կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-20 15:25
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահը սատարել է Իրաքի վարչապետի քաղաքականությանը և խոստացել է շարունակել պայքարը ԻՊ-ի դեմ

Ֆրանսիայի նախագահը սատարել է Իրաքի վարչապետի քաղաքականությանը և խոստացել է շարունակել պայքարը ԻՊ-ի դեմ

Ֆրանսիան և Իրաքը կարևոր են համարում շարունակել պայքարը ահաբեկչության դեմ: Այս մասին ասվում է երկուշաբթի երեկոյան Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի միջև բանակցություններից հետո Ելիսեյան պալատի կողմից երեքշաբթի օրը տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Մտքերի փոխանակման ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Իրաքի վարչապետը շեշտեցին ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, Էմանուել Մակրոնը վերահաստատեց Ֆրանսիայի ցանկությունը շարունակել իր ակտիվ մասնակցությունը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի գործողություններին։ Նա նաև հաստատեց Իրաքի հետ պաշտպանական ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման իր մտադրությունը», - ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահը «ողջունում է Իրաքի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը»: Նա «աջակցություն է հայտնել Իրաքի վարչապետի ձեռնարկած միջոցառումներին՝ վերջ տալու անընդունելի հարձակումներին, որոնք ուղղված էին Իրաքում վերջին շաբաթների ընթացքում դիվանագիտական առաքելությունների դեմ»:

Մակրոնը Իրաքի վարչապետին հայտնել է, որ 2020 թվականին Ֆրանսիան կվերսկսի իր ներդրումը ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS) ծրագրում, որի գործողությունները «մեծապես նպաստում են խաղաղ բնակիչների վերադարձին իրենց նախկին բնակության վայրեր»: Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան 1 միլիոն եվրո կհատկացնի ՄԱԿ-ի՝ Իրաքի օժանդակ առաքելությանը (UNAMI), որն իրաքյան կողմին օգնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելիս: