կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-30 13:19
Աշխարհ

Թյուրքական խորհուրդը Հայաստանին դատապարտել է «Ադրբեջանի դեմ հարձակումների համար». ինչ է իրենից ներկայացնում կառույցը

Թյուրքական խորհուրդը Հայաստանին դատապարտել է  «Ադրբեջանի դեմ հարձակումների համար». ինչ է իրենից ներկայացնում կառույցը

Թյուրքական խորհուրդը (Türk Keneşi) դատապարտել է «Հայաստանի հարձակումը Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա» և նշել, որ դա «միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»։ Այս մասին նշվում է խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ, որում, ոչ անսպասելիորեն, ոչ մի խոսք չկա հակամարտության մեկնարկից ի վեր իրենց եղբայր Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը, եկեղեցիները, ծննդատունը թիրախավորելու մասին։

Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 3-ին՝ Նախիջևանյան համաձայնագրով։ 2011 թ., Թուրքիայի կառավարության նախաձեռնությամբ, այն վերանվանվեց Թյուրքական խորհուրդ։

Խորհրդի կազմում ի սկզբանե եղել է 4 պետություն՝ Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը։ 2018 թ. Ուզբեկստանը դիմել է անդամակցության համար և 2019 թ. սեպետմբերից դարձել խորհրդի անդամ։ Կազմակերպությունն ունի երեք կենտրոն՝ Ստամբուլ (գլխավոր քարտուղարություն), Բաքու (գլխավոր ասամբլեա), Նուր Սուլթան (թյուրքական ակադեմիա)։

Նմանատիպ խորհրդի ձևավորման առաջարկը Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևինն է, որին, Էրդողանի առաջարկով, շնորհվել է խորհրդի պատվավոր նախագահի ցմահ կոչում։

Կազմակերպության անդամ պետությունների նախագահները հանդիպում են տարին մեկ անգամ, իսկ այլ պաշտոնյաներ՝ հաճախակի:

Կազմակերպության դրոշը ներառում է հիմնադիր պետությունների դրոշներից մեկ տարր՝ ղազախականի գույնը, ղրղզական արևը, թուրքական կիսալուսինն ու ադրբեջանական ութաթև աստղը։ Թյուրքական մեկ այլ պետություն՝ Թուրքմենստանը, համարվում է կազմակերպության հավանական անդամ։

Թյուրքական խորհրդի դիտորդ պետություն է համարվում Հունգարիան՝ 2018 թվականից, և սպասվում է, որ մոտ ապագայում այս երկիրը նույնպես կդառնա անդամ պետություն։

2020 թ. Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը հայտարարել էր, որ երկիրը մոտ ապագայում կարող է դառնալ դիտորդ պետություն։

Թյուրքական խորհուրդը համարվում է Թուրքիայի ծրագրած Մեծ Թուրանի ստեղծմանն ուղղված քայլ՝ միավորելով թյուրքական բոլոր ժողովուրդներին՝ ազգային և կրոնական հիմքի վրա։

Նոյեմբերի 2-ին, Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին, Բաքվում տեղի է ունենալու Առևտրային և արդյունաբերական թյուրքական պալատի նիստը, որի առանցքային թեմա են լինելու Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, և «թյուրքական աշխարհի կողմից աջակցություն է հայտնվելու Ադրբեջանին»։