Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիական հայտնի Le Monde պարբերականը կրկին անդրադարձել է ԼՂ-ում ընթացող ռազմական գործողություններին՝ այս անգամ ներկայացնելով ադրբեջանական կողմի հասցրած ավիահարվածներից խուսափելու համար Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխվածների դրությունը և նրանց ապրումները։
Պարբերականի թղթակից Իզաբել Մանդրոն նշում է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող առաջին քաղաքը՝ Գորիսը, այս օրերին լի է արցախցի փախստականներով, որոնք իրենց տունը լքել են հիմնականում թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերից և հրթիռային հարվածներից խուսափելու համար։
«Երևանի բնակիչները Գորիս են ժամանում, որպեսզի ապաստան առաջարկեն գնալու տեղ չունեցող ընտանիքներին»,- ասվում է հոդվածում և մեջբերվում Արցախի արտգործնախարար Մասիս Մաիլյանի խոսքերն այն մասին, թե ադրբեջանցիների հիմնական նպատակը ԼՂ բնակչությանն իր տներից քշելն է։
Նշվում է, որ Հայաստանում, ամբողջ Երևանում ընդհանուր ուժերի մոբիլիազացում է կատարվում, տղամարդիկ զինկոմիսարիատներ են գնում, ռազմական պատրաստություն անցնում, որպեսզի ռազմաճակատ մեկնեն։ Խոսվում է նաև կանանց ռազմական խմբերի ստեղծման մասին։
Լեռնային Ղարաբաղի վրա օդային հարձակման մասին հայտնող ազդանշանների մասին պատմում է ընտանիքի հետ Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Արշալույս գյուղ ժամանած Սուսաննա Գրիգորյանը։
«Ստեփանակերտում այդ ամենը սկսվել է սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 8:10-ին: Ավագ դուստրս գրեթե ուշագնաց եղավ: Մենք պատուհաններից տեսնում էինք կողքով անցնող անօդաչուները և փորձում կռահել՝ որտեղ են դրանք ընկնելու: Երեք օր ու գիշեր անցկացրինք նկուղում, իսկ հետո, երբ հասկացանք, որ այս ամենը երկար կտևի, հեռացանք»,-պատմել է կինը՝ արցունքն աչքերին հավելելով, որ նախկին արցախյան պատերազմի, ինչպես նաև ապրիլյան քառօրյայի ժամանակ ինքն ու իր ընտանիքը չեն մտածել ԼՂ-ն լքելու մասին:
Այնուհետև հեղինակը նշում է, որ մարտերի դաժանությունն առավել խտացնում են սարսափելի պատմություններն առ այն, թե ինչպես են իրենց հարազատների բջջային հեռախոսներից զանգահարել թշնամիներն ու պարծեցել, որ սպանել են ու այլանդակել գերիներին:
«Սա ակնհայտ հոգեբանական ահաբեկչություն է»,-Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքը մեջբերում է լրագրողը՝ հիշատակելով այն զարհուրելի դեպքը, երբ հայ զինվորին գլխատելուց հետո չարագործը զանգահարել էր զոհի եղբորն ու ասել այդ մասին:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տնօրեն, գնդապետ Սուրեն Խաչատրյանը լրագրողուհու հետ զրույցում նշել է, որ «աա դաժան պատերազմ է»:
«Այստեղ («Եռաբլուր»-ում) կողք-կողքի ավելի քան երկու հարյուր նոր գերեզման կա, որոնցից շատերի վրա գրված է 2001-2020 թթ.: Երեքշաբթի վերջին շարքի հետևում աշխատում էր չորս էքսկավատոր՝ մաքրելով ահռելի տարածությունը»,-եզրափակել է Մանդրոն: