, անտառների ու լեռների մեջ թաքնված է Ջիլիզա գյուղը։ Սահմանապահ այս փոքր բնակավայրը առաջին հայացքից հիշեցնում է մեկուսացած աշխարհ, որտեղ ժամանակը շարժվում է այլ ռիթմով։ Բնությամբ շրջապատված Ջիլիզան միաժամանակ և՛ խաղաղ ապաստարան է, և՛ դժվար հասանելի սահմանային կետ, որի բնակիչները տարիներ շարունակ սովորել են ապրել սեփական ուժերով։
Ջիլիզան գտնվում է Ալավերդի համայնքի կազմում։ Գյուղը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում՝ հիմնականում որպես սահմանային բնակավայր։ Խորհրդային տարիներին այստեղ ակտիվ էր անասնապահությունն ու գյուղատնտեսությունը, իսկ բնակչությունն ավելի մեծ էր։ Սակայն տարիների ընթացքում ճանապարհային խնդիրները, աշխատանքային հնարավորությունների սահմանափակ լինելը և մեկուսացվածությունը ստիպել են շատերին լքել գյուղը։ Այսօր այստեղ մնացած բնակիչները շարունակում են ապրել իրենց հողի հետ կապվածությամբ։
Գյուղի սոցիալ-տնտեսական կյանքը հիմնականում հիմնված է գյուղատնտեսության ու անասնապահության վրա։ Տեղացիները սեփական կարիքների զգալի մասը հոգում են ինքնուրույն՝ մշակելով հողը, պահելով անասուններ և օգտվելով բնության տված հնարավորություններից։ Սակայն այս ինքնաբավությունը ոչ այնքան ընտրություն է, որքան ստեղծված պայմանների հետևանք։
Ջիլիզայի ամենամեծ խնդիրներից մեկը ճանապարհն է։ Դեպի գյուղ տանող ուղին անցնում է Սանահինի լեռնային տարածքներով և հատկապես աշնանն ու ձմռանը դառնում է դժվարանցանելի։ Տեղացիները հաճախ կատակում են, որ այստեղ սովորական մեքենաները պարզապես չեն դիմանում։ Ալավերդի հասնելու համար շատերն օգտագործում են բարձր մեքենաները, իսկ գյուղից քաղաք գնացող որևէ հարևան հաճախ դառնում է մյուսների «կապը արտաքին աշխարհի հետ»՝ նրանց համար բերելով անհրաժեշտ սնունդ, դեղորայք կամ տնտեսական պարագաներ։
Այս պայմաններում ամենասուր խնդիրներից մեկը առողջապահական ծառայությունների հասանելիությունն է։ Շտապ օգնության մեքենաները միշտ չէ, որ կարողանում են արագ հասնել գյուղ։ Տեղացիները պատմում են, որ արտակարգ դեպքերում գյուղը գործում է մեկ մարդու նման. բնակիչները համախմբվում են, հիվանդին բուժքրոջ հետ ուղեկցում և մեքենայով անց կացնում այնքան ճանապարհ, մինչև հանդիպեն շտապ օգնության մեքենային։ Սա դարձել է գյուղի չգրված օրենքներից մեկը՝ գոյատևման անհրաժեշտ մեխանիզմ։
Սակայն դժվարությունները Ջիլիզայի բնակիչներին չեն կոտրել։ Ընդհակառակը՝ այստեղ ձևավորվել է փոխօգնության յուրահատուկ մշակույթ։ Գյուղում մարդիկ միմյանց ճանաչում են ոչ միայն անուններով, այլ նաև հոգսերով։ Այստեղ հարևանը ավելի արագ է արձագանքում, քան որևէ պետական համակարգ։
Վերջին տարիներին Ջիլիզան սկսել է ուշադրություն գրավել նաև ներքին զբոսաշրջության տեսանկյունից։ Անտառապատ բնությունը, մաքուր օդը, լեռնային լռությունն ու սահմանային կոլորիտը գրավում են այն մարդկանց, որոնք ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից։ Գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվը դեռ մեծ չէ, բայց տեղացիները հույս ունեն, որ զբոսաշրջության զարգացումը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել և միաժամանակ գյուղը դուրս բերել երկար տարիների մեկուսացումից։
Ջիլիզան այն վայրերից է, որոնք պատերազմի կամ վտանգի ժամանակ դառնում են ռազմավարական կարևոր կետեր, իսկ խաղաղ օրերին հաճախ մնում են ուշադրությունից դուրս։ Բայց հենց նման գյուղերն են շարունակում պահել սահմանը՝ իրենց համառությամբ, լռությամբ ու ապրելու կամքով։
Լիլիա Ալավերդյան