կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 12:57
Աշխարհ

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ անցնող 30 տարվա ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա:

«Մենք գնահատում ենք Հայաստանի նվիրվածությունն ինչպես այս ընդհանուր արժեքներին, այնպես էլ՝ միջազգային հանձնառություններին, ինչը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման հարցում»,- նշել է Բլինկենը:

Նա բարձր է գնահատել աներիկահայերի հայերի ներդրումն ԱՄՆ-ի կենսապահովման հարցում՝ արձանագրելով, որ այդ մշակութային առնչությունները, ինչպես նաև՝  ժողովուրդների միջանձնային հարաբերությունները, ամրապնդում են կապը երկու երկրի միջև:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններում, ինչպես նաև ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու, այդ թվում և բոլոր գերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզման և աճյունների ամբողջական ու արագ փոխանակման հարցում: Այս կարևոր օրվա առթիվ մենք շնորհավորում ենք Հայաստանին և ակնկալում ամրապնդել մեր երկկողմ սերտ հարաբերությունները»,- ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ: