կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-27 03:26
Տնտեսական

Միասին փոխենք գործարար տրամադրությունները

Միասին փոխենք գործարար տրամադրությունները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) 4-րդ համագումարին:

Ներկայացվել է ԱԱՊ-ի անցած հինգ տարվա գործունեությունը, ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքներն ու նախանշվել 2011-2015 թթ. ժամանակահատվածի ծրագրերը: Տեղի են ունեցել նաև Պալատի ղեկավար կազմի՝ նախագահի և նախագահության անդամների ընտրություններ:

Ողջունելով համագումարի պատվիրակներին՝  նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ համագումարն ամենալավ առիթն է ամփոփելու, գնահատելու կատարված աշխատանքը և այդ գնահատականների ու եզրակացությունների հիման վրա վերանայելու ու նոր երանգներ մտցնելու պալատի գործունեության մեջ:

«Համոզված եմ` քաջատեղյակ եք բոլոր այն նախաձեռնություններին, որոնցով հանդես է եկել կառավարությունը վերջին ամիսների ընթացքում: Փոփոխությունները հարկային ու մաքսային ոլորտներում, այդ մարմինների աստիճանական անցումը սկզբունքորեն նոր աշխատաոճի, գերավճարների խնդրի լուծումը, սարքավորումների ներկրման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հետաձգումները, նորարարական արտադրություն հիմնելու դեպքում շահութահարկից ազատելու պատրաստակամության մասին հայտարարությունը, ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացի սկիզբը և մի շարք այլ նախաձեռնություններ վկայությունն են այն բանի, որ կառավարությունն ակտիվացրել է գործարար միջավայրի կտրուկ բարելավմանն ու գործարարության խթանմանն ուղղված քաղաքականությունը: Այս բոլորը, ինչպես նաև դեռ սպասվելիք նոր նախաձեռնությունները, հիմք են ստեղծում, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք փոխել գործարար տրամադրությունները մեր երկրում, ներարկենք նոր ոգի, նոր եռանդ և, ամենակարևորը, հավատ` ավելի մեծ նպատակների ձգտելու հարցում»,- ասել է նախագահը: