կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 15:30
Հասարակություն

Մղձավանջներս ավարտվեցին տարիներ անց միայն` գյուղ գնալուց հետո

Մղձավանջներս ավարտվեցին տարիներ անց միայն` գյուղ գնալուց հետո

Բեսսե Քաբաք

Անցած շաբաթ «Ակօս»-ում հրապարակել էինք 1975 թ 13 տարեկան եղած Ֆլորի պատմության առաջին մասը, ում փորձել էին առևանգել։ Այս շաբաթ հրապարակում ենք այդ ուշագրավ հարցազրույցի երկրորդ և վերջին մասը, որում դեպքից տուժած անձը, ով ցանկացավ, որ հարցազրույցում իրեն «Ֆլոր» անվանենք, պատմում է, թե իր առևանգման հարցը ոչ մի կերպ չէր լուծվում, ինչի պատճառով ստիպված են եղել գաղտնի Ստամբուլ գաղթել, և տարիներ շարունակ փորձել է հաղթահարել իր տեսած մղձավանջները։ Այս դեպքն այն պատճառներից մեկն է, որի հետևանքով հայերը լքել են իրենց հնագույն բնակավայրերը և գաղթել Ստամբուլ։ Բեսսե Քաբաքի իրականացրած հարցազրույցում լսենք Ֆլորի ձայնը։

(Այն ժամանակ, երբ դեռ փորձում էին քեզ բռնի ուժով տանել) ինչպիսի՞ն էր քո հոգեվիճակը։

– Այդ օրվանից հետո ոչ խոսում էի, ոչ էլ այլ բան էի կարողանում անել։ Միայն անում էի այն, ինչ ինձ ասում էին։ Ամեն օր նրանք ասում էին, թե «գալու են, հարձակվեն գյուղի վրա։ Որտեղ բռնեն, կփախցնեն, կտանեն» ու սպառնալիքներ էին տեղում։ Այդ պատճառով ցերեկը ինձ թաքցնում էին թփերի մեջ, իսկ գիշերը, որոշ ժամանակ անց տանում էին և թաքցնում հորաքրոջս ամբարում։ Ուղիղ 11 օր շարունակ այդպես ապրեցինք։ Մերոնք այդ ընթացքում, առանց կասկած հարուցելու, պլան էին մշակում, թե ինչպես կարող եմ Ստամբուլ գնալ։  Հենց այդ օրերին մեր գյուղում զարմիկիս հարսանիքն էր լինելու։ Ինձ ասացին․ «Գնա՛, հարսանիքին երևա՛»։ Մարդիկ կտեսնեն, որ չեմ փախել, այդտեղ եմ։
Ես էլ գնացի, երևացի մարդկանց։ Գնացի ու նստեցի զարմիկիս՝ հարսի կողքին։ Գրկեցի և համբուրեցի նրան։ Հետո գրկեցի ընկերներիս։ Առանց նրանց գիտության հրաժեշտ տվեցի նրանց․․․ Հետո տուն վերադարձա։ Երբ հասավ գիշերվա երկուսը, լուսնի լույսի ներքո ճանապարհ ընկանք։ Սակայն մտածելով, որ կարող է որևէ մեկը տեսնել մեզ ու լուր տալ, սարի վրայով էինք գնում։ Գերեզմանոցի միջով գնացինք Ձորաղբյուր։ Նստեցի այնտեղ, ջուր խմեցի․․․ (Երկար ընդմիջումից հետո, արտասվելով  շարունակում է պատմել-ԲՔ) Ասացի․«Այլևս չեմ խմելու այս ջրից․․․», քայլեցինք, բարձրացանք գագաթը։ Շրջվեցի, նայեցի և ասացի․ «Այլևս գյուղը չեմ տեսնելու։ Վերջին անգամ եմ տեսնում․․․»։  Ամեն մի բլրից, սարից շրջվում և ասում էի․ «Այլևս այս գագաթը, այս սարը չեմ տեսնելու» և ամեն անգամ վերջին անգամ էի նայում, հրաժեշտ տալիս։ Արցունքները աչքերիս՝ քայլեցի, գյուղից հեռացա․․․
Երբ մոտեցանք ավանին, մեզ հետ եկած Արթինը գյուղ վերադարձավ։ Արևը նոր էր սկսել ծագել։ Մինչև կյանքը կսկսեր եռալ ավանում, մենք ավանին մոտիկ մի ժայռի ծայրին նստեցինք ու հանգստացանք։  Առավոտյան գնացինք  ավան։
Երբ հասանք ավան, հայրս գնաց ոստիկանական բաժանմունք և ասաց․ «Աղջկաս տանելու եմ Ստամբուլ։ Գուցե լուր ստանան։  Մեզ պաշտպանեք մինչև ավտոբուսը կշարժվի»։ Նրանք էլ ասացին․ «Լավ, նստե՛ք այստեղ»։ Մենք էլ մտածեցինք, որ մինչև ավտոբուսի գալը ապահով լինենք ու մնացինք այնտեղ նստած։ Հետո ճանապարհ ընկանք դեպի Ստամբուլ։

– Այսինքն, այդ դեպքը պատճառ դարձավ, որ եկար Ստամբուլ․․

– Այո՛։ Հայրս ինձ թողեց Ստամբուլում գտնվող մեր բարեկամների մոտ և գյուղ վերադարձավ։ Սակայն այս անգամ էլ այնտեղ նրան սպառնացել են՝ ասելով․ «Կամ աղջկան բերելու եք, կամ դուք էլ այս հողերը կլքեք ու կհեռանաք»։  Հայրս էլ պատասխանել է․ «Ես աղջկաս չեմ տա»։ Մեկ տարի անց հորեղբորս հետ միասին ստիպված եղան գյուղը լքել։ Անասուններին վաճառեցին և ընդմիշտ հեռացան։

–  Գյուղում ապրող մյուս հայերն ի՞նչ արեցին։

–  Նրանք սկզբում չհասկացան մեզ։ Կարծում էին՝ այդ ամենը միայն մեզ հետ է պատահել։ Երբ հայրս լքում էր գյուղը, նրանց ասել է․ «Լավ լսե՛ք։ Շատ չէ, մի քանի տարի անց դուք էլ եք այս ճանապարհով անցնելու»։
Իսկապես, մի քանի տարի անց նույն բանը նրանց հետ է պատահել։ Նրանց աղջիկներին էլ են փորձել առևանգել։ Բոլորը կամաց-կամաց լքել են գյուղը և գաղթել Ստամբուլ։

– Դրա հետևանքով դու գյուղից եկել ես հոգեցնցում ապրած։

– Այո՛։ Տասներեք տարեկանում ինձ առևանգելու փորձը մեկ օրվա մեջ տակնուվրա արեց կյանքս։ Թփերի մեջ, ամբարներում թաքնվելով անցկացրածս տասնմեկ օրից հետո մայրիկիս, հայրիկիս, եղբայրներիս, բարեկամներիս, գյուղս, ամբողջ ապրած կյանքս թողեցի և ստիպված եղա գնալ անծանոթ մի քաղաք՝ Ստամբուլ, որտեղ խոսվող լեզուն անգամ չգիտեի։
Երբ եկա այստեղ, համոզված էի, որ չեմ կարողանալու գյուղ վերադառնալ։ Այդ թեմայով խոսել անգամ չէի ուզում։ Ամեն խոսելիս կրկին այդ պահն էի հիշում և տագնապում էի։ Սակայն Ստամբուլում գտնվող իմ բոլոր ծանոթները եղելությունից տեղյակ էին։ Երկու հոգի հանդիպում էին, իրենց արտաբերած երկրորդ բառն իմ մասին էր։
Դա էլ ինձ շատ էր տանջում։ Այդ պատճառով էլ ես այդ միջավայից հեռանում էի, գնում մեկ այլ տեղ։

– Ե՞րբ կարողացար հաղթահարել առևանգման փորձի պատճառած հոգեցնցումը։

– Շատ երկար տևեց։ Ամուսնանալուց հետո, տարիներ շարունակ մղձավանջներ էի տեսնում։ Երբ այդ մղձավանջների պատճառով վեր էի թռչում, ամուսինս ինձ հանգստացնում էր։ Դրա համար նրան շատ եմ հարգում։
Ինձ հետ տեղի ունեցածը կարողացա կիսել այն մարդու հետ, ում հետ կյանքս եմ կապել։ Սակայն այդ մասին բոլորի հետ չէի կարողանում խոսել։ Խոսելիս սրտնեղում էի։ Ամեն անգամ, երբ պատմում էի, ներսս կրկին տակնուվրա էր լինում, քանի որ վերապրում էի այդ պահերը։
(Իսկապես, երբ պատմում էր այդ դեպքի մասին, վերապրում էր ամբողջ վախը, այդ ցավալի պահերը։ Այնպես, որ ես ականատես էի, որ երբ խոսում էր առևանգման մասին, շունչը կտրվում էր, ուժերը սպառվում էին, արցունքները՝ խեղդում)։

– Մի փոքր էլ կպատմե՞ս առևանգման դեպքի պատճառով առաջացած այդ մղձավանջների մասին։

– Ամեն գիշեր երազումս նույն մարդիկ ինձ առևանգում էին, նետում օձերով ու մրջյուններով լի հորը։ Ամեն անգամ այդ մղձավանջներից վեր էի թռչում՝ արյուն-քրտինք դարձած։  Ի վերջո, ժամանակի ընթացքում սկսեցի վերահսկել երազներս։ Ամեն անգամ, երբ նրանք ինձ նետում էին հորը, ես թռչում ու կարողանում էի դուրս գալ հորից։ Երազումս փրկվում էի այդ հորից, այդ սարերով, բլուրներով թռչում էի։

Երբ հեռանում էի գյուղից, ասացի․ «Այլևս այս բլրից գյուղին չեմ նայելու», սակայն երազներումս սկսել էի ամեն անգամ այդ հորերից փրկվել, բլուրների վրայով թռչել ու հասնել գյուղ։

 Ե՞րբ ավարտվեցին այդ մղձավանջները

– Կարծես 10-15 տարի է՝ չեմ տեսնում այդ մղձավանջները։ 45 տարի է, ինչ Ստամբուլ եմ եկել։ Պատկերացնո՞ւմ ես։ Այդքան ժամանակ ամեն անգամ ես իմ երազներում տեսնում էի, որ առևանգում են ինձ, հորը գցում։ 35 տարի հետո պետք է գյուղ գնայի՝ բարեկամներիցս մեկի թաղմանը։ Նախ գնացի այն գյուղ, որտեղ հուղարկավորությունն էր, իսկ հաջորդ օրը կեսօրին՝ իմ գյուղ։

Սկզբում ի՞նչ զգացիր։

– Շոկ էր ինձ համար։ Անընդհատ լաց էի լինում։ Նույնիսկ գյուղացիները հարցրել են, թե ինչու՞ եմ այդքան լաց լինում։ Կես օր ժամանակ ունեի, սակայն ոչինչ բաց չթողեցի։ Եղբորս հեռվից տունը ցույց տվեցի և ասացի․ «Տե՛ս, մեր տունն է»։ Եղբայրս տեսանկարահանում էր մեր այցելությունը գյուղ։ Այնքան շատ լաց եղա, որ տեսախցիկը անջատեց։ Ես մեր դիմաց հայտնված բոլոր տների, աղբյուրների, ծառերի, բլուրների, լեռների մասին հատ-հատ պատմեցի նրան։ Ոչ մի բան չէի մոռացել։
Զարմիկս զարմացել էր։ «Անհավատալի է։ Եղբայրս քեզնից ավելի մեծ է։ Ստամբուլ էլ ավելի ուշ է եկել, սակայն նա ոչինչ չկարողացավ հիշել։ Դու ինչպե՞ս հիշեցիր»,- ասաց նա։ «Ես ամեն գիշեր այստեղ էի»,- պատասխանեցի ես։ Իսկապես, ես ամեն գիշեր այնտեղ էի։
Ոտքով բարձրացանք պապիկիս գերեզմանին։ Այնտեղից էլ գնացի Ձորաղբյուր։ Այցիս առաջին օրը գնացի և խմեցի այն ջրից, որից վերջին անգամ խմել էի գյուղը լքելու ժամանակ։ Մեր տունը, գերեզմանոցը, աղբյուրները, մեր դաշտերը․․․ Անդադար քայլում էի կես օրվա մեջ ամեն ինչ տեսնելու համար։ Գնացի և տեսա այն բոլոր վայրերը, որ պետք է տեսնեի։
Երեկոյան նստեցինք բակում, Ձորաղբյուրի ձայնն այնքան գեղեցիկ էր։ Երբ ասացին․ «Ուշ է արդեն, ուզում ես գնա՛, քնի՛ր», ես պատասխանեցի․ «Այստեղ միայն մեկ գիշեր ունեմ անցկացնելու։ Մեկ ուրիշը չի լինելու։ Կնստեմ և կլսեմ աղբյուրի ձայնը»։
Վերցրեցի աթոռս և նստեցի դռան առջև։ Ժամեր շարունակ լսեցի աղբյուրի ձայնը․․․ Մեկ-երկու ժամանոց քնից հետո առավոտ կանուխ բռնեցի վերադարձի ճամփան։
Մղձավանջները, որ տեսնում էի, արդեն իսկ քչացել էին, սակայն այդ այցից հետո այլևս մղձավանջ չտեսա։

– Այդ այցն ուրիշ ի՞նչ ազդեցություն ունեցավ։

– Ազդեցություն․․․ այլևս չեմ կարոտում։ Սկզբում գյուղիս վերաբերյալ ցանկացած լուր կարդալիս փակվում էի տանը և ժամերով լաց լինում, սակայն հիմա այդպես չէ։ Երբ գնացի ու տեսա այդ վիթխարի գյուղի ավերակ վիճակը, շատ ազդվեցի։ Տարիներ անց այցիս ժամանակ իսկապես գյուղիս վերջին անգամ հրաժեշտ տվեցի։ Արդեն չեմ կարոտում։
Պատմելիս այդ պահերը վերապրում եմ, այդ պատճառով էլ դժվար է ինձ համար։ Հիմա նախկինի պես չեմ։ Թե չէ անգամ հանուն Գյուլոյի չէի կարողանա խոսել այդ թեմայով։

– Այսինքն, քեզ հաջողվե՞լ է առևանգման այս պատմության մեջ քեզ համարել ոչ թե զոհ, այլ՝  նրանց ձեռքից ազատված հերոս։

– Արդեն չեմ վախենում։ Հնարավոր է ենթագիտակցաբար ինձ զոհ եմ համարում, սակայն գյուղի հայ ու արաբ հարևաններն ինձ համարեցին ոչ թե զոհ, այլ՝ հերոս։ «Կեցցե՜։ Աղջիկն ինչպե՜ս կարողացավ նրանց ձեռքից ազատվել»,- ասում էին նրանք ու հերոսացնում ինձ։ Մարդիկ կային, որ ասում էին․ «Եթե քո փոխարեն իմ աղջիկը լիներ, երևի տեղում կմահանար» ու ցանկանում էին ճակատս համբուրել։ Սակայն ես հերոս չեմ, ուղղակի բախտս բերեց։ Ի վերջո մի շարք մարդիկ կան, որոնց հետ պատահել էր նույն դեպքը, և որոնք չէին կարողացել փրկվել։

– Որպես վերջաբան՝ ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք ձեր առևանգման դեպքերը, ձեր ապրումները «սովորական» են համարում։

– Բոլորովին սովորական չէ, բոլորովին։ Ցավ է պատճառում, վիրավորում։ Ես այդ օրը դողում էի։ Ամեն անգամ, երբ հիշում եմ այդ պահերը, դեռ դողում եմ։ Ինչքան էլ ժամանակ անցնի, չի մոռացվում, «սովորական» չի դառնում։ Դա ասացի նաև այն մարդուն, որը եկել էր ինձնից օրհնություն ստանալու։

– Այդ ընտանիքի անդամներից մեկը եկե՞լ էր օրհնություն ստանալու և դուք դուռը բացե՞լ եք նրա առաջ։

– Ճիշտն ասած ես չեմ ցանկացել դուռը բացել, սակայն հայրս բացեց։ Այդ մարդն ինձ հարցրեց․ «Մի բաժակ թեյ չե՞ս հյուրասիրի»։ Թեյ պատրաստեցի, նստեցինք, խոսեցինք։  Ավելի ճիշտ կլինի ասել՝ ես խոսեցի, իմ ողջ զայրույթը, ցավը դուրս թափեցի։ Նա լռում էր։ Դրանից հետո նա մեզ ասաց, որ մեր նկատմամբ անարդար են վարվել, դրա պատճառով էլ բարկացել է իր զարմիկի, ընտանիքի մյուս անդամների վրա և ցանկանում է վերականգնել հարաբերությունները մեզ հետ։
Մի պահ ինձ ցույց տվեց իր տասնութ տարեկան աղջկա նկարը։ Աստված պահապան։ Իրոք աղջիկը շատ գեղեցիկ էր։ Երբ նրան ասացի․ «Եթե մեկը քո աղջկան բռնի, առևանգի, ի՞նչ կզգաս»։ Նա միանգամից ցնցվեց։ «Երբ քո զարմիկները դա արեցին ինձ հետ, ես տասներեք տարեկան էի»,- շարունակեցի ես։ Երբ իր աղջկան օրինակ բերեցի, նա հասկացավ, թե մենք ինչ ենք զգացել։ Հեռանալիս ասաց․ «Եթե գյուղ գալու լինեք, իմ տուն հյուր եկեք»։ Այդ խոսքն անգամ ինձ համար ցավալի էր։ Երանի այդ բոլորը տեղի ունեցած չլինեին, հայրս չփակեր իր տան դուռը։ Այդ ժամանակ ես ոչ թե հյուր կհրավիրվեի մեկ ուրիշի գյուղի տուն, այլ կգնայի իմ գյուղ, կմնայի իմ պապերի հողում գտնվող իմ հայրական տանը։

http://www.agos.com.tr/tr/yazi/24494/kabuslarim-yillar-sonra-koyume-gidince-son-buldu

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net