Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողները առաջին կուրսի առաջին կիսամյակի վարձը չեն վճարի, եթե բուհ են ընդունվել մինչև բանակ գնալը, իսկ եթե բանակից եկել են, նոր են քննություն հանձնել ու ընդունվել, անկախ նրանից՝ մարտական գործողությունների մասնակցել են, թե ոչ՝ առաջին կիսամյակի վարձը պետք է մուծեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։
Տարօրինակ այս կարգավորումը նա բացատրեց հանգամանքով, որ ՀՀ կառավարությունը պատերազմից անմիջապես հետո էր որոշում կայացրել չվերցնել մարտական գործողությունների մասնակցածների առաջին կուրսի առաջին կիսամյակի վարձավճարը, այնպես որ, դրանից հետո բուհ ընդունվածների վրա դա տարածվել չի կարող։ Ստացվում է՝ նույն մարտական գործողություններին մասնակցածները, եթե մինչև բանակ գնալն են ընդունվել՝ առաջին կիսամյակի վարձը չեն մուծի, իսկ եթե բանակից գալուց հետո՝ կմուծեն։
Սա՝ կառավարության որոշմամբ տրվող արտոնության մասին։
Բացի այս, շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, որն արտոնություններ է նախատեսում մարտական գործողություններին մասնակցած ուսանողների համար։ Այս նախագիծը առաջին կուրսի առաջին կիսամյակի համար արտոնություն չի նախատեսում, փոխարենը բոլոր կուրսերում սովորող մարտական գործողություններին մասնակցածների համար սահմանում է ուսման զեղչ, բայց ոչ թե կոնկրետ տոկոսով, այլ ըստ ուսման առաջադիմության։
Լուսինե Գրիգորյանը բացատրեց, որ օրենքի նախագծում զեղչի չափի թիվ գրված չէ, այդ թիվը սահմանելու է կառավարությունը, բայց օրինագիծը մշակելիս հաշվարկել են այնպես, որ եթե ուսանողը պայմանական 20 միավորից 10 միավոր ստանա՝ ուսման վարձը զեղչվի 50 տոկոսով, եթե ավելի բարձր միավոր ստանա՝ համապատասխանաբար 60, 70, 100 տոկոսով։
Մարտական գործողություններին մասնակցածները չմասնակցածների նկատմամբ ունենում են առավելություն այն առումով, որ չմասնակցածները մինչև բացարձակ գերազանց չսովորեն՝ անվճար հիմունքի չեն անցնի, իսկ մասնակցածները՝ ըստ առաջադիմության այդքան տոկոսով էլ զեղչ կունենան։
Այս կարգավորումն, իհարկե, հեշտ չի տրվի պատերազմին մասնակցած տղաներին, քանի որ պատերազմի սթրեսից հետո բարձր առաջադիմություն ունենալը, թերևս, դժվար կլինի։ Լուսինե Գրիգորյանը վստահեցրեց, որ քանի որ օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է, այս հանգամանքը հաշվի կառնեն և գուցե հանեն ըստ առաջադիմության ցուցանիշի զեղչելու պայմանը և զեղչեն անկախ առաջադիմությունից։
Նա նաև նշեց, որ ուսանողներն այս զեղչը ստանալու համար պետք է նախապես դիմում ներկայացնեն բուհին։ Իսկ ընդհանուր առաջադիմության ցուցանիշը հաշվարկվում է ամբողջ տարվա կտրվածքով, այնպես որ, եթե վարձավճարը զեղչվի, դա կարող է արվել միայն մեկ տարի սովորելուց հետո։
Նա խոսեց մեկ այլ կարգավորման մասին էլ․ բուհ ընդունվելիս՝ ուսանողը, անկախ նրանից պատերազմին մասնակցել է, թե ոչ, պետք է վճարի ուսման վարձի մի մասը, որպեսզի նրա հետ պայմանագիր կնքեն։ Բուհերը, սովորաբար, պահանջում են մեկ կիսամյակի վարձը, բայց ուսանողի իրավունքն է՝ պահանջել վճարել ոչ թե կիսամյակի, այլ թեկուզ մեկ ամսվա վարձը, պայմանագիրը կնքել, հետո արդեն, եթե առաջին կիսամյակը չվճարելու արտոնություն ունի, այդ գումարը կփոխանցվի նրա երկրորդ կիսամյակի ուսման համար, իսկ եթե չշարունակի ուսումը՝ կվերադարձվի ուսանողին։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․