Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի պաշտոնավարումը, որի ընթացքում երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացում է արձանագրվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել 2019թ. Իտալիա կատարած պաշտոնական այցը և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ հայ-իտալական օրակարգի առաջմղման գործում անձնական ներդրման համար:
Հայաստանում Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հնչեցրած գնահատականի համար և նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը հայ-իտալական փոխգործակցության մակարդակն առավել բարձրացնելու համար:
Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Իտալիան համագործակցության մեծ ներուժ ունեն, և երկուստեք կարևորվում են շարունակական քայլերը դրա լիարժեք իրացման ուղղությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի շուրջ: Վինչենցո դել Մոնակոն ցավակցություն է հայտնել պատերազմական գործողությունների հետևանքով զինծառայողների ու խաղաղ բնակչության շրջանում զոհվածների կապակցությամբ և նշելով, որ ցավով է հեռանում Հայաստանից այս բարդ ժամանակահատվածում՝ վերահաստատել զորակցությունն ու բարեկամությունը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը միասնական ու վճռական է այս դժվարին իրավիճակը հաղթահարելու հարցում և միջազգային առաջադեմ գործընկերների աջակցությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Վինչենցո դել Մոնակոյին հետագա գործունեության մեջ: