կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-11 12:41
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԳՄՍ նախարարն ու նրա քաղաքականությունը պետք է դուրս գան ասպարեզից. Արամ Սարգսյան

Արայիկ Հարությունյանը «խավարամիտներ» անվանեց պրոֆեսորների և գիտության դոկտորների ամբողջ բանակի, որոնք համաձայն չէին իրենց մշակած չափորոշիչներին. լրագրողների հետ հանդիպման ժամանակն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Եթե այդպիսին է լինելու նախարարը, նա իրավունք չունի կառավարելու»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով չափորոշիչների վիճահարույց խնդիրներին՝ Արամ Սարգսյանը նշեց՝ այն ամենը, ինչի անունը մեր կրթական համակարգում «սեռական դաստիարակություն» է, ոչ թե երեխային գիտելիք տալու վրա է սևեռված, այլ անհասկանալի բաների:

«Մեզ համար անընդունելի է այսպիսի քաղաքական գիծը, որը հաստատված է կառավարության կողմից: Դա պատճառ է, որ մենք պահանջենք նախարարից ու նրա քաղաքականությունից՝ դուրս գալ ասպարեզից, որպեսզի ձևավորվի նոր համապատասխան մասնագիտական հանրություն, որը իսկապես զբաղվի մեր համակարգի ձևավորման հարցով, այսինքն՝ նոր չափանիշներով, նոր ծրագրերով»,- ասաց Սարգսյանը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նշեց՝ իրենց համար անհասկանալի է, որ նախարարը չի ցանկանում հանդիպել դժգոհություն արտահայտող անձանց հետ՝ պատճառաբանելով, թե օրակարգ չկա:

«Ես չեմ պատկերացնում ավելի պարզ օրակարգ, քան հրաժարականի պահանջը: Երկրորդ՝ իշխանավորը չի հասկացել իր հիմնական առաքելությունը՝ հանդիպել և լսել իր հետ ոչ համաձայն մարդկանց»,- ասաց նա:

Ըստ Ալավերդյանի՝ մտահոգիչ է, որ եթե այսօր որևէ անձ համաձայն չէ իշխանության հետ, ապա նրան որակում են որպես հակահեղափոխական, հաճախ անգամ՝ հակապետական:

«Ինձ անհանգստացնում է, որ այս իշխանությունները ոչ թե քաղաքականացնում են, այլ ամբողջովին կուսակցականացնում  են բոլոր խնդիները՝ հակառակ հանրության՝ հստակ հնչեցված խնդիրների և անհամաձայնության»,- նշեց նա: