Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ, հինգշաբթի, երբ «Անդինի» խմբագրությունում տղեքով նստած էինք, չգիտես ինչու և ինչպես, Վրեժին հիշեցի, հիշեցի, որ վաղուց խմբագրություն չի եկել, զանգահարեցի: Վրեժը ասաց, որ հիվանդ է, և ասաց ինչ հիվանդություն է: Ես հրավիրեցի խմբագրություն, ասաց՝ մի երկու օրից կգամ… Հիմա մտածում եմ՝ ինչու չպնդեցի, թե հիմա արի… Վրեժ ջան:
Հետո գնացի տուն: «Առավոտ»-ի իմ խոսքը պիտի գրեի, և խոսքս այսպես եկավ… ըստ էության, Վրեժ ջան, քեզ հետ էի խոսում, մեր հեռախոսազրույցն էի շաունակում, և համոզում էի քեզ, որ մի հանձնվիր, Աստված յոթ դուռ ունի՝ վեցը, որ փակ լինի, մեկը բաց է, մի հուսահատվիր, ախպեր ջան, և նոր պատմվածքդ պատրաստի Անդինի սեպտեմբերյան համարի համար: Ասացիր՝ կանեմ, մի երկու օրից էլ կգամ:
Բայց տարօրինակ տագնապ արթնացավ իմ մեջ ու ես «Առավոտի» իմ ծրագրած խոսքս գիշերը փոխեցի ու շարունակեցի զրուցել քեզ հետ, ինչը որ հեռախոսով կարծես թե կիսատ էր մնացել:
Հայտնի ձայնը
Օրեր են լինում, վերջերս երբեմն նաեւ` հաճախ, որ ուզում ես մի բաժակաչափ հեռանալ այս աշխարհից: Հեռանալ տիեզերական համատարած թախծից, ապրելու ցավից հեռանալ: Ուզում ես, բայց չի հաջողվում, քանի որ քո ներաշխարհը դեռեւս բաց չի թողնում քեզ եւ շարունակ հետ է կանչում: Այո, քեզ հետ է կանչում, ասում է` ո՞ւր ես գնում, չէ՞ որ դու ես տերը, դու դեռ գործ ունես: Ասում է ու քեզ բերում կանգնեցնում քո ընտանիքի եւ քո երկրի հոգսի առջեւ` ազնիվ հոգսի ու դարանակալ նենգամտության առջեւ: Եվ անմիջապես էլ բոլոր մտքերը կողքի հրելով` ականջներիդ մեջ զրնգում է Միշել Մոնթենի կռահած մահվան ազատագրող շունչը, որի դեմ Ջոնաթան Սվիֆթի անմահները բոլորից մոռացված շարքային մուրացկաններ էին:
- Ո՞ւր ես գնում,- ասում է ձայնը, քանզի ձայնն այդ մեզանից առաջ տեսնում է իշխանության մեջ իրեն անմահ համարողների մուրացող կերպը, տեսնում է իշխանամուրացողներին:
- Ո՞ւր ես փախչում,- շարունակում էր ձայնը,- ինչո՞ւ ես լքում քեզ, չէ՞ որ դու քո էությունն ես լքում: Երբ տեսնում ես, որ ասելիք չունեցողները շարունակում են անվերջ խոսել, եւ տեսնում ես նաեւ, թե ինչպես դավադիրը` մնալով ստվերում, որոգայթ է հյուսում քո, քո ընկերների եւ քո երկրի դեմ: Արթնացրու քո մեջ տերը,- շարունակում էր ձայնը,- եւ ոչ մի բաժակաչափ մի փորձիր հեռանալ այս աշխարհից, քանի որ հիշի՜ր, որ նույնիսկ սերը, սերն անգամ այլընտրանք ունի, բայց տերը այլընտրանք չունի, քանի որ երկիրը պահելու միակ ճանապարհը այլընտրանք չունենալու զոհաբերությունն է:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ