կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-05 10:36
Քաղաքական

Թուրքիայի «Ադրբեջան» վիլայեթ՝ սուվերեն պետության փոխարեն. Ա. Եղիազարյան

Թուրքիայի «Ադրբեջան» վիլայեթ՝ սուվերեն պետության փոխարեն. Ա. Եղիազարյան

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը գրում է.

««Ադրբեջան» անունով սուվերեն պետություն, եթե ուշադիր դիտենք՝ դե ֆակտո այլևս չկա։ Կա Թուրքիայի «Ադրբեջան» վիլայեթ։ Ադրբեջանում ռազմա-քաղաքական ցանկացած որոշում կայացնում են թուրքերը, ադրբեջանցիներից առաջ արձագանքում ու դիրքորոշում են կայացնում թուրքերը։ Անգամ Ալիևն արդեն մարիոնետի կերպարով է երևում, եթե ուշադիր նայեք։

Հայերի հետ հակամարտության մեջ, անգամ վերջնական պարտությունից հետո, մեկ է, այլևս Ադրբեջան՝ որպես ինքնիշխան պետություն, չի լինելու։
Որքան էլ տարօրինակ հնչի, Ադրբեջանի անկախության երաշխիքը Հայաստանի գոյությունն է՝ առնվազն ներկա սահմաններով։ Թուրքիան ձգտում է, բացի Արցախից, առնվազն ՀՀ-ից անջատել Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերը, Նախիջևանով (որն արդեն գործնականում Թուրքիայի մաս է) ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի տարածքի հետ, իսկ այնտեղից՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրների հետ, ստեղծելով մեկ միասնական համաթուրքական աշխարհ՝ մեկ միասնական պետության կամ դաշնության տեսքով։ Բնականաբար, այս «երազանքային» մտահղացման մեջ Ադրբեջանը կկորցնի ոչ միայն դե ֆակտո ինքնիշխանությունը, այլ նաև՝ դե յուրե։
Թուրքիան ճկունությամբ, տարբեր գործընթացներով (ռազմական փոխօգնության, տնտեսական և այլն), «Մեկ ազգ - երկու պետություն» կարգախոսով թմրեցնելով, այնպես սողոսկրեց Ադրբեջանի տարածք, որ ադրբեջանցիները մինչ այժմ էլ դեռ լիարժեք չեն հասկանում, թե ինչ է կատարվում ...
Եվ որքան էլ տարօրինակ հնչի՝ այս պատերազմում Ադրբեջանի պարտությունը (իրականում՝ Թուրքիայի, քանի որ այս պատերազմի հրձիգը նրանք են, Ադրբեջանն ընդամենը միջոց է ) միայն կփրկի Ադրբեջանի ինքնիշխանությունը, անգամ նոր տարածքային կորուստների գնով»։